Մարտակերտ, Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Հովհաննես Կարապետ
Այլ անվանումներ
Սուրբ Կարապետ, Սուրբ Հովհաննես 

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հիմնադրվել է 1881 թվականին և գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նշանակությամբ։ Արցախյան պատերազմի ժամանակ եկեղեցին վնասվել է, ավերվել է թաղակապ ծածկը։ Անկախության շրջանում սկսվել է վերականգնման աշխատանքները։ 2007 թվականին եկեղեցուն արևմտյան կողմից կից կառուցվել է զանգակատուն-նախասրահ։ 

2023 թվականին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Մարդակերտ (Մարտակերտ)

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Իրանք (Մեծ Առանք) գավառ (հետագայում` Ներքին Խաչեն, ապա՝ Ջրաբերդի իշխանություն): 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Մարտակերտ քաղաք

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է քաղաքի հին թաղամասի կենտրոնական հատվածում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 468 մ։
Նկարագրություն
Մարտակերտ քաղաքի հին թաղամասում է գտնվում Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին։ Համաձայն խորանի ձախ պատի արևմտահայաց ճակատին փորագրված արձանագրության` կառուցվել է 1881 թվականին։ Եկեղեցու կառուցման վերաբերյալ մատենագիտական տեղեկություններ հայտնի չեն։ Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր աշխատության մեջ գրել է․ «ՄԱՐԴԱԿԵՐՏՆ, որ ունի առանձին եկեղեցի և մօտ կէս մղոն հեռի է Հոռաթաղից, հիմնուած միևնոյն Կուսապատի ձորի շարունակութեան վերայ, Ուտի առանձնակ գաւառի դաշտաբերանի մօտ, բնակիչք անջատուած Կուսապատից, հողն արքունի, բազմարդիւն, օդն և կլիման ջերմագին ամրան, ջուրն ոչ այնքան լաւ, երկար կեանք ո՛չ աւելի 70-ից. եկեղեցին Սուրբ Կարապետ, ծածքն փայտաշէն, քահանայ մի։ Երեք գիւղերումն միասին ծուխ 355, ար. 1850, իգ. 1199, քահանայ 4»1։

Եկեղեցին կառուցվել է տեղական միջին չափի քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարով են շարված արտաքին անկյունները, բացվածքների շրջանակները, որմնասյուները և նրանցից ձևավորվող կամարները։ 
Ուղղանկյուն հատակագծով, միանավ, թաղակապ սրահ է։ Թաղածածկը հենված է հյուսիսային ու հարավային պատերի զույգ որմնասյուներից բարձրացող կամարներին։ Արևելյան կողմում գտնվում է գրեթե ուղղանկյուն խորանը՝ կից երկու ավանդատներով։ Խորանի կողապատերին կան փոքրաչափ կամարակապ պատրհաններ։ Գմբեթարդը սրահից բաժանված է թաղածածկից ավելի ցածր կամարով, որը սրահը հստակ տարանջատում է խորանից։ Բարձրադիր բեմի երկու կողմերից դեպի խորան են տանում քառաստիճան սանդուղքները։ Խորանի կենտրոնում տեղադրված է քարակերտ Սուրբ Սեղանը (վեմքար)։ Բեմառէջքը կառուցված է համակ սրբատաշ կրաքարով, որի կենտրոնում ագուցված է խաչելության հարթաքանդակ։ Բեմառէջքը և աստիճանները վերնամասում եզերված են ոճավորված ելնդավոր քիվով։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ ավանդատան մուտքի մոտ գտնվող կամարակապ խորշի մեջ, մկրտության ավազանն է։

Եկեղեցին ունի երկու մուտք։ Գլխավոր մուտքը բացվում է արևմտյան ճակատի կենտրոնական հատվածից, երկրորդը տեղակայված է հարավային կողմում՝ երկու լուսամուտների միջակայքում։ Կառույցը լուսավորվում է յոթ լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են արևելյան կողմից, երկուսը՝ հարավային, մեկական՝ հյուսիսային և արևմտյան կողմերից։ Ի տարբերություն արևմտյան և արևելյան փոքրաչափ լուսամուտների՝ հյուսիսային և հարավային լուսամուտներն ունեն համեմատաբար մեծ չափեր։ Վերջիններս պսակված են կամարակապ շրջանակներով և բարավորներով՝ կրկնելով մուտքերի ճարտարապետական ձևերը։ Եկեղեցու երկթեք տանիքը ծածկված է մետաղյա թիթեղով։ 

Եկեղեցին մեծապես վնասվել է Արցախյան ազատամարտի տարիներին։ Ծածկը քանդվել է։ Վերականգնման աշխատանքներն սկսվել են անկախության տարիներին։ 2007 թվականին ճարտարապետ Արտակ Կնյազյանի նախագծով եկեղեցու արևմտյան պատին կից կառուցվել է քարաշեն եռահարկ զանգակատուն, որը զարդարված է վեց հրեշտակապետերի գեղեցիկ բարձրաքանդակներով։ Զանգակատան արևմտյան ճակատին՝ առաջին հարկի կամարից վեր գտնվող Ռափայել և Բարաքիել հրեշտակապետերի բարձրաքանդակների միջև փորագրված է․ «Ի հայրապետութեան Գարեգնի Բ Կաթողիկոսի, առաջնորդու|թեան Պարգեւի Արքեպիսկոպոսի, կառուցաւ զանգագատունս | ծախսիւք Տեառ Վարդան Օհանջանեանի։ Յամի Տեառն ՍԷ (2007 թ․)»։
Այն չորս քառանկյուն մույթերից բարձրացող կամարակապ, եռահարկ շինություն է, որն ավարտվում է բրգաձև տանիքով քառասյուն ռոտոնդայով։ Վերջինիս բոլոր ճակատները զարդարված են զույգ սերովբեների պատկերաքանդակներով։

2007 թվականի վերանորոգման ժամանակ զանգակատան նմանությամբ, սակայն մասամբ քարաշեն և մասամբ մետաղական ռոտոնդա է տեղադրվել նաև եկեղեցու տանիքի արևմտյան կողմում։

Եկեղեցու հարավային բակում՝ մուտքի աջ կողմում, կանգնեցվել է գեղաքանդակ մի խաչքար՝ ի հիշատակ Արցախյան գոյապայքարում ընկած նահատակների։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Եկեղեցին կառուցվել է 1881 թվականին։ 2007 թվականին արևմյան կողմից կից կառուցվել է զանգակատունը։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, միանավ, թաղակապ սրահ է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Դեղնասպիտակավուն կրաքար, ավազաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի երկու մուտք արևմտյան և հարավային կողմերում։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի յոթ լուսամուտ, որոնցից երեքը բացվում են արևելյան ճակատից, երկուսը՝ հարավային, մեկը՝ հյուսիսային, մեկը՝ արևմտյան։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, թիթեղածածկ 

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է միջին չափի կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարով են շարված պատերի անկյունները, որմնասյուները, կամարները, ինչպես նաև բացվածքների շրջանակները։

Հարդարանքը
Եկեղեցու հարդարանքը զուսպ է։ Պատկերաքանդակներով և գեղեցիկ ոճավորմամբ առանձնանում է զանգակատուն-նախասրահը։

Տիպը
Եկեղեցի
Չափերը` երկարությունը
18 մ
Չափերը` լայնությունը
9,5 մ
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Մարտակերտ քաղաքի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։



----------------------------
1 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 216։ 
2 Մակար Բարխուդարյանցը եկեղեցին նկարագրել է փայտաշեն ծածկով, սակայն հուշարձանի արխիվային լուսանկարները, ինչպես նաև հետագա վերականգնողական աշխատանքները վկայում են, որ կառույցն ի սկզբանե եղել է թաղակապ։

Լուսանկարներ