Դահրավ, Սառա նահատակի մատուռ-սրբատեղիի գերեզմանոց, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 11-12-րդ դարերում՝ որպես գերեզմանային կոթող։ Հետագայում գերեզմանոցից տեղափոխվել է Սառա նահատակի մատուռ, այնուհետև տեղադրվել արևմտյան պատին կից՝ մուտքի մոտ։ 

2023 թվականի սեպտեմբերից Դահրավ գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Սկզբնական պատկանելությունը
Խաչենի իշխանություն, Դահրավ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը


Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչենի իշխանություն), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Դահրավ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Դահրավ

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 15,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դահրավ գյուղից 3,2 կմ հարավ-արևմուտք՝ անտառապատ լեռան գագաթին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1645 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի Պտրեցիք և Մեղրագետ վտակների ջրբաժան լեռնաճյուղի վրա՝ Մեղրագետի Ցրտագետ վտակի ակունքամերձ հատվածում։
Նկարագրություն
Սուրբ Սառա մատուռի արևմտյան պատի տակ՝ մուտքի ձախ կողմում, գտնվում է գեղաքանդակ մի խաչքար։ Այն այստեղ է տեղափոխվել մատուռի մոտ գտնվող ավերված գերեզմանոցից։ Խաչքարը միջին չափերի է, չունի արձանագրություն, սակայն դատելով գեղարվեստական և ոճական առանձնահատկություններից՝ կարելի է այն թվագրել 11-12-րդ դարերով։ Կենտրոնական մասում հիմնախաչն է՝ թևերի շրջանաձև զույգ բողբոջներով։ Հորինվածքը շրջապատված է հյուսկեն պարզ եզրագոտով, որը և կազմում է խաչախորանը։ Հատկանշական է, որ շրջանակ-զարդագոտու աջ կողմի հյուսվածքը միանգամայն տարբեր է ձախ ու վերին կողմերի նախշազարդից։ Խաչախորանի աջ և ձախ անկյուններից դեպի կենտրոն են կախված մեկական կլորավուն երեքտերևուկներ։ Խաչի հիմքից տարածվելով՝ դեպի աջ և ձախ են բարձրանում պարզ ոճավորված արմավաճյուղերը։ Հիմնախաչի ստորին աջ հատվածում դեռևս նշմարվում են երկու մարդկային պատկերաքանդակներ, որոնցից ձախակողմյանը չափերով կրկնակի մեծ է աջակողմյանից։ Երկուսն էլ գլխի և մարմնի դիրքով պատկերված են դիմահայաց, իսկ ոտքերն ուղղված են դեպի աջ։ Բարձրաքանդակի մանրամասները դժվարտեսանելի են։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, միջնադար, 11-12-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ խաչքարի պատկերագրության, ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կերտվել է հավանաբար 11-12-րդ դարերում՝ որպես գերեզմանային կոթող, հետագայում գերեզմանոցից տեղափոխվել է Սառա Նահատակի մատուռ և տեղադրվել եկեղեցու մուտքի մոտ՝ պատին կից։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2021 թվականին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից հուշարձանի տարածքում կատարված դաշտային ուսումնասիրությունների շնորհիվ խաչքարը տեղում վավերացվել է և չափագրվել։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Գերեզմանային կոթող
Չափերը` լայնությունը
60 սմ
Չափերը` բարձրությունը
106 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
12 սմ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր պատմամշակութային նշանակություն ունի Դահրավ գյուղի պատմության և Արցախի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ս․Դ․, Ա․ Լ-Ե․