Ծովատեղ, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 17-18-րդ դարերում։ Հիմնանորոգվել է 1895 թվականին և անխափան գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ Անկախության շրջանում հուշարձանն ընդգրկվել է պատմամշակութային հուշարձանների պետական ցանկում։ 2023 թվականի սեպտեմբերին Ծովատեղ գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Վարանդա գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Ծովատեղ։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 900 մ։ Նկարագրություն
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղի կենտրոնում։ Եկեղեցու կառուցման մասին հստակ թվագրություն չի պահպանվել։ Սակայն ելնելով ճարտարապետական որոշ մանրամասներից, ինչպես նաև համեմատական տանելով նույնաոճ հարդարանքով հայտնի 17-18-րդ դարերում կառուցված այլ եկեղեցիների հետ՝ կարող ենք վերագրել նույն ժամանակաշրջանին։ 1895 թվականին եկեղեցին վերանորոգվել է Ներսես բեկ Մելիք-Փաշայանցի կողմից, որի վերաբերյալ հիշատակագրական արձանագրությունն ագուցված է հարավային պատին՝ մուտքից վեր. «Ի յիշատակ հանկուցեալ հօր՝ | Մարգարէ բեկ Մա(ե)լիք Փաշաե[ան]ցի, | Ս[ուր]բ Ա[ստուա]ծածնայ եկեղեցոյս | թիթեղեայ ծածկոցն, կաթ|ուղկէն կաւիթ դուռն, պատ|ուհաններն նորոգել դու[ե]ց | իւր ծախսով Ներսես բէկ | Մելիք Փաշայեանց․ 1895»:
Եկեղեցու պատերին ագուցված և շուրջը պահպանված միջնադարյան խաչքարերը վկայում են, որ սրբատեղիի պատմությունը սկսվում է շատ ավելի հին ժամանակներից։
Ուղղանկյուն հատակագծով և կիսաշրջան խորանով միանավ թաղակապ շինություն է։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին առկա են մեկական փոքրաչափ պատրհաններ՝ կամարաձև շրջանակով։ Վերջիններիս համար որպես եզրաքար են օգտագործված փոքրաչափ նվիրատվական բնույթի խաչքարեր։ Եկեղեցին ավանդատներ չունի։ Բեմը չի պահպանվել։ Հյուսիսային պատի արևելյան կողմում՝ կամարակապ խորշի մեջ, գտնվում է մկրտության ավազանը։ Թաղը հենված է հյուսիսային և հարավային պատերի՝ երեքական որմնակամարների և զույգ որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա։
Հարավային պատի կենտրոնական հատվածից բացված կրաքարե սրբատաշ մեծ սալերով կառուցված կամարակապ շքամուտքն աչքի է ընկնում գեղազարդ շրջանակով։ Հատկանշական է, որ այն 17-18-րդ դարերում կառուցված եկեղեցու պահպանված հատվածներից է, որը 1895 թվականի վերանորոգման ժամանակ չի ձևափոխվել։ Կամարաձև շքամուտքը հարդարված է գեղեցիկ հյուսկեն զարդագոտով։ Հատկանշական է շքամուտքի ծավալային լուծումը, որն իրականացված է քառաշերտ, կիսագլանաձև կամարաշարի միջոցով։ Մուտքի աջ կողմում փորագրված է հնգատող հիշատակագրական մի արձանագրություն․ «Յ[իսու]սի Ք[րիստո]սի | ծառա | Դաւիթս | գրեցի | ի դ(ու)ռն Ս[ուր]բ»։ Արձանագրության ստորին հատվածում անվարժ գծաքանդակով պատկերված է արևային ժամացույց։
Սրահը լուսավորվում է չորս լուսամուտներով, որոնցից իր սկզբնական՝ փոքրաչափ, դեպի ներս լայնացող տեսքով պահպանվել է միայն արևմտյանը։ Արևելյան և հարավային երկու լուսամուտները լայնացվել են 1895 թվականի վերանորոգման ժամանակ։
Եկեղեցու պատերի (արտաքուստ և ներքուստ) տարբեր հատվածներում ագուցված են զարգացած և ուշ միջնադարի բազմաթիվ գեղաքանդակ խաչքարեր։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-19-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական լուծումների և նմանատիպ հուշարձանների համեմատական վերլուծության Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 17-18-րդ դարերում, 1895 թվականին վերանորոգվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ թաղակապ, ուղղանկյուն հատակագծով կառույց է։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաքար, կայծքար և կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավային կողմում։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի չորս լուսամուտ՝ արևելյան, հարավային և արևմտյան կողմերում։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Տանիքն ի սկզբանե եղել է կղմինդրածածկ, 1895 թվականի վերանորոգման ժամանակ տեղադրվել է մետաղյա ծածկ։
Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
16,7 մ Չափերը` լայնությունը
6,5 մ Չափերը` բարձրությունը
5,5 մ Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Ծովատեղ գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։ Լուսանկարներ
...
.
Գ․Բ․, Ս․Դ․