Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի (2022 թ․)
Հիլիս, Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Հովհաննես
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Եկեղեցին կառուցվել է 1841 թվականին, սակայն հուշարձանի տարածքում առկա ավելի հին կոթողները, հատկապես եկեղեցու արևմտյան ճակատին ագուցված խաչքարը, վկայում են տեղում եղած ավելի հին սրբավայրի գոյության մասին։ Խորհրդային տարիներին վերածվել է ակումբի (մշակույթի տուն)։ Անկախության տարիներին եկեղեցին չի վերանորոգվել, սակայն ծառայել է որպես սրբատեղի մինչև 2023 թվականի սեպտեմբերը։ 
Սկզբնական պատկանելությունը
Հիլիս գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքար, գերեզմանոց, տապանաքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչենի իշխանություն), մինչև 2023թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Հիլիս։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Հիլիս։

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք՝ Հիլիս գյուղում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հիլիս գյուղի արևելյան հատվածում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 887 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի Հիլիս վտակից մոտ 160 մ հյուսիս։
Նկարագրություն
Եկեղեցին գտնվում է Հիլիս գյուղի մեջ: Ըստ բանահավաք, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի՝ կոչվել է Սուրբ Հովհաննես1 և ունեցել է երկու քահանա։ Բարավորի արձանագրության համաձայն՝ կառուցվել է 1841 թվականին Յոհան Փարամազեանի2 կողմից․ «Յիշատակ է եկ|եղեցիս Յոհա|նին որ է որդի Փարամա|զին, թ(վ)ին ՌՄՂ»:
Վերջինս՝ որպես եկեղեցի կառուցող, հիշատակվում է նաև իր կնոջ՝ Մարիամի գեղազարդ տապանագրում:

Եկեղեցին միանավ թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով։ Խորանն ունի բարձր բեմ և բեմառէջքի՝ երկու կողմերից դեպի բեմ բարձրացող չորս աստիճան։ Խորանի հյուսիսային և հարավային կողապատերին կան երկու փոքրիկ ուղղանկյուն որմնախորշեր։ Եկեղեցու արևելյան կողմում՝ խորանից աջ և ձախ, կան երկու ավանդատներ։ Ձախ կողմի ավանդատան մոտ՝ եկեղեցու հյուսիսային պատի մեջ, կամարաձև վերնամասով, գեղազարդ շրջանակով մկրտության ավազանախորշն է, որի վերնամասի կիսաշրջանաձև հատվածը զարդարված է խաչաքանդակներով։ Հարավային և հյուսիսային պատերի զույգ որմնասյուներից հիմք են առնում պատերի որմնակամարները և դեպի վեր սլացող սլաքաձև կամարները, որոնք իրենց վրա են կրում թաղածածկը։ Սլաքաձև կամարով է պսակված նաև խորանի գմբեթարդը։ Եկեղեցու մուտքը արևմտյան ճակատից է, որը, տեղանքի թեքությունից ելնելով, շեղված է կենտրոնից դեպի աջ։ Շքամուտքը կազմված է անկյունային երկու որմնասյան խոյակների վրա բարձրացող կամարից, որն իր մեջ է ընդգրկում շինարարական արձանագրություն պարունակող բարավորը։ Շքամուտքի բոլոր տարրերը քանդակազարդ են։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ շքամուտքի թե՛ բուսական, թե՛ երկրաչափական զարդաքանդակները կրկնում են նույն ժամանակաշրջանի տապանաքարերի հարդարանքը և ոճը։
Եկեղեցին լուսավորվել է արևելյան, արևմտյան և հարավային ճակատներից բացվող երեք փոքրիկ լուսամուտներով։ Արևելյանն ունի խաչաձև բացվածք, իսկ արևմտյան և հարավային լուսամուտները մեկ ամբողջական քարի մեջ արված երկու փոքրիկ նեղ բացվածքներ են։ Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ակումբ՝ հարմարեցվելով վերջինիս պահանջներին։ Հարավային ճակատին՝ կենտրոնից դեպի արևմուտք, արվել են գրեթե մուտքի չափերի ևս երկու մեծ բացվածքներ, որոնցից արևելյանը հետագայում պատով փակվել է։
Եկեղեցու արևմտյան արտաքին պատին՝ մուտքից աջ, ագուցված է 13-րդ դարի արձանագիր մի խաչքար։
Եկեղեցու հարավարևմտյան կողմում պահպանվել է հին գերեզմանոցը, որտեղ հիմնականում 19-20-րդ դարերի տապանաքարեր են։ Հյուսիսային կողմում տարածվում է Հիլիսի նոր գերեզմանոցը։


Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895, էջ 159։
2 Յոհան (Յովհաննես) Փարամազեանը հիշատակվում է նաև որպես Ուհան Փարամազեան և Փարա|մազի որդի Յոհան։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ մուտքի բարավորի շինարարական արձանագրության

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 1841 թվականին, խորհրդային տարիներին օգտագործվել է այլ նպատակներով։ Գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 29-ից հետո բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։ 
Պատմական համառոտ տեղեկանք
Եկեղեցու մասին հիշատակում են ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ և Վահրամ Բալայանը «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր» մենագրության մեջ3։



3 Բալայան Վ․, Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, 2020, էջ 107։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եկեղեցին պարզ թաղածածկ հորինվածք ունի։ Կառուցված է սրբատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։ Եկեղեցու բեմը բարձրադիր է, խորանը` կիսաշրջանաձև, թաղը՝ սլաքաձև։ 
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ, սվաղ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Եկեղեցին ունի արևմտակողմ մեկ մուտք։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի երեք լուսամուտ՝ արևելյան, արևմտյան ու հարավային ճակատներին։ Խորհրդային տարիներին հարավային պատի ձախ կողմից արվել են ևս երկու մեծ բացվածք։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Եկեղեցու ճարտարապետական պատասխանատու հատվածներում (անկյունաքարեր, որմնասյուներ, կամարներ և այլն) օգտագործվել է սրբատաշ կրաքար։ Մնացյալ հատվածները կառուցված են փոքրաչափ կոպտատաշ, անմշակ ավազաքարով և կրաշաղախով։ 
Հարդարանքը
Ընդհանուր առմամբ՝ եկեղեցին ունի զուսպ հարդարանք։ Գեղարվեստական մշակմամբ առանձնանում են լուսամուտները և գեղազարդ շքամուտքը։ 
Տիպը
Թաղակապ սրահ
Չափերը` երկարությունը
13,9 մ
Չափերը` լայնությունը
8 մ
Պահպանվածությունը`
Միջին

Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, ինչպես նաև Հիլիս գյուղի պատմամշակութային և հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ․, 2020 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։
Բալայան Վ․, 2020 - Բալայան Վահրամ, Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, 2020։



Ա.Հ., Ս․Դ․