Կարմիր գյուղ (Դռնավարզ), Աղին նահատակ եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Աղին նահատակ
Այլ անվանումներ
Աղեն նահատակ, Ըղեն նահատակ, Խաչին տակ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 11-12-րդ դարերում։ 17-18-րդ դարերում վերանորոգվել է։ Եկեղեցին ժամանակի ընթացքում ավերվել է, սակայն տեղացիների համար ավերված վիճակում էլ ուխտատեղի և սրբավայր է եղել ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբերը՝ Արցախի բռնազավթումը։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։ 
Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (Կարմիր գյուղ), Խաչին տակ գյուղատեղի

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 16,5 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղից 1,8 կմ հյուսիս-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1217 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 5,2 կմ հյուսիս։
Նկարագրություն
Աղին նահատակ եկեղեցին գտնվում է հին գյուղատեղիի հյուսիսային եզրին՝ բլրի վրա։ Եկեղեցու Աղին նահատակ անվան շուրջ մեզ են հասել տարբեր ավանդազրույցներ։ 


Ըստ մի վարկածի՝ Լենկ Թեմուրի դեմ պաշտպանական մարտերում շատերի հետ նահատակվել է նաև գյուղի աղան՝ տանուտերը, որի դին գյուղացիները ամփոփել են բլրակի գագաթին, կառուցել եկեղեցի նրա հիշատակին և վայրը կոչել Աղին (Աղեն) նահատակ, այսինքն՝ աղայի նահատակման վայր: 

Ըստ երկրորդ վարկածի՝ թշնամինները սպանել են մի հղի կնոջ, այդտեղից էլ տեղանքը կոչվել է հղի կնոջ նահատակման վայր, այն է՝ հղեն կամ ըղեն նահատակ: Երրորդ վարկածը փոխանցել է Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը․ «․․․․ մի նահատակի գերեզման է` անունն Աղի [նահատակ], ուր բազմաթիվ ուխտավորներ են հաճախում։ Այս նահատակի մասին ծերունիները պատմում են, թե մի տաճիկի ծառա էր, և նա [ցանկացել է ծառային] բռնությամբ մահմեդական կրոնին դարձնել։ Ծառան չի համաձայնել [և] չարաչար խոշտանգումների [ենթարկվելով] նահատակվել է այս տեղում։ Այս պատճառով էլ կոչվում է Աղի նահատակ, այսինքն` իր աղայի կողմից նահատակված»1։

Տեղացիների կողմից հետագայում տարածքին և սրբավայրին տրվել է նաև «Խաչին տակ» անվանումը:

Հուշարձանի մասին առաջին վկայությունը տալիս է բանահավաք, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը․ «Գիւղիս հիւսիսային կողմում մի բլրակի վերայ անտաշ քարով շինուած է շատ հնուց մի փոքրիկ եկեղեցի, որ կոչուում է այս (Աղին) անուամբ։ Երկարութիւն 7 մետր 94 սանթիմ, լայնութիւն 5 մետր 12 սանթիմ։ Խաչազարդ է բեմի2 ժողովրդահայեաց երեսն և հանգստարան եկեղեցուս շուրջն, ուր կայ և մի սենեակ, իսկ բլրի վարի կողմում գիւղատեղի։ Խաչարձանին վերայ, որ թեքուած է տաճարիս արևելեան կողմում․ «Ես Սահակ կանգնեցի զխաչս»։ Սենեկի վերայ․ «Ես Ադամս Աստուծով սուրբ խաչս կանգնեցի» »3։

Եկեղեցին փոքր չափերի, ուղղանկյուն հատակագծով, միանավ, թաղածածկ սրահ է (չափերը` 6,8x5,3x5,8 մ), կառուցված է անտաշ և կոպտատաշ քարերով: Մեծ սրբատաշ քարերով են շարված եկեղեցու կամարակապ թաղածածկը, ամբողջ երկայնքով ձգվող քիվը, ինչպես նաև բացվածքների և խորշերի շրջանակները։ Հուշարձանի թաղածածկի ճարտարապետական լուծումը, որը բնորոշ չէ ուշ շրջանի կառույցներին, թույլ է տալիս ենթադրելու, որ եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում: Դատելով եկեղեցու պատերին ագուցված 16-17-րդ դարերի տապանաքարերից՝ ակնհայտ է, որ եկեղեցին վերանորոգվել է 17-18-րդ դարերում:

Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է, որի հյուսիսային և հարավային պատերին կան կամարակապ պատրհաններ։ Խորանի գմբեթարդը և արևելյան պատը մասամբ փլուզված են։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ խորանին կից, գտնվում է մկրտարանի խորշը, որի ավազանը չի պահպանվել։ Ուղղանկյուն մի որմնախորշ էլ գտնվում է հարավային պատի մեջ։ Եկեղեցին լուսավորվել է արևելյան (չի պահպանվել) և արևմտյան ճակատներից բացվող, դեպի ներս լայնացող, նեղ լուսամուտներով։ Մուտքը արևմտյան կողմից է, որի շրջանակը և սլաքաձև բարավորը կառուցված են մոխրականաչավուն խոշոր ավազաքարերով։ Բարավորի վերին մասը գրեթե ամբողջությամբ քայքայված է, իսկ ստորին հատվածը հարդարված է խաչազարդ գոտով։ Ուշագրավ է նաև բարավորի ներքին խաչազարդ հարդարանքը։ Արևմտյան պատին՝ մուտքի աջ և ձախ կողմերում և պատի վերին հատվածում, ագուցված են ավազաքարից կերտված խաչքարեր, որոնց մեծ մասը հողմահարված է։ Առանձնակի ուշադրության է արժանի հյուսիսային պատին պահպանված անարձանագիր խաչքարը՝ իր բացառիկ պատկերաքանդակով․ «Արհեստավորը՝ ենթադրաբար հյուսնը, պատկերված է բարձին նստած, երեք քառորդ դիրքով, գլուխը դիմահայաց»:

Եկեղեցու ներսում, ինչպես նաև փլատակների տակ գտնվում են գեղաքանդակ և պատկերազարդ խաչքարերի, տապանաքարերի բազմաթիվ բեկորներ։ Դրանց թվում առանձնանում են խորանի աջակողմյան պատրհանի և սրահի հարավային պատի խորշի մեջ դրված 17-րդ դարի գեղաքանդակ և պատկերազարդ խաչքարերի, պատկերաքանդակ և խաչազարդ օրինակները։ Ամենայն հավանականությամբ երկուսն էլ գերեզմանակոթողների բեկորներ են։ Հատկանշական է նաև եկեղեցու հարավարևելյան պատի անկյունային հատվածում ագուցված պատկերազարդ տապանաքարը։ 2022 թվականին եկեղեցու հարավային պատի տակ՝ փլատակների մեջ, հայտնաբերվել է ևս մեկ միջնադարյան խաչքար՝ ոչ մեծ չափերի, ուղղանկյունաձև։

Եկեղեցու մուտքի դիմաց 1854 թվականին ուխտավորների համար կառուցվել է հյուրատուն։ Եկեղեցու և հյուրատան միջանկյալ հատվածում ձևավորվել է նեղ նախասրահ։ Համալիրի հարավային և արևմտյան կողմերում տարածվում է ընդարձակ գերեզմանոցը, որտեղ պահպանվել են բազմաթիվ գեղաքանդակ խաչքարեր և պատկերազարդ տապանաքարեր։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 11-19-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական ոճի և առկա խաչքարերի պատկերագրական քննության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 12-13-րդ դարերում, 15-16-րդ դարերում ավերվել է ասպատակիչների կողմից, որից հետո եկեղեցուն հարող բնակավայրը տեղափոխվել է Կարմիր գյուղի տարածք։ 17-18-րդ դարերում եկեղեցին վերանորոգվել է և վերածվել կարևոր ուխտավայրի։ 19-րդ դարում եկեղեցու հարևանությամբ կառուցվել է ուխտավորների սենյակ։ 20-րդ դարում եկեղեցին կրկին ավերվել է, սակայն շարունակել է լինել տեղացիների համար կարևոր ուխտավայր։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
19-րդ դարում հնավայր այցելած ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը փաստագրել է հուշարձանը և այդ մասին հրատարակել իր «Արցախ» գրքում (1895)։


Պատմական համառոտ տեղեկանք

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եկեղեցին կիսաշրջանաձև խորանով, ուղղանկյուն, թաղակապ սրահ է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, թերթաքար, ավազաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Եկեղեցու մուտքն արևմտյան կողմից է։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Եկեղեցու երկու լուսամուտները բացված են արևելյան (չի պահպանվել) և արևմտյան ճակատներից։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (չի պահպանվել)
Հարդարանքը
Եկեղեցու, ինչպես նաև կացարանի պատերին ագուցված են 12-17-րդ դարերին բնորոշ խաչքարեր և տապանաքարեր։

Տիպը
Եկեղեցի
Չափերը` երկարությունը
6,8 մ
Չափերը` լայնությունը
5,3 մ
Չափերը` բարձրությունը
5,8 մ
Պահպանվածությունը`
Վթարային
Արժևորումը
Կարևոր է Ասկերանի շրջանի, մասնավորապես՝ Կարմիր գյուղի (Դռնավարզ) և Աղին նահատակ բնակատեղիի միջնադարյան պատմության ուսումնասիրության համար։ Այստեղ պահպանված խաչքարերը և տապանաքարերը Արցախի միջնադարյան արվեստի և պատկերագրության կարևոր նմուշներից են։

----------------------------
1 Ջալալյանց Ս․, 2016, էջ 522։
2 Ամենայն հավանականությամբ Մակար Բարխուդարյանցը նկատի է ունեցել եկեղեցու արևմտյան ճակատը։ Եկեղեցու բեմը չի պահպանվել։
3 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 131։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․, Ս․Դ․