Լուսանկարը՝ Տիգրան Խոդանյանի
Հոչանց, Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 17-րդ դարում։ Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես հացի փուռ։ 2019 թվականին եկեղեցին վերանորոգվել և օծվել է։
Սկզբնական պատկանելությունը
Հոչանց գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի 
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր, տապանաքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Աղահեճք գավառի Հոչանց բնակավայր, ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Հունչաք1։ 1992-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Հոչանց։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Հոչանց։ 
Տեղագրությունը
 Գտնվում է շրջկենտրոն Բերձորից 8 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է գյուղի կենտրոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1272 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Աղավնո գետի Հոչանց վտակից 1 կմ հարավ։
Նկարագրություն
Եկեղեցին կանգուն է, վերջին անգամ վերանորոգվել է 2019 թվականին։ Ունի պարզ թաղակապ սրահ։ Լուսավորվել է չորս ճակատներից բացված մեկական փոքրիկ լուսամուտով։ Միակ մուտքը հարավային ճակատի արևմտյան եզրից է։ Արևելյան կողմում ավագ խորանն է, իսկ հյուսիսային պատի մեջ՝ մկրտության ավազանը։ Պատերի հաստությունը 105-110 սմ է։ Արևմտյան պատին ագուցված են ավելի վաղ թվագրվող երեք գեղաքանդակ խաչքար և արձանագրություն պարունակող երեսպատի մեկ խաչազարդ քար։ Խաչքարերից երկուսը արձանագիր են, գրերը՝ միտումնավոր եղծված։ Եկեղեցու շուրջը տարածվել է փոքրիկ գերեզմանատունը, որտեղ պահպանվել են ուղղանկյունաձև տապանաքարեր և սալատապաններ։

Եկեղեցու արևմտյան պատին ագուցված խաչազարդ արձանագրությունը։ Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի։
Եկեղեցու կառուցման տարեթվի մասին հստակ տեղեկություններ չկան։ Կառույցի արևմտյան պատի վերնամասում պահպանվել է մի խաչազարդ երեսպատի քար՝ հետևյալ նվիրատվական ութատող արձանագրությամբ․ «ՅԱՆՈՒՆ ԱՅ․ ԵՍ ՀԷԿԱԶ / ՍՐԱՆՈՑԻՆ ՀԱՅՐԷՆ/ԻՔՆ ։Դ։ (4) ԲԱԺԻՆ/։Ա։ԻՄ ԷՐ․ ԵՏ/ՎԻ ՎԱԽՄ ԸՍՏ/ԵՓԱՆՈՍ․․․/․․․/․․․»։ 
 
Ըստ Սամվել Կարապետյանի՝ վիմագրում նշված «Ստեփանոսը» եկեղեցու անվանումն է2։ Երկու խաչքարերի արձանագրությունները միտումնավոր քերված են։
 
Եկեղեցու արևմտյան ճակատին ագուցված խաչքարերը։ Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի։
 
19-րդ դարի վերջերին գյուղում հաստատված քրդերը հայկական եկեղեցին օգտագործում էին որպես անասնակերի պահեստ, իսկ խորհրդային վերջին տարիներին այն ծառայում էր որպես հացի փուռ։ Եկեղեցին հարմարեցվել էր նոր գործառույթին, ձևափոխվել, ինչպես նաև կառույցին էին կցվել նոր շինություններ։ Շրջանի ազատագրումից հետո «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից վերականգնվել և 2019 թվականին վերաօծվել է Սուրբ Ստեփանոս անունով: Տարածքի մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են խորհրդային տարիներին հողով ծածկված 10-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական եկեղեցի, 17-րդ դար։
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական ոճի
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Եկեղեցին հիմնադրվել է 17-րդ դարում ավելի հին սրբավայրի տարածքում։ Գործել է մինչև 18-րդ դարի վերջերը։ Հետագայում գյուղը հայաթափվել է, իսկ եկեղեցին տեղում հաստատված քրդերի կողմից օգտագործվել տարբեր նպատակներով։ Գյուղի ազատագրումից հետո եկեղեցին վերստին վերածվել է սրբատեղիի։ 2018 թվականին վերականգնվել և օծվել է։ 2020 թ․ դեկտեմբերից բնակավայրը բռնազավթված է ադրբեջանական բանակի կողմից։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Հնագիտական մաս՝ շերտագրությունը, գտածոները
Եկեղեցու վերականգնումից առաջ տարածքը մաքրվել է, ինչի արդյունքում ի հայտ են եկել մեկ տասնյակից ավելի խաչքարեր ու գերեզմանաքարեր։
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եկեղեցին պարզ թաղածածկ հորինվածք ունի։ Կառուցված է անմշակ քարով ու կրաշաղախով։ Եկեղեցու բեմը բարձրադիր է, խորանը` կիսաշրջանաձև։ Բեմառէջքի երկու կողմից երեք աստիճան է բարձրանում դեպի բեմ։
Դեկորատիվ մոնումենտալ արվեստի մաս՝ հորինվածքը, գունային լուծումները
Եկեղեցու գեղարվեստական զուսպ հարդարանքի տարրերը արևմտյան պատին ագուցված խաչքարերն են։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Տեղական անմշակ քար, կրաշաղախ, սվաղ։
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք, որը բացվում է հարավից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի չորս լուսամուտ՝ բացված բոլոր ճակատներից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Եկեղեցին թաղակապ է։ 
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք տանիքը պատված է կղմինդրե ծածկով։
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցվել է անմշակ քարով և կրաշաղախով։ Ներսը սվաղված է։
Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Թաղակապ միանավ սրահ
Չափերը` երկարությունը
13,40 մ
Չափերը` լայնությունը
8,15 մ
Պահպանվածությունը`
 Լավ
Արժևորումը
Կարևոր է Արցախի Քաշաթաղի շրջանի, ինչպես նաև Հոչանց գյուղի պատմամշակութային և հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար։
----------------------------
1Օրբելյան Ս․, Սյունիքի պատմություն, Երևան, 1986, էջ 399։
2Կարապետյան Ս․, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999, էջ 164։
Չափագրություններ
Հոչանցի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հատակագիծը
Չափագրությունը՝ Սամվել Կարապետյանի
Լուսանկարներ