Կարկաժան, Կարմիր քերծ բնակատեղի, Կարմիր Ավետարան եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Կարմիր Ավետարան
Այլ անվանումներ
Խաչ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Եկեղեցին հիմնվել է առնվազն 12-րդ դարում և իր նշանակությունը պահպանել ընդհուպ մինչև 14-րդ դարը։ Բնակատեղին հավանաբար լքվել է 14-րդ դարում, և եկեղեցին դադարել է գործել։ Մոտակա գյուղերի բնակչության կողմից ուշ միջնադարում վերածվել է սրբատեղիի և մինչև 20-րդ դարի սկիզբը հայտնի է եղել այդ նշանակությամբ։ Տարածքը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Սկզբնական պատկանելությունը
Խաչենի իշխանություն

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
 Եկեղեցի, գերեզմանոց, խաչքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհի Հարճլանք (հետագայում՝ Վարանդա) գավառ, Կարկաժան (Կրկժան գյուղի տարածք, որը ազատագրումից հետո միավորվել է Ստեփանակերտ քաղաքին)։

Հասցե
Ստեփանակերտ, Կարկաժան, Կարմիր քերծ տեղամաս

Տեղագրությունը
Գտնվում է Ստեփանակերտից հարավ-արևմուտք՝ Կարմիր Քերծ կոչվող բարձր ժայռազանգվածի տակ գտնվող սարահարթին։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր քերծ1 բնակատեղիի վերնամասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1130 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարարակն գետից 1,8 կմ արևելք։
Նկարագրություն
Կարմիր Ավետարան եկեղեցին գտնվում է Կարմիր քերծ (Խաչ) բնակատեղիի վերին հատվածում։ Եկեղեցու մասին տեղեկություններ գրեթե չկան։ Հպանցիկ անդրադարձ կա Նոր դար պարբերականի թղթակցությունների բաժնում․ «Վարարակն գիւղից մի վերստաչափ հեռաւորութեամբ, արևմտեան կողմում, մի անդնդախոր ձորի մէջ գտնվում է Ֆահլուլ2 կոչուած գիւղը, որը ունի մօտ 15 տուն բնակիչ։ Ֆահլուլի մէջն է Աւետարան կոչուած ուխտատեղին, որին շրջակայ գիւղերից և նոյն իսկ Շուշի քաղաքից ահագին բազմութեամբ ուխտաւորներ են ուխտ գալիս»3։
Այն թաղակապ, փոքր սրահ է։ Կառուցված է տեղական կիսամշակ և խոշոր քարերով ու կրաշաղախով։ Շինության հիմնական մասը ծածկված է իր իսկ փլատակներով։ Թաղածածկը չի պահպանվել։ Մասամբ կանգուն է արևմտյան պատը, պահպանվել է նաև նույն ճակատից բացված մուտքը։ Մուտքի երկարավուն բարավորին քանդակված են պարզ խաչապատկերներ։
Հարավային կողմում՝ եկեղեցուն կից, պահպանվել են մեկ այլ փլուզված շինության, ամենայն հավանականությամբ, գավթի հիմնապատերը։ Հետագայում եկեղեցամերձ տարածքից այստեղ են տեղափոխվել 12-14-րդ դարերի հինգ գեղաքանդակ խաչքարեր, որոնց շնորհիվ ներկայիս սրբատեղին կոչվում է Խաչ։ 
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, միջնադար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Հուշարձանի հիմնադրման վերաբերյալ ստույգ տեղեկություններ չեն պահպանվել։ Դատելով ճարտարապետական և կառուցողական առանձնահատկություններից՝ եկեղեցին վերագրվում է 12-14-րդ դարերին։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը

Հուշարձանը նշված է Սամվել Կարապետյանի «Արցախի մանրատեղանունները» գրքում4։

Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարականով՝ հուշարձանի դաշտային ուսումնասիրություններ են կատարել Գագիկ Սարգսյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը։

Պատմական համառոտ տեղեկանք
Եկեղեցու մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ հայտնի չեն։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եկեղեցին հավանաբար ունեցել է պարզ թաղածածկ հորինվածք։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Տեղական կիսամշակ քարեր, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Պահպանվել է միայն մեկ մուտք, որը բացվում է արևմուտքից։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Եկեղեցին թաղակապ սրահ է (թաղածածկը չի պահպանվել)։

Տանիքը (նյութը, ձևը)
 Չի պահպանվել

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցվել է վաղ միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ կիսամշակ քարերով և կրաշաղախով։

Հարդարանքը
Զուսպ
Չափերը` երկարությունը
9,50 մ
Չափերը` լայնությունը
5,70 մ
Պահպանվածությունը`
Ավերակ

Արժևորումը
Եկեղեցին, ինչպես նաև հուշարձանի տարածքում ընդգրկված խաչքարերը կարևոր պատմամշակութային նշանակություն ունեն շրջանի և հատկապես Ստեփանակերտի շրջակա պատմական միջավայրի ու հայկական միջնադարյան հուշարձանների ուսումնասիրության համար։

----------------------------
1 Քերծ, Արցախի բարբառով՝ ժայռ, ժայռազանգված։
2 Բնակատեղին առավել հայտնի է եղել Փահլուլ անվանմամբ։
3 Դաւթ Ս., 1890, էջ 3։
4 Կարապետյան Ս․, 2022, էջ 243։

Լուսանկարներ