Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Մեծ Թաղեր, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Ամենափրկիչ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1846 թվականին։ Գործել է մինչև 20-րդ դարի 30-ական թվականները, այնուհետև օգտագործվել է տնտեսական նպատակներով։ 1988 թվականից բնակչության համար ծառայել է որպես սրբատեղի։ 2013 թվականին սկսվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք մնացել են անավարտ։

Սկզբնական պատկանելությունը
Մեծ Թաղեր (Թաղլար)

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի 
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, խաչքարեր, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում մաս է կազմել Վարանդայի և Դիզակի մելիքությունների), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մեծ Թաղեր։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մեծ Թաղեր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 12,5 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մեծ Թաղեր գյուղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 895 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի ավազանում՝ Իշխանագետ վտակից 1,4 կմ հյուսիս։
Նկարագրություն
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Մեծ Թաղեր գյուղի կենտրոնական մասում։ Ըստ եկեղեցու մուտքի բարավորի արձանագրության՝ այն կառուցվել է 1846 թվականին․ «Ս[ուր]բ Ամենափրկչի եկեղեցի Թ[ա]ղ|լար գեղջ կառուցեալ ի թվ[ականն] | փրկչ[ա]կ[ա]ն 1846 և Ազգային ՌՄՂԵ»։ 
Սակայն հայտնի է, որ 1841 թվականի մարտի 24-ին հոգևոր իշխանությանն ուղղված մի նամակում գյուղացիները խնդրում են թույլատրել հին եկեղեցու տեղում վերակառուցել նորը․ «Եկեղեցին Թաղլար գեղջ կարի իմն հնացեալ է և խրամատեալ հիմունք նորա յամենայն կողմանց որ և մերձ է քակտիլ ուր և մտանիլ անգամ վասն Աստվածապաշտութեան կասկածաւոր հոյժ ու թե նոքա բնակիչք յիշեալ գեղջն ցանկան վերանորոգել զայն եկեղեցի սեպհական ծախք ու աշխատանաւք իւրեանց…»1։

Հիմնովին վերակառուցված շինության պատերին ագուցվել են հին եկեղեցու նվիրատվական խաչքարերը և փորագրվել են նոր խաչաքանդակներ։ Պահպանված խաչքարերից ուշագրավ է հյուսիսային պատի աջ որմնասյան վրա թեք դիրքով ագուցված խաչքարը՝ իր արձանագրությամբ․ «Խա|չս յի|շ(ա)տ(ա)կ Նազ|արէ|թ»:

Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը նշում է, որ այստեղ է պահվել 1776 թվականին Որոտանի Լոր գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում ընդօրինակված մի ձեռագիր ավետարան․ «Եկեղեցումս կայ մի ձեռագիր աւետարան միջակ դիրքով, գրուած մագաղաթի վերայ․․․․»2։

Մեջբերվում են վերոնշյալ Ավետարանի հիշատակարանից հատվածներ։

«Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկիրս Որոտեան ի գիւղս, որ կոչի Լոր, ընդ հովանեաւ սուրբ Գէորգեայ զորավարի ի հայրապետութեան սուրբ Էջմիածնի և փոխանորդ սուրբ լուսաւորչին Հայոց տեառն Յակովբ սրբազան Կաթուղիկոսի, և մերոյ Ստաթէի սուրբ աթոռոյս Յովհաննէս քաջ րաբունապետի և Նետողաց Տաճկաց Շահ Սէլիմանի ի թուաբերութեանս Հայոց ՌՃԻԲ. ամի։ Գրեցաւ Աստուածախօս սուրբ տառս սուտանուն Արիստակէս սարկաւագի…։ Արդ ստացող սուրբ աւետարանիս… բարեմիտ քահանայն տէր Վրդանէս, որ է սա երկրէն Կաքաւաբերդու ի գեղջէն Մահրաւու…»։

«Յիշեսջիք վերստին ստացող… աւետարանս Թաղլարեցի Պաղունց Պօղոսի որդի.. պարոն Աբրահամն. տեսեալ այլազգաց ձեռն, հալալ արդեանց իւրոց ետ և էառ և ետ ի դուռն Տեղու (մեծ-գիւղ Մեծ-Սիւնիքում) սուրբ Գէորգ եկեղեցուն իւր և ծնողաց…»։ 

«Յիշատակ է զսուրբ աւետարանս և ետու սրբոյն Ամենափրկչի եկեղեցւոյն՝ ծնողացն իմոց Պօղոսին Բաղդասարեան Թաղլարեցի, և մօրն իմոյ Խաթունին, Աբրահամ Պօղոսեան»3։ 

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին միանավ թաղակապ սրահ է` արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։ Ավանդատները երկհարկ են․ վերին հարկի փոքրաչափ մուտքերը բացվում են անմիջապես խորանի երկու կողմերում՝ պատի արևմտյան ճակատին։ Փոքրաչափ մուտքերի առկայությունը վկայում է, որ դրանք նախատեսված են եղել եկեղեցական իրերը պահելու համար։ Թաղը հենված է հյուսիսային և հարավային պատերի երեքական որմնակամարների և զույգ որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա։ Նմանատիպ հուշարձաններից այն տարբերվում է իր չափերի մեծությամբ և լայն թաղածածկով։
Հյուսիսային պատին՝ ավանդատան հարևանությամբ, գտնվում է մկրտության ավազանը, որն առանձնանում է գեղարվեստական շքեղ հարդարանքով։ Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև մարմար է ավազանը՝ կերտված մեկ ամբողջական քարից։ Ավազանի ճակատային մակերեսին՝ ծաղկազարդ և խաչազարդ շրջանակի կենտրոնում, ծաղկային հորինվածքով, հավասարաթև, մեծածավալ երկու խաչապատկերներ են քանդակված։ Վերջիններս միմյանց են ձուլված բուսական զարդահյուսքով։ Նրանց վերին երկու անկյուններում հրեշտակներ են, իսկ ներքևի ձախ անկյունում՝ թռչնաքանդակ։ Շրջանակի ստորին հատվածում զարդագոտու փոխարեն փորագրված է վարպետի անունը՝ Կարապետ ուստայ Մաթ[ ե]ւ[ոս]եան։ Մկրտության մարմարե ավազանը ներառված է գեղեցիկ հարդարված ուղղանկյուն շրջանակի և կամարակապ խորշի մեջ։ Ավազանախորշում ագուցված է նվիրատվական փոքրիկ խաչքար։

Եկեղեցու մուտքը հյուսիսային կողմից է՝ տեղակայված կենտրոնից դեպի արևմուտք։ Լուսավորվում է փոքրաչափ յոթ լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են արևելյան, երեքը՝ հարավային, մեկը՝ արևմտյան ճակատներից։ Եկեղեցու մուտքից ձախ՝ հյուսիսարևելյան կողմում է գտնվում եկեղեցամերձ փոքրիկ գերեզմանատունը, որտեղ ամփոփված են գյուղի հոգևորականների և նշանավոր անձանց աճյունները։

Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ 1989 թվականին գյուղի դպրոցի ուսուցիչ Լևոն Հայրիյանի նախաձեռնությամբ տարածքն ամբողջությամբ մաքրվել է, և ապրիլի 24-ին այստեղ կատարվել է մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

2013 թվականին մասնակի վերանորոգվել է մեծթաղերցի ռուսաստանաբնակ վերականգնող ճարտարապետ Սերգեյ Շահնազարյանի կողմից։ Բարերարի նախաձեռնությամբ և քանդակագործ Կորյուն Գևորգյանի հեղինակությամբ եկեղեցու բակում՝ մուտքի հարևանությամբ, կանգնեցվել է տուֆակերտ գեղաքանդակ խաչքար։

Եկեղեցու հյուսիսարևմտյան կողմում կանգուն վիճակում պահպանվել է գյուղի հին ծխական դպրոցի շենքը։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-19-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ եկեղեցու մուտքի բարավորի շինարարական արձանագրության՝ վերակառուցվել է 1846 թվականին։

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Եկեղեցին վերակառուցվել է 1846 թվականին հին եկեղեցու տեղում։ Հին կառույցից պահպանված ճարտարապետական տարրերը, նվիրատվական խաչքարերը և զարդաքանդակները վերաբերում են 17-18-րդ դարերին։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հիմնադրվել է 17-18-րդ դարերում, ներկայիս շինությունը վերակառուցվել է 1846 թվականին, գործել մինչև 1930-ական թվականները, այնուհետև օգտագործվել է որպես պահեստ։ Մաքրվել և որպես աղոթատեղի է ծառայել 1989 թվականից։ 2013 թվականին սկսվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք մնացել են անավարտ։ 2020 թվականի հոկտեմբերին Մեծ Թաղեր գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։
Համաձայն ադրբեջանական սոցիալական հարթակներում հրապարակված լուսանկարների և տեսանյութերի՝ 2021 թվականից սկսած՝ եկեղեցին ենթարկվել է վանդալիզմի, պղծվել են ներսում առկա եկեղեցական իրերը, սրբապատկերները, ինչպես նաև տապալվել և վնասվել են հյուսիսային բակում առկա գերեզմանոցի տապանաքարերը, մահարձանները։ Փորձել են քերել նաև բարավորի շինարարական արձանագրությունը։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Պատմական համառոտ տեղեկանք
Մեծ Թաղեր գյուղի և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը՝ իր «Արցախ» աշխատության մեջ, Երվանդ Լալայանը՝ «Վարանդա» ուսումնասիրությամբ, Շահեն Մկրտչյանը՝ «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» գրքում, Թամարա Մինասյանը՝ «Արցախի գրչության կենտրոնները» ալբոմ-ուսումնասիրության մեջ, և Երվանդ Աբրահամյանը՝ «Մեծ Թաղեր» գրքում։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եկեղեցին միանավ թաղակապ սրահ է՝ արևելքից կիսաշրջանաձև խորանով և երկու ավանդատներով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կոպտատաշ և սրբատաշ կրաքար, ավազաքար, կայծքար, կրաշաղախ, սվաղ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Միակ մուտքը բացված է եկեղեցու հյուսիսային պատից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները յոթն են․ երեքը՝ արևելյան, մեկը՝ արևմտյան, երեքը՝ հարավային ճակատներին։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Եղել է կղմինդրապատ (չի պահպանվել)։

Տանիքը (նյութը, ձևը)
Եկեղեցին թաղակապ է։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է կոպտատաշ, սրբատաշ քարերով և կրաշաղախով։

Հարդարանքը
Եկեղեցու պատերը զարդարված են ավելի վաղ շրջանի խաչքարերով և նվիրատվական արձանագրությամբ փոքրիկ խաչաքանդակներով։ Գեղեցիկ են հատկապես շքամուտքը և մկրտության ավազանը։

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
17 մ
Չափերը` լայնությունը
8,72 մ
Չափերը` բարձրությունը
7,8 մ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Մեծ Թաղեր գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1Աբրահամյան Ե․, Մեծ Թաղեր, Ստեփանակերտ, 2009, էջ 37։
2Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895, էջ 86։
3Նույն տեղում, էջ 86-87։ Տե՛ս նաև՝ Մինասյան Թ․, Արցախի գրչության կենտրոնները, Երևան, 2015, էջ 50։

Չափագրություններ
Մեծ Թաղեր, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Աբրահամյան Ե․ , 2009 - Աբրահամյան Երվանդ, Մեծ Թաղեր, Ստեփանակերտ, 2009։

Գ.Բ., Ս․Դ․