Մաղավուզ, Սուրբ Գևորգ եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Գևորգ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Եկեղեցին հիմնադրվել է 1896 թվականին։ Օծվել է 1904 թվականին և գործել մինչև 1924 թվականը։ Խորհրդային տարիներին եկեղեցու շենքը օգտագործվել է տարբեր գործառույթներով․ 1924-1934 թթ․ վերածվել է գյուղատնտեսական պահեստի, իսկ 1934-1988 թթ․՝ գյուղական մշակույթի տան (ակումբ)։ Անկախության շրջանում եկեղեցին մաքրվել և դարձել է սրբատեղի։
2023 թվականին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Մաղավուզ գյուղ Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Իրանք (Մեծ Առանք) գավառ (հետագայում Ներքին Խաչեն, ապա՝ Ջրաբերդի իշխանություն): 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 774 մ։ Նկարագրություն
Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի արևելյան կամ ներքին թաղամասում։ Եկեղեցու կառուցման վերաբերյալ մատենագիտական տեղեկություններ հայտնի չեն։ Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, անդրադառնալով Մաղավուզ գյուղին, հիշատակում է միայն փայտաշեն Սուրբ Գևորգ եկեղեցին1։ Այս տեղեկությունից կարող ենք հետևություն անել, որ ներկայիս քարաշեն եկեղեցին կառուցվել է ավելի ուշ։ Հատկանշական է, որ Մաղավուզ գյուղի բնակիչները այստեղ են տեղափոխվել հին Յերի Շեն կոչվող տարածքից՝ անբարենպաստ պայմանների պատճառով։
Նախկինում մաղավուզցիների հոգևոր կարիքներին ծառայում էր Յերի Շեն գյուղատեղիի փոքրիկ մատուռ-սրբատեղին։ Նոր եկեղեցու կառուցումը պայմանավորված էր նորաստեղծ բնակավայրի հիմնադրմամբ, ինչպես նաև բնակչության աճով։ Պատմաբան Վահրամ Բալայանը եկեղեցու շինարարությունը թվագրել է 1901 թվականով2։ Նույն թվականն է նշված նաև Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի պահպանական գոտում։
Գյուղի ավագ սերնդի ներկայացուցիչների վկայությամբ՝ եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1896 թվականին՝ մաղավուզցի բաքվաբնակ մեծահարուստ Ադամյան ընտանիքի կողմից, իսկ շինարարությունն ավարտվել է 1904 թվականին։ Նույն թվականին էլ եկեղեցին օծվել է։ Առաջին հոգևոր սպասավոր Դերունց Սարգիսն այստեղ է տեղափոխվել Թիֆլիսից։
Եկեղեցին կառուցված է տեղական միջին չափի դեղնասպիտակավուն կրաքարով և կրաշաղախով։ Պատերն արտաքուստ ամբողջությամբ և ներքուստ մասամբ շարված են սրբատաշ քարերով։ Կառույցն ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղածածկ սրահ է։ Կողային համեմատաբար նեղ նավերի թաղերը խարսխված են հյուսիսային և հարավային պատերի որմնամույթերից ու կենտրոնական չորս մույթերից բարձրացող կամարներին։ Դրանց միջև վեր է խոյանում կենտրոնական, ավելի լայն ու բարձր նավի թաղը, որը հենվում է նույն այդ մույթերից և խորանի երկու որմնամույթերից սկիզբ առնող կամարներին։
Արևելյան կողմում գտնվում է կիսաշրջանաձև խորանը՝ կից ավանդատներով։ Խորանի կողապատերին կան փոքրաչափ, կամարակապ պատրհաններ։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ ավանդատան մուտքի մոտ՝ գեղարվեստորեն մշակված կրկնակամար և խաչազարդ շրջանակի մեջ առնված խորշի մեջ, մկրտության ավազանն է։ Եկեղեցին ունի երկու մուտք։ Արևմտյան ճակատի կենտրոնական հատվածից բացվում է գլխավոր մուտքը, երկրորդը տեղակայված է հարավային կողմում՝ երկու լուսամուտների միջև։ Եկեղեցին լուսավորվում է ութ լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են արևելյան կողմից, երկուսը՝ հյուսիսային, երկուսը հարավային, մեկը՝ արևմտյան։ Ուշագրավ են լուսամուտների երկայնաձիգ և լայն կամարաձև բացվածքները, որոնք սրահում ստեղծում են լուսաշատ, տարածականորեն ազատ միջավայր։
Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ, ապա՝ ակումբ։ Գործառութային փոփոխության արդյունքում քանդվել է բեմը, ինչպես նաև լայնացվել է արևելյան ճակատի կենտրոնական՝ խորանից բացվող լուսամուտը՝ որպես հացահատիկի ամբարման մուտք։ Եկեղեցու երկթեք տանիքի ծածկը չի պահպանվել, որի պատճառով ամբողջությամբ ծածկված է բուսականությամբ։
Ուշագրավ է, որ անկախության շրջանում եկեղեցու արևմտյան բակում հավատավոր բնակիչների և ուխտավորների կողմից կանգնեցվել են մի շարք փոքրիկ խաչքարեր և այլ հուշակոթողներ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-20-րդ դարեր
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղակապ սրահ է։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Դեղնասպիտակավուն կրաքար, ավազաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի երկու մուտք արևմտյան և հարավային կողմերում։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի ութ լուսամուտ, որոնցից երեքը բացվում են արևելյան կողմից, երկուսը՝ հարավային, երկուսը ՝ հյուսիսային, մեկը՝ արևմտյան։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է միջին չափի սրբատաշ, մասամբ կոպտատաշ քարերով և կրաշաղախով։
Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
18 մ Չափերը` լայնությունը
10 մ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Մաղավուզ գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 221։
2 Բալայան Վ․ 2020, էջ 330։
Լուսանկարներ