Տումի, Գորոզ բերդ
Հուշարձան
Տիպային անվանումը
Բերդ
Հատուկ անունը
Գորոզ բերդ
Այլ անվանումներ
Գոռոզ, Գորոզու բերդ, Գոռոզու բերդ, Ղլեն քար, Բերդաքար, Դիզափայտի բերդ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ամրոցի հիմնադրման ժամանակաշրջանը հայտնի չէ։ Առաջին պատմական վկայությունները վերաբերում են 9-րդ դարին։ Բերդն իր նշանակությունը պահպանել է մինչև 14-րդ դարի սկիզբը։

Սկզբնական պատկանելությունը
Տումի գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Ամրոց
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում Դիզակի մելիքության մաս է կազմել։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տումի։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, գյուղ Տումի

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տումի գյուղից 3,6 կմ հարավ-արևմուտք՝ Ղլեն քար կոչված լե­ռան գագաթի հարավա­հայաց թեքադիր հարթակին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 2000 մ։
Նկարագրություն
Հադրութի շրջանի Տումի գյուղից 3,5 կմ հարավ-արևմուտք՝ շրջապատից ուղղաձիգ ժայռերով առանձնացող լեռան գագաթի հարավահայաց թեք տափարակի վրա պահպանվել են հին ամրոցի ավերակներ։ Համաձայն պատմական վկայությունների և տեղագրական նկարագրությունների՝ այն համապատասխանում է Գորոզ բերդին, որտեղ 9-րդ դարում Բաբեկի զորաբանակին դիմագրավում և տարածաշրջանում իր դիրքերն է ամրապնդում Հարավային Արցախի և Ուտիքի իշխան Եսայի Աբու Մուսեն1։ 

Բերդը հիշատակվում է նաև 853 թվականին, երբ այստեղ հանուն քրիստոնեական հավատի նահատակվում է Վանանդ գավառից սերող Մուկաթլը2։

Տեղացիները բերդասարը կոչել են Ղլեն քար3։

Գորոզ բերդի տեղորոշման հետ կապված կան տարբեր կարծիքներ։ Ըստ պատմաբան և քարտեզագիր Սուրեն Երեմյանի՝ բերդը գտնվում է Քթիշ բերդից արևմուտք, իսկ հնագետ, պատմաբան և վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանի կարծիքով՝ այն պետք է փնտրել Ճոխտ Պռվածառ վանքի մերձակայքում։

Ազգագրագետ, բանահավաք Մակար Եպիսկոպոս Բարխուդարյանցը ևս անդրադարձել է ամրոցին․ «Բերդասարս իբրեւ լեռնաբազուկ Դիզափայտի արեւմտեան կողմից կախուած է Տումի գիւղի վերայ եւ առանձնացած ամեն կողմերից։ Պարսպուած է սարիս հարաւային եւ արեւելեան կողմերն եւ կասկածաւոր նեղուցներն ու կիրճերն, ուր եղած են։ Մուտքն արեւմտեան կողմիցն է եւ պարիսպն չունի բուրգեր։ Պարսպիս ներսում կան բնակութեանց բակեր, թէ եւ հարթ չէ բերդիս անտառապատ մակերեւոյթն։ Ջուր չկայ եւ այս ամրոցում, վասն որոյ շինուած են յատկապէս հարաւային կողմում հորեր եւ ամաններով ջուր բերած բերդիս սրեւմտեան ստորոտում եղած Թաղալ անուն պատուական աղբիւրիցն։ Հարկ է յայտնել որ բերդս չունի Դողայ բերդի բոլորովին ապահով ամրութիւնը։ Ամրոցիցս շատ հեռի չէ Դիզափայտի հին վանքի տեղն, ուր շինած են այժմ մի մատուռ։ Ամրոցիս հիւսիսային կողմում քերծի գլխին՝ ծառերի տակ կայ մի աւերակ մատուռ Օխտը-դռնէ-խութ ա-նուն, որ տարբեր է եւ այլ նախորդ յիշուածից»4։

Ամրոցը կառուցված է տեղի ժայռերից ճեղքված մոխրագույն ավազաքարով և կրաշաղախով։ Այն զբաղեցնում է շուրջ 1,1 հա տարածք։ Հյուսիսային եզրին՝ լեռան գագաթին, գտնվում է միջնաբերդը, որը հիմնականում պարսպապատված է հարավային կողմից։ Ավելի հարավ և արևելք պահպանվել են պարսպի մնացորդներ, տեղ-տեղ բերդը հզորացված է աշտարականման որմնահեծերով։ Տարածքում պահպանվել են մի քանի փոքր սենյակների ավերակներ և ջրամբար։ Ամրոցի հարավային եզրին՝ ժայռի մեջ, բնական քարայր կա, որի մուտքն անմիջապես ուղղաձիգ ժայռի եզրին է գտնվում։ Այն ունի ավելի քան 50 մ երկարություն, արտաքին տեսքը ուղղահայաց, անկանոն գլանաձև է։ Ըստ տեղական ավանդազրույցների՝ քարանձավի ստորին մուտքը եղել է ժայռերի ստորոտում, որը ներկայումս փակվել է։ Այստեղ մասնակի քարանձավագիտական ուսումնասիրություններ են կատարվել Խորհրդային Միության և անկախության տարիներին։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
9-13-րդ դարեր

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)

Գորոզ բերդի մասին հիշատակել է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ (1895)։
Բերդին անդրադարձել է նաև Էմմա Աբրահամյանը «Տումի գյուղի վտանգված պատմամշակութային ժառանգությունը» հոդվածում (2021)։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաշաղախ։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է միջին չափերի քարերով։

Չափերը` երկարությունը
45 մ
Չափերը` լայնությունը
10 մ
Չափերը` տարածքի մակերեսը
1,1 հա
Պահպանվածությունը`
Ավերակ

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի պատմության, միջնադարյան իշխանական տների, ինչպես նաև ամրոցաշինության ընթացքն ուսումնասիրելու համար։
----------------------------
1 Կաղանկատվացի, 1969, էջ 256։
2 Թովմա Արծրունի և Անանուն, 1978, էջ 199:
3 Ղլեն քար, Արցախի բարբառով՝ բերդի քար։
4 Բարխուտարեանց Մ., 1895, էջ 85:
Չափագրություններ
Տումի, Գորոզ բերդ
Չափագրությունը՝ Աշոտ Հակոբյանի (RAA)

Լուսանկարներ