Տումի, Կարմիր եղցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Կարմիր եղցի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1000 թվականին։ 19-րդ դարի վերջին արդեն կիսավեր վիճակում էր, սակայն Տումի գյուղի բնակչության համար շարունակում էր լինել կարևոր ուխտատեղի մինչ 2020 թվականը, երբ գյուղը բռնազավթվեց Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Դիզակի իշխանություն, Տումի գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, խաչքար, տապանաքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում մաս է կազմել Դիզակի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տումի։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տումի
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 12,5 կմ հյուսիս-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տումի գյուղի հարավային եզրին՝ Եղցու խութ բլրի վրա։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1081 մ։ Նկարագրություն
Կարմիր եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Տումի գյուղի հարավային մասում՝ Եղցուն խութ կոչվող տարածքում։ Ստույգ անվանումը հայտնի չէ։ Կարմիր անունը տրվել է շինարարության մեջ օգտագործված կարմիր աղյուսի պատճառով։ Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը դեռևս 19-րդ դարավերջին եկեղեցին տեսել է կիսավեր վիճակում․ «Գիւղիս հարաւային կողմում, ձորակի աջ կողմի սեռի վերայ, շինուած է հասարակ քարով: Ամբողջապէս փլած է եկեղեցուս հարաւային պատն և թաղն կամարներով միասին: Ունեցած է երկու դուռն հարաւային և արևմտեան կողմերից: Երկարութիւնն 11 մետր, լայնութիւնն 6 մետր 45 սանթիմ»1։
1960-ական թթ․ եկեղեցու փլատակների մեջ հայտնաբերվում է արևմտյան լուսամուտի պսակը, որի վրա փորագրված է շինարարական արձանագրությունը։ Համաձայն արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1000 թվականին Դիզակի իշխան Գագիկի2 քույր Սոփիի կողմից․ «Ի ՆԽԹ․ (1000) թվ(ին) Հ(այոց) եւ ի | թագաւորութեանս տ(եառ)ն Գագիկա(յ)՝ որդ(ւ)ո(յ) | Մուսէի, ես՝ Սոփի, դուստր Մուսէի, շինեցի | տուն ա(ստուծո)յ ի փրկութիւն հոգւո(յ) իմո(յ) եւ | ծնողաց իմոց»3։ Շինարարական արձանագրությամբ լուսամուտի պսակը 1965 թվականին պատմաբան Սերգեյ Ամիրջանյանի կողմից տեղափոխվել է Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարան։
Միանավ բազիլիկ, թաղակապ շինություն է՝ արևելյան կողմում կիսաշրջան խորանով։ Պատերը շարված են կոպտատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։ Թաղածածկը կերտված է կարմիր աղյուսով։ Մեզ հասած եկեղեցուց պահպանվել են միայն արևելյան հատվածը՝ խորանը, և հազիվ նշմարվող հիմնապատերի հետքերը։ Համաձայն Google Earth արբանյակային ծառայության 2025 թվականի մարտ ամսին թարմացված լուսանկարի` Կարմիր եղցու տարածքում ադրբեջանցիներն իրականացրել են «պեղումներ»։ Արդյունքում բացված եկեղեցու հիմնապատերի արբանյակային չափումները հաստատում են Մակար Բարխուդարյանցի հաղորդած տվյալները։ Խորանի հյուսիսային կողմում` պատի մեջ, պահպանվել են երկու փոքրիկ ուղղանկյուն պատրհաններ։ Եկեղեցու խորանի մեջ կանգնեցված է միջնադարյան գերեզմանոցին պատկանող գեղաքանդակ մի խաչքար, որի վրա կատարվել են մատաղի արարողություններ և մոմավառություն։ Բացի Կարմիր եղցուց՝ Եղցու խութ բլրի վրա պահպանվել է նաև մատուռի ավերակ։
Այստեղ է գտնվում միջնադարյան, ինչպես նաև ներկայիս գերեզմանոցը։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 11-րդ դար (1000 թ.)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արևմտյան լուսամուտի պսակին փորագրված շինարարական արձանագրության
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, աղյուս, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Համաձայն վկայության` եկեղեցին ունեցել է երկու մուտք արևմտյան և հարավային կողմերում։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Հավանաբար ունեցել է երկու լուսամուտ արևելյան և արևմտյան կողմերում։ Պահպանվել է միայն արևելյան լուսամուտը և արևմտյան լուսամուտի արտաքին պսակը։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Թաղակապ (պահպանվել է միայն խորանի գմբեթարդը)
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (չի պահպանվել)
Չափերը` երկարությունը
11,5 մ Չափերը` լայնությունը
6,7 մ Չափերը` բարձրությունը
Պահպանված հատվածում բարձրությունը 6 մ է։ Պահպանվածությունը`
Ավերակ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի միջնադարյան իշխանությունների, ինչպես նաև Տումի գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրման համար։
----------------------------
1 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 79։
2 Գագիկ իշխանը հիշատակված է նաև Մարտունու շրջանի Ճոխտ Պռվածառ վանքի խաչքարերից մեկի արձանագրության մեջ։
3 Աբրահամյան Է․, 2021, էջ 59։
Լուսանկարներ
Գրչանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Աբրահամյան է., 2021 - Էմմա Աբրահամյան, «Տումի գյուղի վտանգված պատմամշակութային ժառանգությունը», «Վարձք», 2021, Երևան, № 16, էջ 56-72։
Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։
Բարխուդարյան Ս., 1982 - Բարխուդարյան Սեդրակ, Դիվան հայ վիմագրության, պրակ 5․ Արցախ, Երևան, 1982։
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
.
Գ․Բ․, Ս․Դ․