Կարմիր գյուղ (Դռնավարզ), Աղին նահատակ վանք, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 12-13-րդ դարերում, ավելի ուշ՝ Աղին նահատակ եկեղեցու վերանորոգման ժամանակ (17-18-րդ դդ․) ագուցվել է եկեղեցու հյուսիսային պատին։ Կարմիր գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Սկզբնական պատկանելությունը
Աղին նահատակ վանք, Դռնավարզ (հետագայում` Կարմիր գյուղ)

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 16,5 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղից 1,8 կմ հյուսիս-արևմուտք՝ Աղին նահատակ վանքում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1217 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 5,2 կմ հյուսիս՝ Բովուրխան լեռան արևմտյան լեռնաճյուղի ժայռապարի ներքո։
Նկարագրություն
Խաչքարը հորիզոնական դիրքով ագուցված է Աղին նահատակ եկեղեցու հյուսիսային պատին։ Հորինվածքի կենտրոնում զույգ եռաբողբոջ վերջավորություններով ծաղկած հիմնախաչն է՝ երկու կողմից և վերևից ներփակված պարանահյուս զարդագոտի շրջանակով։ Վերջինիս վերին աջ և ձախ անկյուններից դեպի խաչի հորիզոնական թևերը կախված է խաղողի մեկական ողկույզ, իսկ ստորին հատվածում՝ կենտրոնից դեպի աջ և ձախ, բարձրանում են պարզ, վերևում դեպի ներս փաթաթվող զույգ արմավազարդերը։ Խաչաթևերին նշմարվում են փորագրված տառերի հետքեր։

Անչափ ուշագրավ է խաչից ցած՝ կենտրոնում տեղադրված տղամարդու, ամենայն հավանականությամբ, հանգուցյալի պատկերաքանդակը։ Վերջինս ձախ ձեռքով բռնած է հաստոցի վրա դրված ինչ-որ շրջանաձև իր (միգուցե տակառ կամ ակ), իսկ աջ ձեռքում հյուսնի ուրագ է, որով մշակում է այդ իրը։ Արհեստավորը՝ ենթադրաբար հյուսնը, պատկերված է բարձին նստած, երեք քառորդ դիրքով, գլուխը դիմահայաց1։ 

Խաչքարն ի սկզբանե կանգնեցված է եղել պատվանդանին, որի համար նախատեսված ելուստը պահպանվել է։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ խաչքարի պատկերագրական քննության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կերտվել է 12-13-րդ դարերում՝ որպես գերեզմանային կոթող։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար
Տիպը
Խաչքար-հուշակոթող
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր է Ասկերանի շրջանի, մասնավորապես՝ Կարմիր գյուղի (Դռնավարզ) միջնադարյան պատմության, խաչքարարվեստի և պատկերագրության ուսումնասիրության համար։ Խաչքարը բացառիկ է իր պատկերագրությամբ, ինչպես Աղին նահատակի տարածքում պահպանված գրեթե բոլոր խաչքարերը և տապանաքարերը։
----------------------------
1Պատկերագրական քննությունը՝ Աննա Լեյլոյան-Եկմալյանի։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․