Տող, Քթիշ բերդ
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Բերդ
Հատուկ անունը
Քթիշ բերդ
Այլ անվանումներ
Գթիշ, Գտչաբերդ, Տողաբերդ, Դողբերդ, Դողս, Կազիշ, Կբիշ

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Բերդն առաջին անգամ հիշատակվում է Թովմա Արծրունու և Անանունի «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության մեջ, ըստ որի՝ 9-րդ դարում բերդը եղել է հակաարաբական պայքարի նշանավոր կենտրոններից մեկը։ Հետագայում՝ 10-11-րդ դարերում, բերդն ամրացվել է Դիզակի Գագիկ թագավորի և նրա հաջորդների օրոք։ 17-18-րդ դարերում եղել է Դիզակի մելիքության գլխավոր ամրոցը։ Իր պաշտպանական կարևոր նշանակությունը պահպանել է ընդհուպ մինչև 19-րդ դարի սկիզբը։

2020 թվականի հոկտեմբերին Հադրութի շրջանը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Առանշահիկների թագավորություն, Դիզակի իշխանություն

Պահպանման միավորի անվանումը
Բերդ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում Դիզակի մելիքության մաս է կազմել։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տող

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 10,5 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տող գյուղից 2 կմ արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1436 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի աջ կողմում՝ Քթիշ (Տողասար) լեռան գագաթին՝ գետից 2 կմ հեռու։
Նկարագրություն
Հադրութի շրջանի Տող գյուղից մոտ 2 կմ դեպի արևմուտք՝ Իշխանագետի աջ ափին՝ Տողասարի գագաթին, տեղակայված է միջնադարյան նշանավոր Քթիշ բերդը։

Բերդի հիմնադրման մասին հստակ տեղեկություններ չեն պահպանվել։ Հիմնադրվելով Առանշահիկ իշխանների կողմից՝ այն որպես պաշտպանական հենակետ է ծառայել ամենայն հավանականությամբ Գտչավանքի հիմնադրումից հետո՝ դեռևս 6-7-րդ դարերում։ Տարբեր աղբյուրներում հիշատակվում է Գթիշ, Գտչաբերդ, Տողաբերդ, Դողբերդ, Դողս անուններով, իսկ արաբ մատենագիրներ Իբն Մասկավան՝ Կբիշ, իսկ Տաբարին Կազիշ տարբերակով է նշում1։ Բերդի մասին առաջին անգամ հիշատակվում է Թովմա Արծրունու և Անանունի «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության մեջ, ըստ որի՝ բերդը Դիզակի Եսայի Աբու Մուսե իշխանի կողմից վեր է ածվել հզոր ռազմական հենակետի և դարձել հակաարաբական դիմադրության կարևոր կենտրոններից մեկը 9-րդ դարում։ 853 թվականին Եսայի իշխանի գլխավորությամբ գավառի ողջ բնակչությունը Քթիշ բերդում մոտ մեկ տարի պաշտպանվել և դիմակայել է արաբ զորավար Բուղային2։
Հետագա դարերում ևս այն եղել է Դիզակի իշխանների կարևոր ռազմական հենակետը։ Բերդի մասին վերջին հիշատակությունը վերաբերում է 1781 թվականին, երբ Դիզակի մելիք Եսայի Ավանյան-Եգանյանը այստեղ մեծ ջարդ է տվել Իբրահիմ խանի զորքերին3։

Ներկայիս ավերակ վիճակի պատճառով հնարավոր չէ ամբողջությամբ վերականգնել ամրության ճշգրիտ հատակագիծը և ծավալատարածական լուծումները։ Կառուցված լինելով լեռնագագաթի տափարակին՝ այն աչքի է ընկնում իր բնական և արհեստական պաշտպանական համակարգերի հմուտ համադրությամբ։ Բերդակառույցը արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերից պաշտպանված է բնական անառիկ ժայռերով, իսկ արևելյան կողմից՝ խիտ անտառով։ Բնական այս պատնեշները համալրվել են տեղական կոպտատաշ քարերով կառուցված պարսպապատերով, ինչպես նաև պաշտպանական լրացուցիչ ամրություններով՝ խրամներով, որոնք բերդը դարձրել են անառիկ։ Պարսպապատից ներս կառուցվել են բնակելի և տնտեսական շինությունները․ «Գագաթի վերայ եղած է հարիւրքառասնի չափ բնակարան, որոց պատերն այժմ դեռ մնում են կիսաւեր»4։
Շրջափակման պայմաններում ինքնաբավ գոյատևելու հնարավորության և ջրամատակարարման մասին վկայում է բերդի կենտրոնական հատվածում պահպանված ջրավազաններից մեկը՝ նախատեսված անձրևաջրերի կուտակման և սառույցի պաշարների պահպանման համար։

Բերդ-ամրոցի կարևոր կառույցներից է կիսավեր վիճակում գտնվող Թեժ եկեղեցին՝ հիմնադրված Եսայի Աբու Մուսեի կողմից Բուղայի դեմ մղվող ինքնապաշտպանական թեժ մարտերի ժամանակ։

Քթիշ բերդի նշանակությունը պայմանավորված է նրա ռազմավարական դիրքով, պատմական դերակատարությամբ և տարածաշրջանային պաշտպանական համակարգում ունեցած տեղով։ Լեռնագագաթին տեղակայված լինելը նրան հնարավորություն էր տալիս վերահսկելու Իշխանագետի հովիտը և դեպի Դիզակ ձգվող հաղորդակցական ուղիները, ինչը կարևոր նշանակություն ուներ ինչպես ռազմական, այնպես էլ վարչական վերահսկողության համար։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Առանշահիկների իշխանություն, Դիզակի իշխանություն (7-18-րդ դդ․)

Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Քթիշ բերդը առաջին անգամ հիշատակում են Թովմա Արծրունին և Անանուն պատմիչը։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Քթիշ բերդի մասին մանրամասն ներկայացրել են Թովմա Արծրունի և Անանուն պատմիչը՝ «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության մեջ։
Բերդին անդրադարձել են գրող, պատմաբան Լեոն՝ «Իմ հիշատակարանը», ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը՝ «Արցախ» (1895), պատմաբան, հուշարձանագետ Շահեն Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» աշխատություններում։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Տեղական անմշակ և կոպտատաշ ավազաքար, կրաշաղախ

Տիպը
Ամրոց-ավան
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Ավերակ

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի հայոց պատմության հակաարաբական պայքարի, Արցախի միջնադարյան պատմության, ինչպես նաև հայկական ճարտարապետության, մասնավորապես բերդաշինության ուսումնասիրության համար։

----------------------------
1 Տե՛ս Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ստ., Բարսեղյան Հ., հ․ 5, 2001, էջ 367։
2 Տե՛ս Թովմա Արծրունի և Անանուն, 1978, էջ 190-199։
3 Տե՛ս Րաֆֆի, 1959, էջ 222։
4 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 84։

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

Արծրունի Թովմա և Անանուն, 1978 - Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Երևան, 1978:
Լեո, 1985 - Լեո (Առաքել Գրիգորի Բաբախանյան), երկերի ժողովածու, հատոր 8, Երևան, 1985։
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
Րաֆֆի, 1959 - Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10, Երևան, 1959։
.
Գ․Բ․