Վանք, Սպիտակ խաչ վանք, որմնափակ խաչքար
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Որմնափակ խաչքար Հատուկ անունը
Սպիտակ խաչի որմնափակ խաչքար Այլ անվանումներ
Սպիտակ խաչ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հուշարձանը կառուցվել է 1346 թվականին։
2020 թվականի հոկտեմբերի 10-ին Վանք գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Որմնափակ խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․` Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վանք գյուղի հյուսիսարևելյան եզրին` Սպիտակ խաչ վանքի գերեզմանոցում՝ եկեղեցուց դեպի հարավ։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 810 մ։ Նկարագրություն
Հադրութի շրջանի Սպիտակ խաչ վանական համալիրի հուշարձանների շարքում առանձնահատուկ տեղ ունի 1346 թվականին կերտված որմնափակ խաչքարը։ Արցախի տարածքում կերտված և մեզ հայտնի ինը որմնափակ խաչքարերի մեջ այն ունի ամենաուշ թվագրությունը1։
Կառուցված է տեղական անմշակ քարերով և երեսպատված դեղնասպիտակավուն կրաքարով։ Խաչքարն ընդգրկող կառույցի ծածկը երկթեք է և քարաշեն։ Արևելյան, հարավային և հյուսիսային ճակատների սրբատաշ քարերը, ինչպես նաև տանիքի ծածկասալերը չեն պահպանվել։ Մեծադիր գեղաքանդակ խաչքարը տեղադրված է ոչ բարձր պատվանդանի վրա և ագուցված հուշարձանի արևմտյան ճակատի կամարակապ խորշի մեջ։
Բուն խաչքարն առանձնանում է իր ձևերի և համաչափությունների նրբագեղությամբ, ինչպես նաև հորինվածքային առանձնահատկություններով։ Կենտրոնական ուղղանկյուն խաչախորանի ներքո քանդակված է նրբաճաշակ համաչափություններով և ամբողջությամբ հյուսվածազարդ ծաղկած խաչը՝ թևերի զույգ եռաբողբոջ վերջավորություններով։ Խաչի հիմքից սկիզբ առնելով և դեպի վեր զարգանալով՝ աջ և ձախ են տարածվում ոճավորված արմավաճյուղերը։ Հորինվածքի կարևորագույն առանձնահատկությունը ուղղահայաց խաչաթևի երկու կողմերում պատկերված և խաչը կրող զույգ հրեշտակներն են։ Վերջիններիս առկայությունը վկայում է ոչ թե խաչելության ավանդական պատկերագրության, այլ Տիրոջ հաղթական Խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի1, ինչպես նաև Գողգոթայի բարձունքին կանգնեցման ու փառաբանման մասին։ Խաչքարային այս պատկերագրությունը անմիջականորեն առնչվում է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկին՝ Խաչվերաց տոնին։ «Խաչվերաց» բառացիորեն նշանակում է խաչը վեր բարձրացնել, որը և արտացոլված է տվյալ խաչքարի հորինվածքում։
Հորիզոնական խաչաթևերից վեր՝ աջ և ձախ կողմերում, փորագրված են երկու նմանաձև պարզ խաչեր, իսկ խաչախորանի երկու անկյուններում՝ երկնակամարը խորհրդանշող, ոճավորված, հովհարաձև նախշեր։ Խաչախորանը պարփակված է նրբագեղ, զարդանախշ գոտով, որն ամբողջությամբ ընդգրկում է խաչքարի ստորին հատվածում գտնվող զարդանախշ վարդյակը։
Խաչքարից վեր գտնվող կամարի խորքում՝ սրբատաշ շարվածքի վրա, փորագրված է Աջամի որդի Իշխանի նվիրատվական արձանագրությունը․ «Ես Աջամի՝ որդի Իշխանայ, կանկ|նեցի զխաչս ի փրկութի[ւն] հոգ|ոյ որդոյ իմոյ Ասուդարայ: Որ|ք կարդէք` յիշեցէք ի սուրբ յ[ա]ղ|աւթս ձեր` աղաչեմ: Ի թվիս :ՉՂԵ: (1346)»3։ Հուշարձանի արևմտյան ճակատի ստորին հատվածում հետագայում փորագրվել են բազմաթիվ մանր խաչեր, իսկ հարավային կողին՝ նաև չորս տողանոց հիշատակագրություն․ «Ես՝ |Հա|սա|նս»4։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 14-րդ դար (1346 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Սպիտակ խաչի որմնափակ խաչքարին անդրադարձել են` Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը՝ «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» (1856), ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանց՝ «Արցախ» (1895), վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը՝ «Դիվան հայ վիմագրության» (1982), հուշարձանագետ Շահեն Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» (1985) գրքերում: Կոթողի մասին ուսումնասիրություններ են հրապարակել նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Էջմիածին» հանդեսի «Արցախի որմնափակ խաչքարերը» (1983) և պատմաբան Էմմա Աբրահամյանը «Վարձք» հանդեսի «Սպիտակ խաչ վանք» հոդվածներում (2022):
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանը չափագրվել և վավերացվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)
Չափերը` լայնությունը
290 սմ Չափերը` բարձրությունը
4 մ Չափերը` խորությունը, հաստությունը
230 սմ Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի հայկական խաչքարարվեստի, որմնափակ խաչքարերի, ինչպես նաև Սպիտակ խաչ վանքի պատմության ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
.
Ա․ Լ-Ե․, Գ․Բ․