Մեծ շեն, Սուրբ Գևորգ եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Գևորգ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 2011 թվականին։

2023 թվականի սեպտեմբերից Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Մեծ շեն գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքարեր, քանդակներ

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք գավառ (հետագայում՝ Ջրաբերդի մելիքություն)։ Մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Մեծ շեն

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 9 կմ արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մեծ շեն գյուղի հարավարևմտյան մասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 987 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Թարթառ գետի հովտում՝ գետից 4,5 կմ հարավ։
Նկարագրություն
Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղն ունեցել է երեք եկեղեցի, որոնք, սակայն, խորհրդային տարիներին ավերվել են։ Գյուղի հին, չպահպանված Սուրբ Գևորգ եկեղեցու մասին 19-րդ դարում հիշատակել է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը․ «Եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւնն 18 մետր 25 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 67 սանթիմ։ Աւազանին վերայ «Թվ․ ՌԿԹ․—Բնաս․․ յիշեցէք ՚ի Քրիստոս»»1։

Արձագանքելով համայնքի բնակիչների դիմումներին՝ 2011 թվականին նախկին ավերված Սուրբ Գևորգ եկեղեցու տեղում Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ կառուցվել է նոր եկեղեցի։ Այդ մասին է վկայում կառույցի հյուսիսային պատին փորագրված արձանագրությունը․ «Ի հայրապետության | Գարեգին Բ կաթողիկոսի | և առաջնորդությամբ | Պարգևա արքեպիսկոպոսի | Կառլեն և Սառա Եսայանների բարերարությամբ | կամովն Աստծոյ կառուցվեց | Սուրբ Գևորգ եկեղեցիս ի բարեխոսություն | Թաբաղանց Եսայանների տոհմի 2011 թ․»։ Եկեղեցու կառուցման թիվը փորագրված է նաև արևմտյան ճակատի երկթեք ծածկի վերին անկյունում․ «ՍԺԱ»։

Ծնունդով մեծշենցի Կառլեն Եսայանի ընտանիքի ջանքերով եկեղեցու շրջակայքում ձևավորված համալիրն ընդգրկում է խաչքարերի պուրակ, Արցախի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր, ինչպես նաև տարբեր մոնումենտալ քանդակներ։ Եկեղեցու հարևանությամբ կառուցվել է նաև երիցատուն։ Հարկ է նշել, որ 2004-2019 թթ․ Մեծ շեն գյուղում Եսայանների ընտանիքը իրականացրել է նաև լայնածավալ շինարարական այլ ծրագրեր, որոնք նպատակաուղղված են եղել համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ու միջավայրի բարեկարգմանը։

Եկեղեցին փոքրածավալ, ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով։ Վերջինիս հարավային և հյուսիսային կողապատերին բացված է մեկական կամարաձև խորշ-պատրհան։ Բարձրադիր բեմին տեղադրված է վեմ քարը։ Խորանի աջ կողմից դեպի բեմ է բարձրանում չորս աստիճան։ Հյուսիսային պատին կից տեղադրված է մկրտության ավազանը։ Եկեղեցու ներքին հարդարանքի մաս են կազմում քիվերի ծավալատարածական պարզ լուծումները։ Սրահը լուսավորվում է արևելյան և արևմտյան ճակատներից բացված ուղղանկյունաձև լուսամուտներով։ Ուղղանկյուն, պարանահյուս շրջանակի մեջ առնված մուտքը բացված է արևմտյան կողմից։ Երկթեք տանիքին կանգնեցված է զանգակատուն-ռոտոնդան։

Եկեղեցու արևմտյան պատին՝ արտաքուստ, փորագրված են վարպետների անունները․ «Կառ․ վարպետներ | Ժյուլ-Վեռն, Արթուր | Նարիմանյաններ»։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 21-րդ դդ․ (2011 թ․)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ եկեղեցու շինարարական արձանագրության

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ սրահ
Շինանյութը (տեսակը, գույնը)
Տուֆ, երկաթբետոն

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք արևմտյան կողմում։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի երկու լուսամուտ, որոնք բացված են արևելյան և արևմտյան ճակատներից։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, տուֆ

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է երկաթբետոնե հիմքով և երեսպատված Անիի դեղին սրբատաշ տուֆով։

Հարդարանքը
Հարդարված է խաչային հորինվածքներով և պարզ ծավալատարածական լուծումներով։

Տիպը
Միանավ, թաղակապ սրահ
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ
Արժևորումը
Կարևոր է Արցախի նորագույն շրջանի պատմության ու ճարտարապետության ուսումնասիրության համար։

----------------------------
1 Բարխուդարյանց Մ․, 1895, էջ 219:

Լուսանկարներ