Չափար, Շենատեղի եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Շենատեղի եկեղեցի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 17-րդ դարում և գործել մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակով։ Արցախի անկախության տարիներին եկեղեցին դարձել է սրբատեղի։

2023 թվականի սեպտեմբերից Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Չափար (Հին Չափար)

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, խաչքարեր, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Վաղ միջնադարում Չափարի տարածքը Մեծ Հայքի Արցախ աշխարհի Բերդաձոր և Մեծ Կուենք գավառների սահմանագծին է եղել։ Հետագայում այն մաս է կազմել Հերգ գավառի, որն իր հերթին ընդգրկվել է Ջրաբերդի մելիքության կազմում։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Չափար

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Չափար գյուղից 1 կմ հարավ-արևմուտք՝ Շենատեղ (հին Չափար) գյուղատեղիում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1192 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետից 3,2 կմ հյուսիս։
Նկարագրություն
Մարտակերտի շրջանի Չափար գյուղից 1 կմ հարավ-արևմուտք տարածվում է Շենատեղ (հին Չափար) գյուղատեղին, որի կենտրոնական հատվածում պահպանվել են կիսավեր եկեղեցին, ընդարձակ գերեզմանատունը և բազմաթիվ խաչքարեր։ Հուշարձանախմբի մասին պատմական տվյալներ չեն պահպանվել։ Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ անդրադարձել է միայն բնակավայրին և եկեղեցուն1։ Նրա վկայությամբ՝ գյուղը վերաբնակեցվել է 19-րդ դարի վերջին, իսկ եկեղեցին և մոտակա գերեզմանոցը պատկանել են նախկին բնակիչներին։

Ճարտարապետական և շինարարական առանձնահատկությունները վկայում են, որ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում ավելի վաղ սրբատեղիի տարածքում։ Եկեղեցու պատերին անկանոն ձևով ագուցված են 10-13-րդ դարերով թվագրվող տասնյակ խաչքարեր և խաչքարերի բեկորներ։ Պատերը շարված են փոքրաչափ կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ են կամարների և բացվածքների եզրաքարերը։
Կառույցն ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջան խորանին զուգահեռ զույգ ավանդատներով։ Խորանի կողապատերին առկա են փոքրիկ պատրհաններ։ Բեմը չի պահպանվել։ Կառույցը ներսից սվաղված է և սպիտակեցված կրով։ Կողային նեղ նավերի թաղերը խարսխված են հյուսիսային ու հարավային պատերի որմնամույթերից և կենտրոնական մույթերից բարձրացող կամարներին, իսկ կենտրոնական թաղածածկը՝ կենտրոնական մույթերից և խորանի երկու որմնամույթերից սկիզբ առնող կամարներին։ Հայտնի չէ եկեղեցու մուտքի և լուսամուտների իրական քանակը և տեղադրությունը։ Խորհրդային տարիներին, հարմարեցնելով գյուղատնտեսական նպատակներին, լայնացվել և ձևափոխվել են բացվածքները։ Իրենց նախնական տեսքով պահպանվել են միայն ավանդատների՝ արևելքից բացված փոքրիկ լուսամուտները։
Եկեղեցու արևմտյան ճակատը և հարավային պատը, բացառությամբ ավանդատան հատվածի, գրեթե ամբողջությամբ փլված են։ Երկթեք տանիքը մասամբ փլուզված է, չեն պահպանվել նաև ծածկասալերը։


Եկեղեցու արևմտյան և հյուսիսային կողմերում տարածվում է 19-20-րդ դարերի գերեզմանոցը, որտեղ պահպանվել են ուղղանկյունաձև տապանաքարեր։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-17-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական առանձնահատկությունների
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղակապ սրահ է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, չեչաքար, կրաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք արևմտյան կողմից (չի պահպանվել)։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Պահպանվել են արևելյան ճակատի երեք լուսամուտները։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, հողածածկ (ծածկասալերը չեն պահպանվել)

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է փոքր և միջին չափերի տեղական քարերով ու կրաշաղախով։ Պատերը շարված են հիմնականում կոպտատաշ քարերով: Սրբատաշ կրաքարից են բացվածքների շրջանակները, մույթերը և կամարները։

Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
16 մ
Չափերը` լայնությունը
10 մ
Պահպանվածությունը`
Կիսավեր
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Չափար գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

----------------------------
1 Տե՛ս Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 202-203։

Լուսանկարներ