Խնձրիստան, Ջուխտակ եղցի, միջնադարյան խաչքար
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Փոքր նան
Այլ անվանումներ

Սկզբնական պատկանելությունը
Խնձրիստան գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչենի իշխանություն), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնձրիստան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնձրիստան

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խնձրիստան գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք՝ անտառապատ բլրի գագաթին՝ Ջուխտակ եղցի մատուռի մոտ։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1184 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչեն գետից 4,5 կմ հարավ։
Նկարագրություն
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի մերձակայքում է գտնվում Ջուխտակ եղցի (հայտնի է եղել նաև «Մեծ նան»1 ժողովրդական անվանմամբ) մատուռը, որը նվիրական ուխտավայր է եղել և համարվել է տեղի բնակչության կարևորագույն սրբատեղիներից մեկը։ Մատուռից մոտ 300 մ հյուսիս-արևելք գտնվող միջնադարյան գերեզմանատան բազմաթիվ խաչքարերից մեկը ժամանակի ընթացքում սրբացվել է՝ ժողովրդական հավատալիքների հետևանքով։

Կոթողը և սրբավայրը տեղացիների կողմից անվանվել է Փոքր նան։ Խաչքարի կեսից ավելին խրված է հողի մեջ։ Տեսանելի է միայն կոթողի վերին հատվածը՝ կիսաշրջանաձև վերնամասով և ուղղանկյունաձև խաչախորանով, որը հատուկ է 12-13-րդ դարերին։ Խորանի ներքո երևում են զույգ բողբոջաձև խաչաթևերով հիմնախաչի վերին ուղղահայաց և հորիզոնական թևերը։ Հորիզոնական աջ թևի վերևում դեռևս նշմարվում է թևերին զույգ կլոր ելուստներով փոքր խաչաքանդակ, որի ստորին հատվածը ջարդված է։ Հանդիպակաց կողմում խաչքարը վնասված է և սևացած։ Խաչախորանը ներփակված է լայն հյուսկեն զարդագոտով։ Կոթողի կենտրոնական հատվածն ամբողջությամբ մրոտվել է հավատացյալների վառած մոմերից։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Խաչքարը կերտվել է միջնադարում՝ որպես գերեզմանային կոթող։ Հետագայում վերածվել է սրբատեղիի։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ 2012 թվականին հուշարձանի տարածքում իրականացվել են հնագիտական ուսումնասիրություններ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար

Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, ինչպես նաև Խնձրիստան, Խաչեն գյուղերի պատմամշակութային միջավայրի ուսումնասիրության համար։

----------------------------
1 Նան, մայր բառի ժողովրդական տարբերակը։

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Ա․Հ․, Ա․Լ-Ե․