Քարագլուխ, Սուրբ Աստվածածին եկեղեցի, խաչքար № 3
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանային կոթող՝ վերօգտագործված որպես եկեղեցու հարդարանքի մաս։
2022 թվականի մարտի 24-ին տարածքը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարաձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ։ 1992-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի։
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 7,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիի կենտրոնական հատվածում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարագլուխ գյուղատեղիի կենտրոնում և տեղադրված է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատին՝ մուտքի շրջանակի աջ կողմում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 998 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4 կմ հարավ։ Նկարագրություն
Խաչքարն ագուցված է Քարագլուխ գյուղատեղիի Սուրբ Աստվածածին եկեղեցու (19-րդ դ.) հարավային պատին՝ մուտքի աջ կողմում։ Այն տեղադրվել է եկեղեցու վերանորոգման ժամանակ՝ վերօգտագործվելով որպես հարդարանքի մաս։
Համեստ չափերի այս կոթողը ուղղահայաց, երկարաձիգ քարե սալ է, որը դեպի վերև լայնանում է և ունի կիսակլոր, կամարաձև վերջավորություն։ Խաչքարի հորինվածքի կենտրոնում՝ եռաստիճան հիմքի վրա՝ կամարաձև խորանի ներքո, հյուսվածազարդ ու մեծադիր ծաղկած խաչն է, որի թևերն ավարտվում են զույգ եռաբողբոջ ծիլերով։ Խաչաթևերի պարանահյուս նախշերը կենտրոնում ձևավորում են մեկ այլ փոքրիկ պարզատիպ խաչապատկեր։ Կենտրոնական խաչի հիմքից սկիզբ է առնում և դեպի երկու կողմ տարածվելով՝ վեր բարձրանում մեկական գալարապտույտ խաչարմատ։ Վերջիններս իրենց ծայրին կրում են խաչաթևերի գնդաձև զույգ վերջավորություններով մեկական փոքրիկ խաչ։ Եվս երկու ավելի փոքր խաչեր քանդակված են հորիզոնական խաչաթևերի վերնամասում՝ խաչակամարի ներքո։ Խաչքարի ողջ հորինվածքը երիզված է լայն գեղաքանդակ, հյուսվածազարդ շրջանակով՝ բացառությամբ ստորին հատվածի, որտեղ փորագրված է անավարտ երկտող արձանագրություն․ «Ս[ուր]բ խ[ա]չս | փրկութ[ի]»1։
Խաչքարն իր հորինվածքով և կատարողական արվեստով անմիջական զուգահեռներ ունի Չափնիի 1281 թվականի, Լև գյուղի մերձակայքի 13-րդ դարի և մի շարք այլ հուշարձանների հետ, որը հիմք է տալիս այն թվագրելու 12-13-րդ դարերով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների, ինչպես նաև թվագրություն պարունակող նույնաոճ կոթողների ուսումնասիրության Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կերտվել է 12-13-րդ դարերում՝ որպես գերեզմանային կոթող։ Հետագայում՝ 19-րդ դարում, խաչքարը տեղադրվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատին։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ մեզ չեն հասել։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կերտված է դեղնավուն կրաքարից։
Տիպը
Խաչքար, գերեզմանակոթող Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Հուշարձանը կարևոր պատմական տեղեկություն է հաղորդում Քարագլուխ գյուղի անցյալի մասին։ Այն Արցախի միջնադարյան խաչքարային արվեստի յուրօրինակ նմուշներից է։ ----------------------------
1 Բարխուդարյան Ս․, 1982, էջ 141։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուդարյան Ս., 1982 - Բարխուդարյան Սեդրակ, Դիվան հայ վիմագրության, պրակ 5․ Արցախ, Երևան, 1982։
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․