Դաշուշեն, Աղբյուր Սուրբ Սարիբեկ
Հուշարձան
Տիպային անվանումը
Աղբյուր
Հատուկ անունը
Աղբյուր Սուրբ Սարիբեկ
Այլ անվանումներ
Սարիբեգի աղբյուր, Սրաբեկ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Աղբյուրը կառուցվել է 1861 թվականին Սուրբ Սարիբեկ սրբավայրում, որտեղից էլ ծագել է հուշարձանի անունը։ Աղբյուրը բազմիցս վերանորոգվել է և անխափան գործել։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Քարաշեն (Դաշուշեն) գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Աղբյուր, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Քարաշեն (Դաշուշեն)։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Քարաշեն

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դաշուշեն գյուղի հյուսիսարևմտյան եզրին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 891 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի հովտում՝ ափից 820 մ աջ՝ լեռնալանջին։
Նկարագրություն
Սուրբ Սարիբեկի աղբյուրը Քարաշեն (Դաշուշեն) գյուղի հինգ աղբյուրներից մեկն է և, ամենայն հավանականությամբ, առավել հայտնին։ Այն գտնվում է համանուն սրբատեղիի հարավային կողմում։ Աղբյուրը կառուցվել է տեղական կոպտատաշ և սրբատաշ կրաքարերով։ Բաղկացած է մոտ յոթ մետր երկարությամբ երկայնական ետնապատից և առջևում գտնվող մեկ քարե նովից (գուռ)։

Ետնապատի ստորին հատվածում՝ սրբատաշ քարի վրա, պահպանվել է կառուցողի անունը և կառուցման թվականը հիշատակող արձանագրությունը. «Այս յիշատ[ա]կ է Թառումենց, 1861»։
Նովի եզրաքարի աջ կողմում գտնվում է ափաձև ջրի գուռը, որի վերևում ամրացված է ուղղանկյունաձև, գեղազարդ և արձանագիր շիրմաքար՝ հետևյալ բովանդակությամբ.
«Տապան հանգուցել լու|սահոգի ՏՐ Յոհաննէսի|ն Թառումենց | վաղնջեց | 1872»։
Այս շիրմաքարը, որը հավանաբար տեղադրվել է 1872 թվականին, վկայում է, որ աղբյուրի հիմնադիր Հովհաննես Թառումենցի շիրիմը գտնվում է իր իսկ կառուցած աղբյուրի հարակից տարածքում։ Շիրմաքարը միաժամանակ ծառայել է որպես կառուցվածքի հիմնաքար՝ իր վրա կրելով շինարարական արձանագրությամբ կամարաձև ճակատաքարը, որտեղ գրված է.
«Յիշատակ է․ ով ուխտաւորք վայելեցեք՝ ստրկիս ողորմի ասացէք, 1861 ամին»։
Հուշարձանի սրբատաշ հատվածի կենտրոնական մասում պահպանվել է երկրորդ արձանագրությունը, որն առնչվում է աղբյուրի վերանորոգմանը։ Այն վկայում է, որ աղբյուրը վերանորոգվել է 1867 թվականի հուլիսի 23-ին՝ Շուշիի քաղաքացի Սափար Մալունցի կողմից.
«Այս է յիշատակ Շուշի | քաղաքացի Աւետիսի | որդի Սափարի Մալ|ունց եւ իւր կնօջ Մ|անուշակին 1867 ամի | յուլիսի 23-ին»։

Վերը հիշատակված շիրմաքարի եզրագոտու երեք կողմերում հետագայում ավելացվել է արձանագրություն, որը վկայում է 1915 թվականի վերանորոգման մասին. «Նորոքից իւր որդի Համբարցում | Մալինցով | 1915 թվս»։
Ուշագրավ է, որ այստեղ Մալունց ազգանունը փոխված է «Մալինցով» ձևով՝ հավանաբար տուրք տալով ռուսական ազդեցությանը։

Հետագա վերանորոգությունների ժամանակ աղբյուրի ետնապատի աջակողմյան հատվածում ամրացվել է մեկ այլ խաչազարդ և արձանագիր հարթ տապանաքար։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 1861 թվականին։
1867 թվականին աղբյուրը վերանորոգել է Սափարի Մալունցը, իսկ 1915 թվականին՝ Համբարձում Մալինցովը (Մալունց)։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ընթերցել է աղբյուրի վերանորոգման արձանագրությունը, որը հրապարակվել է նրա «Հայաստանի աղբյուրները» ալբոմում։

Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության, պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից 2011-2012 թթ․ Դաշուշենի տարածքում իրականացվել են հուշարձանների, այդ թվում այս աղբյուրի հաշվառման և վկայագրման աշխատանքներ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սրբատաշ և անմշակ կրաքար, կրաշաղախ

Չափերը` երկարությունը
7 մ
Չափերը` լայնությունը
84 սմ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Աղբյուրը կենսական նշանակություն ունի գյուղի բնակչության, ուխտավորների և զբոսաշրջիկների համար։ Այն իր հերթին կարևոր աղբյուրագիտական և պատմական տեղեկություններ է հաղորդում բնակատեղիի և նրա բնակիչների պատմական անցյալի վերաբերյալ։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ս․Դ․ Ա․ Լ-Ե․