Պատարա, Դարպասուտի գերեզմանոց-սրբատեղի
Հուշարձան
Տիպային անվանումը
Գերեզմանոց
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանոցը, ամենայն հավանականությամբ, հիմնվել է միջնադարում։ Ժամանակի ընթացքում անտառը կլանել է գերեզմանոցը, իսկ տապանաքարերը և խոնարհված խաչքարերը ծածկվել են հողաշերտով։ 2018 թվականին այստեղ հայտնաբերվել են չորս խաչքարեր, որոնք վերստին կանգնեցվել են, և Պատարայի բնակիչների համար գերեզմանոցի տարածքը դարձել է սրբավայր։ Հայտնաբերված խաչքարերը կերտվել են 11-13-րդ դարերում։
2023 թվականի սեպտեմբերին գյուղը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Դարպաս վաճառ (Դարպասուտ) բնակատեղի

Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա (Պտրեցիք)։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա (Պտրեցիք)

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 19,2 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պատարա գյուղից մոտ 5 կմ հարավ-արևմուտք՝ ավելի ուշ առաջացած Լեսնոյ բնակավայրից 1կմ հարավ-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից մոտ 1000 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Պատարա գետի ձախ կողմում։
Նկարագրություն
Ասկերանի շրջանի Պատարա գյուղի Դարպասուտ վանքից 568 մ դեպի հյուսիս-արևելք՝ Պատարայից Դարպասուտ տանող ճանապարհի վրա, գտնվում է միջնադարյան խաչքարերով գերեզմանոց։ Ժամանակի ընթացքում անտառը կլանել է հնավայրը, իսկ տապանաքարերը և խաչքարերը գրեթե ամբողջությամբ անցել են հողի տակ։
2018 թվականին Պատմական միջավայրի պահպանության Ասկերանի շրջանային ծառայության աշխատակիցների կողմից այստեղ կատարվել են մաքրման աշխատանքներ։ Այդ ընթացքում հողի և ծառերի տակից բացվել են չորս խաչքարեր։ Դրանք մաքրվել և կանգնեցվել են։ Պատարեցիների համար տեղանքը դարձել է սրբավայր։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, 11-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ պահպանված խաչքարերի ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների ուսումնասիրության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը

11-13-րդ դարեր
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)

Դարպասուտ բնակատեղիի տարածքը բավարար ուսումնասիրված չէ։ Տարածքի վերաբերյալ պատմագիտական տվյալները սուղ են։

2018 թվականի սկզբին Պատմական միջավայրի պահպանության Ասկերանի շրջանային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են հնավայրը։

2019 թվականին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Վավերացվել և չափագրվել են նորահայտ խաչքարերը։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Պահպանվածությունը`
Միջին

Արժևորումը
Հնավայրում հայտնաբերված խաչքարերն իրենց գեղարվեստական և պատկերագրական ոճավորմամբ Արցախի միջնադարյան խաչքարարվեստի յուրօրինակ նմուշներ են։ Պատմամշակութային առումով շատ կարևոր են Խաչենի իշխանության Դարպասուտ բնակատեղիի պատմության և Արցախի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ս․Դ․