Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Քարագլուխ, Սուրբ Աստվածածին եկեղեցի, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանային կոթող, երեսպատի քար

Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի։ Գյուղը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թ․ մարտի 24-ին։ Հուշարձանի ճակատագիրն այժմ անհայտ է։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 7,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիի կենտրոնական հատվածում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարագլուխ գյուղատեղիի կենտրոնական հատվածում։ Ագուցված է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի եզրամասին՝ մուտքից ձախ ընկած հատվածում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 998 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4 կմ հարավ։
Նկարագրություն
Ագուցված է Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքից ձախ՝ հարավային պատի եզրամասին: Կամարաձև խորանի ներքո քանդակված են իրար միահյուսված չորս մեծադիր խաչեր։ Խաչաքանդակները տեղադրված են երկու գոտով և իրար են կապվում թե՛ հորիզոնական, թե՛ ուղղահայաց ներքին թևերի կլոր վերջավորություններով։
Խաչքարի հորինվածքը համալրում է նաև վերին գոտու երկու խաչաքանդակների ստորին կենտրոնական հատվածում փորագրված խորաքանդակ փոքրիկ խաչը։ Ամբողջն ընդգրկված է կրկնակի եզրագծով կամարաձև խորանի մեջ, որն իր հերթին ընդգրկում է եռակամար հորինվածքով շրջանակ։ Խաչքարի ամբողջ եզրագոտով՝ բացառությամբ ստորին հատվածի, փորագրված է․ «Ես Սումպատ1 կանկ[ն]եցի զխաչս | Հա․․․ա․․․ իմ՞ եւ | կողակից իմ Հաւանայ և Հեղանո․․․»:
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 16-17-րդ դարեր։
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների և արձանագրության գրաձևի քննության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Շահեն Մկրտչյանը խաչքարը թվագրել է 13-րդ2 դարով, սակայն մեր կարծիքով այն հավանաբար կերտվել է 16-17-րդ դարերում։ Հետագայում, 19-րդ դարում այն ագուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատին՝ մուտքի ձախ կողմում։ Քարագլուխը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թվականի մարտի 24-ին։ Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Պատմական համառոտ տեղեկանք
Քարագլխի եկեղեցին հիշատակված է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ3։
Խաչքարի արձանագրությանն անդրադարձել է Սեդրակ Բարխուդարյանը «Դիվան հայ վիմագրության» 5-րդ պրակում4։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կերտված է դեղնավուն կրաքարից։
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևորվում է անվանակիր արձանագրության առկայությամբ, որը փաստագրական տեղեկություն է հաղորդում Քարագլուխ գյուղի պատմության ուսումնասիրության համար։
----------------------------
1«Դիվան հայ վիմագրության» 5-րդ պրակում անձնանունը նշված է «Սումբատ» ձևով։
2Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները,1988, էջ 166։
3Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895, էջ 165-166։
4Բարխուդարյան Ս․, Դիվան հայ վիմագրության, պրակ 5 Արցախ, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1982, էջ 141։

Լուսանկարներ