Ծար, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Մլըքի (Մելիքի) խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կերտվել և կանգնեցվել է 1225 թվականին։ Ուշ միջնադարում տեղադրվել է Մայր եկեղեցու մուտքի վերնամասում՝ որպես բարավոր։ 18-րդ դարում այստեղ հաստատված խաշնարածները խաչքարն օգտագործել են գոմի շինարարության մեջ։ Քարվաճառի ազատագրումից հետո Ծարի բնակիչների կողմից այն հայտնաբերվել և կանգնեցվել է գյուղամիջում՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների։ 2024 թվականին համացանցում ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված լուսանկարները վկայում են, որ խաչքարն իր տեղում չէ։ Ենթադրվում է, որ պատմամշակութային այս կոթողը ոչնչացված է։
Սկզբնական պատկանելությունը
Ծար գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Վայկունիք (հետագայում՝ Վերին Խաչեն կամ Ծար) գավառ, մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան, Ծար
Տեղագրությունը
Գտնվում է Քարվաճառ քաղաքից 12,5 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ծարի գյուղամիջյան հատվածում
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 2053 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Տրտու գետի Ծար վտակի ձախ կողմում՝ գետից 160 մ արևելք։ Նկարագրություն
Ծար գյուղը միջնադարյան Արցախի մեծ և ծաղկուն բնակավայրերից մեկն է եղել։ Գյուղի միջնադարյան եկեղեցիներից պահպանվել են միայն երկու փոքր եկեղեցիները։ Ծարի ավերված մայր եկեղեցին դեռևս 20-րդ դարի սկզբին կիսով չափ կանգուն էր։ Այն հիմնադրվել է 1236 թվականին1։ Եկեղեցին վերանորոգվել է ուշ միջնադարում, այդ ժամանակ էլ եկեղեցու մուտքի վերնամասում, որպես բարավոր, տեղադրվել է Մլըք անունով անձնավորության կողմից 1225 թվականին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը։ 18-րդ դարի երկրորդ կեսից այստեղ հաստատվում են մահմեդական ցեղեր։ Ավելի ուշ՝ խորհրդային տարիներին, վերջիններիս կողմից եկեղեցին ավերվում է և տեղում գոմ կառուցվում, իսկ խաչքարն օգտագործվում է որպես շինաքար։ Քարվաճառի ազատագրումից և Ծարի վերաբնակեցումից հետո ավերակների միջից խաչքարը հայտնաբերվել է։ Հետագայում համայնքապետի և բնակիչների կողմից կանգնեցվել է Արցախյան ազատամարտում զոհված մարտիկներին նվիրված հուշապատի առջև։
19-րդ դարի վերջերին Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, այցելելով Ծար, տեսել է կիսավեր եկեղեցին և վերոնշյալ խաչքարը2, մասնակի և որոշ վրիպակներով ընթերցել արձանագրությունը։ Շրջանի ազատագրումից հետո խաչքարն ուսումնասիրվել է նաև Հայկական ճարարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի արշավախմբի կողմից։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ճշգրիտ ընթերցել է կոթողի ձախ կողին ութ տողից բաղկացած հիշատակագրական արձանագրությունն ամբողջությամբ․ «Ի թուին | ՈՀԴ (1225) ես՝ Մլըք | հոգոյ | որդի իմ | Ակուտին | ու Մխիթ|ար եղբ|եայր կ|անգնե|ցի զխա|չս զի փրկու|թ(ի)ւն հո|գոյ իմ|ոյ, ով կա|րդայ | իշեց|(էք)․․․»3։
Մեծ չափերի ուղղանկյուն կոթողի արևմտյան նիստի կենտրոնական մասում՝ կամարաձև խորանի ներքո, զույգ եռաբողբոջ խաչաթևերով ծաղկած խաչն է։ Խաչի հիմքից սկիզբ են առնում և դեպի երկու կողմ տարածվելով՝ վեր բարձրանում գեղեցիկ ոճավորված արմավաճյուղերը։ Խաչաքանդակի ստորին հատվածը զբաղեցնում է չափերով մեծ, կենտրոնում ծաղկազարդ և հյուսկեն շրջանաձև վարդյակը, որի վերին աջ և ձախ հատվածներում քանդակված է մեկական փոքր խաչ։ Կենտրոնական խաչակամարը երիզված է օղակաձև, շղթայակապ, հյուսկեն լայն եզրագոտով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Վերին Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, 13-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հուշարձանը կերտվել է 1225 թվականին։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Խաչքարի մասին առաջին հիշատակությունը տվել է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ։ Հետագայում կոթողն ուսումնասիրել է նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ խաչքարի վերաբերյալ անդրադարձ կատարելով «Մռավականք» գրքում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Բազալտ
Տիպը
Հուշակոթող Պահպանվածությունը`
Նախքան գյուղի բռնազավթումը խաչքարը կանգուն և լավ վիճակում էր։
Արժևորումը
Հուշարձանը կարևոր է Վերին Խաչենի պատմության և Արցախի խաչքարային արվեստի ուսումնասիրության համար։ ----------------------------
1 Կարապետյան Ս․, 2019, էջ 397։
2 Բարխուդարյան Մ․, 1895, էջ 406-407։
3 Կարապետյան Ս․, 2019, էջ 397։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․