Նոր Բրաջուր, խաչքար № 3
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 11-12-րդ դարերում՝ որպես գերեզմանային կոթող։ 18-19-րդ դարերում այստեղ հաստատված խաշնարածները խորհրդային տարիներին գերեզմանոցն ավերել են։ 1993 թվականին՝ Քարվաճառի ազատագրումից հետո, Նոր Բրաջուր գյուղի բնակիչները խաչքարը հայտնաբերել են չորս այլ խաչքարերի հետ միասին և վերստին կանգնեցրել են, ինչի արդյունքում ձևավորվել է նոր սրբատեղի։ 2020 թվականին Քարվաճառի շրջանը կրկին զավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Վերին Խաչենի իշխանություն

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Վայկունիք (հետագայում՝ Վերին Խաչեն կամ Ծար) գավառ, մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան, Նոր Բրաջուր

Տեղագրությունը
Գտնվում է Քարվաճառից 8 կմ հյուսիս-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Նոր Բրաջուր գյուղում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1260 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետի հովտում՝ գետից 130 մ հեռու՝ գյուղի ձախափնյա թաղամասում։
Նկարագրություն
Նոր Բրաջուր1 գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում՝ Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջանում։ Առնվազն միջնադարից մինչև 18-րդ դարի կեսերը տարածքում գոյություն է ունեցել հայկական բնակավայր, որի հին պատմական անունը չի պահպանվել։ 17-րդ դարի կեսերից բնակավայրի հայ բնակչությունը թյուրքական ցեղերի, լեզգիների թալանչիական արշավանքների պատճառով աստիճանաբար հեռացել է իր բնօրրանից։ Հետագայում բնակավայրում հաստատված եկվոր խաշնարածները ոչնչացրել են հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ ավերելով եկեղեցին և գերեզմանոցը։ Ավերածությունները կատարվել են հատկապես խորհրդային տարիներին։

1993 թվականին Քարվաճառի շրջանի ազատագրումից հետո գյուղը վերաբնակեցվել է։ Նոր Բրաջուրի և հարակից տարածքների բնակիչները տարբեր աշխարհիկ կառույցների պատերին, ինչպես նաև հողաշինական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են խաչքարերի վերօգտագործված բեկորներ, ինչպես նաև տասնյակ խաչքարեր, որոնք վերստին կանգնեցվել են գյուղի տարբեր հատվածներում։ Դրանք հետագայում բնակչության համար դարձել են սրբատեղիներ։

Ներկայիս խաչքարը գտնվում է Նոր Բրաջուր գյուղի ճամփեզրին՝ մի քանի բեկորատված խաչքարերի կողքին հենած։ Խաշնարածների կողմից որպես շինաքար օգտագործված խաչքարի ստորին հատվածն ու եզրերը ջարդված են։ Հուշարձանը փոքր չափերի է, ունի կամարաձև վերնամաս և կերտված է մոխրագույն կրաքարից։ Հորինվածքի կենտրոնում մեծադիր ծաղկած խաչն է՝ թևերի զույգ եռաբողբոջ վերջավորություններով։ Խաչախորանի վերին աջ և ձախ կողմերից դեպի կենտրոն են իջնում մեկական խաղողի ողկույզ, իսկ ստորին հատվածից դեպի հորիզոնական խաչաթևերն են բարձրանում ավանդական, գեղեցիկ ոճավորված արմավաճյուղերը։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 11-12-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և պատկերագրական առանձնահատկությունների և համեմատական վերլուծության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)

2010 թվականին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ՝ Լեռնիկ Հովհաննիսյանն այցելել է հուշարձանի տարածք և դաշտային աշխատանքների հիման վրա կազմել հուշարձանի վկայագիր-փաստաթուղթը։

Խաչքարի մասին հիշատակել է նաև Սամվել Կարապետյանը 2019 թվականին հրատարակված «Հայաստանի պատմություն» գրքաշարի «Մռավականք» հատորում2։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն կրաքար

Տիպը
Գերեզմանային կոթող
Չափերը` լայնությունը
43 սմ
Չափերը` բարձրությունը
67 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
21 սմ
Պահպանվածությունը`
Վատ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի միջնադարյան խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Բնակավայրի պատմական անունը հայտնի չէ: Այստեղ հաստատված խաշնարածների կողմից կոչվել է Ղըլըչլը։
2 Կարապետյան Ս․, 2019, էջ 375։

Լուսանկարներ