Տող, Թեժ եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Թեժ եկեղեցի
Այլ անվանումներ
Սարեն եղցի1
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հավանաբար հիմնադրվել է 9-10-րդ դարերում։ 2020 թվականի հոկտեմբերից Տող գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Առանշահիկների թագավորություն, Դիզակի իշխանություն

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակ)։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տող։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տող

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 10,5 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տող գյուղից 1,6 կմ արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1431 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի աջ կողմում՝ Տողասար (Քթիշ) լեռան բարձունքում՝ գետից 2 կմ հեռավորության վրա։
Նկարագրություն
Թեժ եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Տող և Մեծ Թաղեր գյուղերի միջև գտնվող Տողասար լեռան բարձունքում՝ ժայռածերպի հարթ տափարակին՝ Քթիշ բերդի տարածքում։ Բերդաժայռի ստորոտում է գտնվում հռչակավոր Գտիչ վանքը։
Եկեղեցու կառուցման ժամանակաշրջանը համընկնում է 9-րդ դարի այն շրջափուլին, երբ Քթիշ ամրոցը ձեռք բերեց ռազմաքաղաքական նշանակալի հենակետի դեր։ Ամրոցը Արցախի Առանշահիկների իշխանության հարավային կարևոր կենտրոններից մեկն է։ Այստեղ 853 թվականին Դիզակի իշխան Եսայի Աբու Մուսեն մոտ մեկ տարի ամրանում և դիմակայում է արաբ զորավար Բուղային։ Ըստ ավանդության՝ բերդի վրա առաջին հարձակումների ժամանակ պարտություն կրած Բուղան զայրույթից հրամայում է քանդել Գտչավանքի սրբարանները։ Ի պատասխան այդ վայրագության՝ Եսայի իշխանը իր որմնադիրներին պատվիրում է լեռան ծերպին՝ Գտչավանքի դիմաց՝ անմիջապես թշնամու հայացքի տակ, կառուցել նոր եկեղեցի։ Եվ քանի որ շինարարությունն ընթանում է ճակատամարտի թեժ պահերին, այդ պատճառով էլ եկեղեցին կոչվում է Թեժ2։
Այն միանավ շինություն է՝ կառուցված անմշակ, կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարից են եղել միայն բացվածքների արտաքին շրջանակները։ Կիսաշրջանաձև խորանով եկեղեցին ավանդատներ չունի։ Բարձրադիր բեմը այժմ քանդված է։ Հյուսիսային և հարավային պատերին, ինչպես նաև խորանի կողապատերին կան ուղղանկյուն պատրհան-խորշեր։ Հարավային և հյուսիսային պատերի վրա հենված թաղածածկը չի ունեցել հենարան կամարներ։ Թաղը պահպանվել է մինչև 1980-ականների վերջերը։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերից։
Հարավային շքամուտքը եզերող սրբատաշ քարերից միայն մեկն է պահպանվել։ 19-րդ դարավերջին այստեղ այցելած ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցը այսպես է նկարագրում հարավային մուտքը․ «Արտաքուստ հարաւային դրան արևելեան սեմի վերայ քանդակուած է Սուրբ Աստուածածնայ պատկերն, որ գրկած է մանկացեալ Յիսուս Քրիստոսը և մի աղերսարկու վեղարաւոր վարդապետի պատկերն, իսկ արևմտեան սեմի վերայ՝ երկու աղօթաւոր վարդապետի պատկերներն և մի խաչ»3։
Շինությունը լուսավորվում էր արևմտյան և արևելյան ճակատներում բացվող, դեպի ներս լայնացող մեկական լուսամուտով։ Լուսամուտներից արևելյանն ամբողջովին փլված է։ Արևմտյան լուսամուտն արտաքուստ եզերված է սրբատաշ քարե շրջանակով, որի աջ և ձախ կողմերում մեկական խաչ է քանդակված։
Եկեղեցին զուրկ է հարդարանքից, սակայն ըստ Մակար Բարխուդարյանցի՝ այստեղ եղել են հինգ նվիրատվական բնույթի խաչքարեր՝ «Խաչս Նազաղին», «Խաչս Մրհապետին», «Խաչս Շահումին», «Խաչս Ղազարայ», «Խաչս Եզուայ»4։
Վերոնշյալ նվիրատվական բնույթի խաչքարերը հավանաբար մնացել են փլուզված թաղի քարակույտերի տակ։

Եկեղեցուց արևելք տարածվում է գերեզմանոցը, որն ամբողջությամբ հողածածկ է և կլանվել է անտառի մեջ։ 
Մ․ Բարխուդարյանցը գերեզմանոցից նկարագրել է մի տապանաքար, որի «վերայ փորուած է երկգլխի, օձաձև գաւազան և մի ձեռաց թաթ․ որ բռնած է գաւազանը, և այս արձանագրութիւնն, «Թվին ՉԶ․ (1257) այս է տապան Մովսէս վարդապետին․․․․»»5։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 9-17-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Դիզակի իշխան Եսայի Աբու Մուսեի մասին առաջին անգամ հիշատակում է պատմիչ Մովսես Դասխուրանցին6։ Քթիշ բերդում Եսայի իշխանի վարած հակաարաբական պայքարի մանրամասները ներկայացրել է պատմիչ Թովմա Արծրունին7։

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական լուծումների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հավանաբար հիմնադրվել է 9-10-րդ դարերում՝ որպես Քթիշ ամրոցի եկեղեցի։ 13-րդ և 17-րդ դարերում վերանորոգվել է։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Թեժ եկեղեցու մասին մանրամասն տեղեկություններ է հաղորդում ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» (1895) աշխատության մեջ։ Եկեղեցուն անդրադարձել է պատմաբան Շահեն Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» գրքում (1985):

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով և կիսաշրջան խորանով միանավ թաղածածկ կառույց է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաքար

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի երկու մուտք արևմտյան և հարավային կողմերից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի երկու լուսամուտ արևելյան և արևմտյան կողմերում։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ (չի պահպանվել)

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են միջին չափերի անմշակ, կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Ներսից եղել է սվաղված։

Չափերը` երկարությունը
7,50 մ
Չափերը` լայնությունը
4,50 մ
Չափերը` բարձրությունը
3 մ
Պահպանվածությունը`
Ավերակ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Առանշահիկների իշխանության և Արցախի հարավային գավառների պատմության, հոգևոր կյանքի և ճարտարապետության ուսումնասիրության համար։
----------------------------
1 Սարեն եղցի, Արցախի բարբառով՝ Սարի եկեղեցի։
2 Տե՛ս Մկրտչյան Շ․, 1985, էջ 91։
3 Բարխուտարենաց Մ․, 1895, էջ 84։
4 Նույն տեղում։
5 Նույն տեղում։
6 Կաղանկատուացի Մ․, 1983, էջ 331 (Մ․ Դասխուրանցին 10-րդ դարում խմբագրել, շարունակել և հարստացրել է Մ․ Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմություն» երկը։ Կազմել է «Աղվանից աշխարհի պատմության» երրորդ գիրքը՝ ամբողջացնելով Հայոց Ուտիք և Արցախ նահանգների պատմությունը)։
7 Արծրունի Թ․, 1978, էջ 191։

Լուսանկարներ