Առաքել, Գյուղի վերածննդի խաչքար
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Առաքել գյուղի վերածննդի խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կերտվել է 1997 թվականին` որպես խաչքարային հուշարձան-կոթող։ Պահպանել է իր նշանակությունը մինչև 2020 թվականի հոկտեմբերը։ Այնուհետև գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Գյուղի բռնազավթումից հետո խաչքարն ավերվել և հիմնատակ ոչնչացվել է ադրբեջանցի զինվորների կողմից։
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Առաքել։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Առաքել գյուղի կենտրոնում՝ Մեծ ջուր աղբյուրի հարևանությամբ։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 830 մ։ Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Հադրութի շրջանի Առաքել գյուղի կենտրոնում՝ Մեծ ճյուր1 կոչվող աղբյուրի հարևանությամբ։ Նվիրվել է գյուղի վերածննդին և Արցախյան առաջին պատերազմում նահատակված առաքելցի Սլավիկ Սեյրանյանի հիշատակին։ 1991 թվականի մայիսի 13-ին խորհրդային զորքերի և ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների կողմից իրագործված «Օղակ» գործողության հետևանքով գյուղն ամբողջությամբ հայաթափվել է և հրկիզվել։ Հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից ազատագրվել է 1993 թվականի օգոստոսի 23-ին։ Այդ մասին է վկայում խաչքարի հարավային կողմում արված արձանագրությունը։
Կոթողի հեղինակն առաքելցի անվանի մանկավարժ, ինքնուս քանդակագործ Երվանդ Ղահրամանյանն է, որն այս կոթողի միջոցով արտահայտել է իր նվիրվածությունը հայրենի գյուղին և երախտագիտությունը զոհված համագյուղացի ազատամարտիկին։
Կոթողը բաղկացած է մոխրագույն բազալտից կերտված քառանիստ աղբյուր-պատվանդանից, որի դիմահայաց ճակատը հարդարված է քառակուսու մեջ ներգծված զարդանախշ վարդյակով, վերջինիս կենտրոնում տեղադրված է ջրի մետաղյա ծորակը։
Պատվանդանից վեր է խոյանում մեծածավալ, ավելի քան երկու մետր բարձրության, կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձանը։
Խաչքարի հորինվածքը պարփակված է նախշազարդ շրջանակ-գոտով, որի մեջ իր չափերով գերիշխում է լուսարձակող խաչը, իսկ կենտրոնում պատկերված է խաչին գամված Քրիստոսը։ Նրա գլխավերևում քանդակված է Առաքել գյուղի Սուրբ Աստվածածին նահատակ եկեղեցին՝ լուսապսակի մեջ առնված՝ ի նշան ադրբեջանցիների կողմից 1991 թվականին եկեղեցու հրկիզման։ Խաչի ուղղահայաց խաչաթևի ստորին կենտրոնական հատվածից աջ ու ձախ են տարածվում և ձգվում դեպի վեր ավանդական արմավաճյուղերը, որոնք իրենց վրա են կրում կենաց ծառի խորհրդանիշ խաղողի և նռան պտուղները՝ քանդակված խաղողի վազի գալարապտույտ շրջանակներում։ Ուղղահայաց խաչաթևի վերևից ևս, աջ ու ձախ տարածվելով, դեպի կենտրոն է իջնում մեկական ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը ավարտվում է եռամաս, նախշաձև տերևով։ Ուշագրավ է, որ յուրաքանչյուր տերևի մեջ հեղինակը ընդգրկել է մեկական փոքրիկ խաչ։ Խաչախորանից վեր գրված է «ԱՌԱՔՅՈՒԼ», որը գյուղի խորհրդային շրջանի անվանումն է։ Փոքր-ինչ ցած՝ խաչախորանի երկու կողմերում, գրված է․ «Թվ (ին) ՂԳ»։
Խաչքարի ստորին կենտրոնական հատվածում՝ խաչից անմիջապես ներքև գտնվող կիսակլոր շրջանակի մեջ, քանդակված է իր իսկ մոխրից վերածնվող առասպելական փյունիկ թռչունը՝ հավերժության նշանը թևին, իսկ շրջանակի վրա արձանագրված է․ «Վերածնվեցի հավերժ ապրելու համար»։
Գյուղի ազատագրման տարեթվի չորս նիշերը՝ 1993, քանդակված են խաչի և թռչնակիր շրջանակի միջև՝ ձախից՝ 19, աջից՝ 93։ Կոթողի ամենաստորին հատվածում փորագրված է․ «Նվիրվում է նահատակված ազատամարտիկ Սլավիկ Կիմի Սեյրանյանի և գյուղի վերածննդի հիշատակին»։
2020 թվականի հոկտեմբերին Առաքել գյուղը երկրորդ անգամ բռնազավթվեց Ադրբեջանի կողմից։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 1997 թվական
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ խաչքարի արձանագրության
Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Քանդակագործ՝ Երվանդ Ղահրամանյան Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կարմիր տուֆ, բազալտ
Տիպը
Խաչքար, հուշարձան-կոթող Պահպանվածությունը`
2020 թվականի հոկտեմբերին Առաքել գյուղը երկրորդ անգամ բռնազավթվեց Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանցիների կողմից համացանցում տեղադրված տեսանյութերից մեկում ցուցադրված է, թե ինչպես են ադրբեջանական զինվորները տապալում և ոչնչացնում խաչքարը։
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի անկախության շրջանի Առաքել գյուղի պատմության, ինչպես նաև ժամանակակից խաչքարարվեստի և մոնումենտալ արձանագործության ուսումնասիրության համար։ Հատկանշական էր նաև հուշարձանի դերը գյուղի հասարակական կյանքում։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․, Ա․ Լ-Ե․