Սարուշեն, Փիրումաշենի եկեղեցի, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Փիրումաշենի եկեղեցու մուտքի ձախ կողմում՝ շրջանակի հարավահայաց հատվածում ագուցված այս նվիրատվական խաչքարն ամենայն հավանականությամբ կերտվել է 16-17-րդ դարերում։ 2023 թվականի սեպտեմբերից Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Սկզբնական պատկանելությունը
Փիրումաշեն 
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Բնակավայրը հետագայում Վարանդայի մելիքության մաս է կազմել։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Սարուշեն

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 23 կմ հարավ-արևելք՝ Սարուշեն գյուղի վարչական տարածքում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Սարուշեն գյուղից 1,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Փիրումաշեն գյուղատեղիի տարածքում՝ ագուցված համանուն եկեղեցու պատին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1021 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ձախակողմյան՝ Ծանուն ջուր փոքրիկ վտակի ակունքամերձ հատվածում։
Նկարագրություն
Խաչքարն ագուցված է Փիրումաշենի եկեղեցու շքամուտքի շրջանակի ձախակողմյան հատվածի հարավահայաց ճակատին։ Չնայած հուշարձանը վնասված ու հողմահարված է, այսուհանդերձ տեսանելի է կոթողի ողջ պատկերագրությունը։ Խաչքարի հորինվածքի վերին մասում ծաղկած հիմնախաչն է, որի կենտրոնական հատվածը քերված և վնասված է։ Տեսանելի են խաչաթևերի զույգ եռաբողբոջ վերջավորությունները։ Հորինվածքը երիզող շրջանակի վերին երկու կողմերից ցած է իջնում խաղողի մեկական ողկույզ։ Հիմնախաչի ստորին խաչաթևի կենտրոնական հատվածից դեպի աջ և ձախ են տարածվում խաչարմատի գալարապտույտ երկու ճյուղեր, որոնցից յուրաքանչյուրն իր վրա է կրում գրեթե հավասարաթև մեկական փոքր խաչ։ Բացառությամբ ստորին ուղղահայաց խաչաթևի՝ մյուս երեք թևերի եռաբողբոջ վերջավորությունները պարփակված են պարանագոտի շրջանակով։ Խաչի ողջ մակերեսը ծածկված է եղել շեղանկյուն գծանախշով։ Վերջինիս հետքերը նշմարվում են հատկապես ուղղահայաց խաչաթևի ստորին հատվածում։ Հիմնախաչը զբաղեցնում է կոթողի ⅓ մասը, որից ցած խաչքարը լրացնում է ուշագրավ մի պատկերաքանդակ։ Վերջինիս հորինվածքը բաղկացած է հասակով մեկ կանգնած, դիմահայաց, երկարազգեստ, ոտքերի շարժումով դեպի կոթողի կենտրոնն ուղղված երկու կերպարից և նրանցից աջ քանդակված մեկ մեծ կարասից ու սկուտեղից։ Երկու կերպարներից առաջինը չափերով ավելի փոքր է։ Բացառությամբ վերջինիս ոտքերի դիրքի և հանդերձանքի երկարության՝ տեսանելի չեն քանդակային այլ մանրամասներ։ Երկրորդ կերպարը իր չափերով անհամեմատ ավելի մեծ է։ Այստեղ նույնպես քանդակային բոլոր մանրամասները եղծված են՝ բացառությամբ երկարափեշ հանդերձի գծանախշերի, գլուխը ծածկող փաթթոցի որոշ մանրամասների և ոտքերի դիրքի։ Կարասը, որը կենտրոնական կերպարի գոտկատեղից բարձր է, ամբողջությամբ ծածկված է հետևյալ արձանագրությամբ․ «Սբ․ խաչ|ս (բ)արէ|աւս |Խաչ| ․․․ կ|ին»1:
Վերևում քանդակված սկուտեղը խիստ հողմահարված է, մանրամասները տեսանելի չեն։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 16-17-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանին անդրադարձել են վերականգնող ճարտարապետ Սամվել Այվազյանը և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտաշխատող Րաֆֆի Քորթոշյանը2։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Դեղնավուն կրաքար

Տիպը
Նվիրատվական խաչքար
Պահպանվածությունը`
Միջին, հողմահարված

Արժևորումը
Խաչքարն իր զարդաքանդակներով ու պատկերաքանդակով շատ ուշագրավ է։ Այն իր առանձնահատուկ տեղն ունի Արցախի խաչքարային արվեստում, հատկապես կարևոր է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի և այլևս գոյություն չունեցող գյուղի պատմության, մշակութային ժառանգության ուսումնասիրության համար։

----------------------------
1 Արձանագրության ընթերցումը՝ Ր․ Քորթոշյանի։
2 Այվազյան Ս․, 2020, էջ 10-11։

Լուսանկարներ