Պատարա, Դարպասուտի գերեզմանոց-սրբատեղի, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը, որպես գերեզմանային կոթող, կերտվել է 11-12-րդ դարերում։ Հողի տակից հայտնաբերվել և վերստին կանգնեցվել է 2018 թվականին։ 2023 թվականի սեպտեմբերին տարածքը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Սկզբնական պատկանելությունը
Դարպաս վաճառ (Դարպասուտ) բնակատեղի
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա (Պտրեցիք)։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա (Բադարա)
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 19,2 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պատարա գյուղից մոտ 5 կմ հարավ-արևմուտք՝ ավելի ուշ առաջացած Լեսնոյ բնակավայրից 1 կմ հարավ-արևմուտք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից մոտ 1000 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Պատարա գետի ձախ կողմում։ Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Ասկերանի շրջանի Պատարա գյուղից մոտ 5 կմ հարավ-արևմուտք՝ Դարպասուտ եկեղեցուց 568 մ դեպի հյուսիս-արևելք՝ անտառապատ տարածքում։ Միջնադարյան գերեզմանոցի ամենաուշագրավ կոթողներից է այս պատկերաքանդակ խաչքարը՝ կամարաձև վերնամասով, դեպի հիմքը նեղացող կառուցվածքով։ Քարը ստորին հատվածում ճաքած է։
2018 թվականին հողաշերտի տակից այն հայտնաբերվել է, մաքրվել և կանգնեցվել։ 2019 թվականին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի կողմից խաչքարը վավերացվել և չափագրվել է։
Կամարաձև վերնամասով խաչքարը կերտված է դարչնագույն ավազաքարից։ Կենտրոնում հիմնախաչն է, որն առանձնանում է իր արտասովոր պատկերագրությամբ։ Վերջինիս ստորին ուղղահայաց և հորիզոնական թևերը ավարտվում են զույգ շրջանաձև ելուստներով, իսկ վերին ուղղահայաց թևը՝ զույգ երեքտերևուկներով։ Խաչի ողջ մակերեսը ծածկված է թեք գծանախշով։ Ուշագրավ է, որ խաչի երկու կողմերում քանդակված արմավաճյուղերը հիմք են առնում ոչ թե խաչարմատից, այլ ուղղահայաց խաչաթևի ստորին երկու շրջանաձև ելուստներից, իսկ խաչի հիմքում ավանդական վարդյակը փոխարինված է շատ փոքր, կլոր, պարուրաձև նախշով, որն իր հերթին շարունակվում է կարճ ցողունով և մեկ այլ շրջանաձև, խաչակիր նախշով։ Նմանատիպ նախշ կա նաև ուղղահայաց խաչաթևից վեր` կենտրոնում։ Սրանից դեպի աջ և ձախ են տարածվում խաղողի մեկական գալարապտույտ ոստ, որոնցից դեպի խաչի կենտրոն են իջնում մեկական մեծ ողկույզ։ Հորիզոնական խաչաթևերի զույգ շրջանաձև ելուստների միջև նույնպես մեկական գնդաձև նախշեր են տեղադրված։
Խաչքարի ստորին հատվածում՝ ցողունաձև խաչարմատից աջ և ձախ տեղադրված քանդակները առանձնահատուկ ուշադրության են արժանի։ Աջից խաչքարի կենտրոնից դեպի դուրս շարժումով պատկերված է խոշոր չափերի ձիավոր։ Ավանդության համաձայն՝ այստեղ պատկերված է հանգուցյալը, սակայն պատկերաքանդակն առանձնանում է նմանատիպ հայտնի օրինակներից։ Թեպետ բարձրաքանդակի մանրամասները բազմաթիվ չեն, այնուամենայնիվ հստակ տեսանելի են ձիու սանձը, որի կապերը հանգուցյալը բռնել է ձախ ձեռքում, իսկ աջ ձեռքով, կարծես թե, մտրակում է կենդանուն։ Հարկ է նշել, որ հանգուցյալը հեծնել է ոչ թե սովորական նժույգ, այլ սայլաձի։ Այս ենթադրությունը հիմնավորված է հետևում տեսանելի մեծ անիվով, ինչպես նաև կենդանու վզից ամբողջ մարմնի երկայնքով ձգվող կապով1։
Ձիավորի մարմինը գոտկատեղից վար պատկերված է կողային տեսանկյունից, մինչդեռ գոտուց վեր՝ մարմինն ու հատկապես գլուխը՝ դիմահայաց։ Խաչքարի ստորին հատվածում` ձախ կողմում, հորինվածքը լրացնում է սրածայր ցողունով, փոքր չափերի ևս մեկ խաչաքանդակ։ Կենտրոնական հորինվածքը երկու կողմից ներփակված է հյուսածո զարդագոտով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, 11-12-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Խաչքարերի վերաբերյալ իր ուսումնասիրություններում հուշարձանին անդրադարձ է կատարել մշակութաբան Համլետ Պետրոսյանը։
2019 թվականին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Խաչքարը չափագրվել ու հաշվառվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանային կոթող Չափերը` լայնությունը
90 սմ Չափերը` բարձրությունը
180 սմ Չափերը` խորությունը, հաստությունը
35 սմ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Խաչքարն իր զարդաքանդակներով ու պատկերաքանդակով շատ ուշագրավ է։ Այն իր առանձնահատուկ տեղն ունի Արցախի խաչքարային արվեստում, հատկապես կարևոր է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի, ինչպես նաև Պատարա գյուղի պատմության, մշակութային ժառանգության ուսումնասիրության համար։ ----------------------------
1 Պատկերագրական վերլուծությունը՝ Աննա Լեյլոյան-Եկմալյանի:
Լուսանկարներ
Հուշարձանի տվյալների թարմացում
Ֆեյսբուք սոցիալական տիրույթում, Ֆուադ Կուլիև օգտատիրոջ կողմից հրապարակված տեսանյութից տեղեկանում ենք, որ Արցախի հայաթափումից հետո Դարպասուտի գերեզմանոց-սրբատեղիի № 1 խաչքարը տապալել են, ինչի հետևանքով այն ճաքած հատվածից ջարդվել է։ ...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․