Լուսանկարը՝ Լեռնիկ Հովհաննիսյանի
Կարկաժան, Կարմիր քերծ բնակատեղիի գերեզմանոց, խաչքար № 3
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 12-13-րդ դարերում՝ որպես գերեզմանային կոթող։ Հետագայում՝ հավանաբար 19-րդ դարում, գերեզմանոցից տեղափոխվել և կանգնեցվել է Կարմիր Ավետարան եկեղեցու հարավային կողմում՝ չորս այլ միջնադարյան խաչքարերի կողքին։ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին տարածքը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարաձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Սկզբնական պատկանելությունը
Պատկանում է Կարմիր քերծ1 բնակատեղիի Խաչ (Կարմիր Ավետարան) կոչվող միջնադարյան գերեզմանոցին։
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք (հետագայում՝ Վարանդա) գավառ, Կարկաժան, Կրկժան գյուղի տարածք, որը ազատագրումից հետո միավորվել է Ստեփանակերտ քաղաքին։
Հասցե
Ստեփանակերտ, Կարկաժան, Կարմիր քերծ բնակատեղի
Տեղագրությունը
Գտնվում է Ստեփանակերտից հարավ-արևմուտք՝ Կարմիր Քերծ կոչվող բարձր ժայռազանգվածի տակ գտնվող սարահարթին։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ստեփանակերտի Կարկաժան թաղամասից 1,6 կմ հարավ-արևմուտք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1130 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարարակն գետից 1,8 կմ արևելք։ Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Կարմիր Ավետարան եկեղեցու հարավային կողմում, հինգ միջնադարյան խաչքարերից կազմված սրբատեղիում։ Փոքր չափերի այս կոթողը կերտված է սպիտակամոխրագույն կրաքարից։ Հուշարձանի ստորին հատվածը խրված է հողի մեջ, խաչաքանդակը հողմահարված ու մամռապատ է։ Կոթողը կամարաձև վերնամաս ունի, որի աջակողմյան հատվածը վնասված է։
Հորինվածքի կենտրոնում՝ խաչախորանի ներքո, մեծադիր ծաղկած խաչն է՝ թևերի զույգ եռաբողբոջ վերջավորություններով։ Խաչաքանդակի ստորին հատվածից դեպի հորիզոնական խաչաթևերն են բարձրանում արմավաճյուղերը։ Խաչաքանդակը երիզված է պարանահյուս զարդագոտով։
Հուշարձանը չորս այլ միջնադարյան խաչքարերի հետ ձևավորել է յուրօրինակ սրբատեղի։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, միջնադար, 12-13-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կերտվել է 12-13-րդ դարերում՝ որպես գերեզմանակոթող։ Հավանաբար 19-րդ դարում խաչքարը տեղադրվել է Կարմիր Ավետարան եկեղեցու հարավային կողմում։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանի մասին նշում է Սամվել Կարապետյանն իր «Արցախի մանրատեղանունները» գրքում2։
2012-2013 թթ․ Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարականով՝ հուշարձանի դաշտային ուսումնասիրությունները կատարել են Գագիկ Սարգսյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը3։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ հայտնի չեն։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակամոխրագույն կրաքար
Տիպը
Գերեզմանակոթող Չափերը` լայնությունը
65 սմ Չափերը` բարձրությունը
92 սմ Չափերը` խորությունը, հաստությունը
31 սմ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Այս խաչքարը և նույն վայրում գտնվող գերեզմանային կոթողները կարևոր պատմամշակութային նշանակություն ունեն Ստեփանակերտի շրջակայքի պատմական միջավայրի, հայկական միջնադարյան կոթողների, ինչպես նաև Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրման և վավերագրման համար։ ----------------------------
1 Քերծ, Արցախի բարբառով՝ ժայռ, ժայռազանգված։
2 Կարապետյան Ս․, Արցախի մանրատեղանունները, Երևան, 2022, էջ 243։
3 ԱՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի պահպանական գոտի։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․