Պտկաթաղի վանք
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Պտկաթաղի վանք Այլ անվանումներ
Պտկախութի եկեղեցի, Պտկաթաղի վանք, Պտկաթաղի եկեղեցի, Պայկաթաղ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հայտնի չէ վանքի հիմնադրման հստակ ժամանակաշրջանը։ Որպես գրչօջախ՝ այն հիշատակված է 16-րդ դարից։ 17-րդ դարում վերակառուցվել է վանքից պահպանված և մեզ հասած միակ եկեղեցին, որը հավանաբար գործել է մինչև 19-րդ դարի սկիզբը։ Հետագայում բնակավայրը լքվել է, իսկ եկեղեցին՝ ավերվել։ 2020 թվականի հոկտեմբերից Հադրութի շրջանը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Պտկաթաղ (Պայկաթաղ) գյուղ, Դիզակի իշխանությունՊահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, տապանաքարեր, խաչքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ (հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում)։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ծակուռի։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 756 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի Թաղոտա գետ վտակից 500 մ հարավ։ Նկարագրություն
Պտկաթաղի վանքը գտնվում է Հադրութի շրջանում՝ Ծակուռի, Տող և Թաղոտ գյուղերի միջև՝ Հադրութ-Ստեփանակերտ մայրուղու եզրին գտնվող Պտկաթաղ1 գյուղատեղիի տարածքում։
Ըստ պատմական տեղեկությունների՝ վանքը եղել է գրչության կենտրոն։ 1575 թվականին այն հիշատակվում է Քթիշու Սուրբ Աստվածածին անվամբ այստեղ ընդօրինակված Մաշտոցում (ՄՄ ձեռ. 6834), որը Պետրոս կրոնավորին իր արդար վաստակով պատվիրել էր «աստվածասեր ու հավատարիմ Բեկին»․ «․․․․ ի դառն եւ ի չար ժամանակի, ի ղանութեան շահ Թահմազին՝ ի երկիրս Դիզակ՝ ի գեղս Պայկայթաղ՝ ի վանքս Քթիշու Սբ. Աստուածածինս»2։
Երբեմնի վանքից պահպանված միակ շինությունը փոքրաչափ, կիսավեր եկեղեցին է։ Համաձայն ներկայումս չպահպանված շինարարական արձանագրության՝ եկեղեցին վերակառուցվել է 1670 թվականին3։ Այն ուղղանկյուն հատակագծով և կիսաշրջան խորանով միանավ թաղածածկ սրահ է։ Խորանի երկու կողմերում ոչ մեծ չափերի, ուղղանկյունաձև ավանդատներն են։ Թաղակապ ծածկը, բացառությամբ ավանդատների, փլուզված է։ Թաղը հենված է եղել հարավային և հյուսիսային պատերի զույգ որմնասյուների և նրանցից բարձրացող կամարների վրա։ Միակ մուտքը բացվում է արևմտյան ճակատի կենտրոնական հատվածից։ Լուսավորվում է թվով չորս` երկու մեծ և երկու փոքր լուսամուտներով։ Մեծ լուսամուտներից մեկը բացված է արևմտյան ճակատին, մյուսը՝ խորանի կենտրոնական հատվածում։ Արևելյան երկու փոքր լուսամուտները բացված են ավանդատներից։ Կառույցի հիմնական շարվածքն իրականացված է տեղական անմշակ և կիսամշակ քարերով ու կրաշաղախով։
Եկեղեցու հարդարանքը զուսպ է։ Պատերին ագուցված նվիրատվական խաչքարերի մեծ մասը շինության փլուզման պատճառով տեղահանված է և վնասված։ Ուշագրավ են հատկապես հյուսիսային պատի արևելյան հատվածում շրջված դիրքով ագուցված և մասամբ ջարդված փոքրաչափ խաչքարը, որի մակերեսին փորագրված է «(Խ)աչս| Թադ|ոս|ին», ինչպես նաև եկեղեցու ներսում՝ պատին հենված, մեկ այլ խաչքար՝ «Խաչս Հալոյի»4 արձանագրությամբ։ Եկեղեցուց հարավ և արևմուտք տարածվում է գերեզմանոցը, որտեղ նշմարվում են ուղղանկյունաձև և օրորոցաձև, գրեթե հողածածկ տապանաքարեր։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Եկեղեցու պատին եղել է շինարարական արձանագրություն, որից 2020 թվականին պահպանվել էր թվագրություն չպարունակող միայն մեկ բեկոր։
Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Հուշարձանագետ Շահեն Մկրտչյանը վկայում է, որ եկեղեցում պահպանվել էր 1670 թվականի շինարարական արձանագրությունը։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Վանքը հիմնադրվել է միջնադարում։ Եկեղեցին վերակառուցվել է 1670 թվականին։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Պտկաթաղ գյուղի մասին հիշատակում է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը «Արցախ» աշխատության մեջ (1895)։ Եկեղեցուն անդրադարձել են հուշարձանագետ Շահեն Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» գրքում (1985), ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը՝ «Հայկական ճարտարապետության պատմություն» ուսումնասիրության մեջ (1992)։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է՝ արևելքից կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կայծքար, գետաքար, կրաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք՝ արևմտյան կողմից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները չորսն են, որոնցից երեքը բացվում են արևելյան, մեկը՝ արևմտյան ճակատից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ (չի պահպանվել)։
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)։
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են միջին չափերի անմշակ, կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Ներսը սվաղված է։
Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Վանք Չափերը` երկարությունը
12 մ Չափերը` լայնությունը
7,3 մ Չափերը` բարձրությունը
4,5 մ Պահպանվածությունը`
Կիսավեր Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի, մասնավորապես՝ Դիզակ գավառի պատմության ու հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։ ----------------------------
1 Միջնադարյան ձեռագրերում գյուղը հիշատակված է նաև Պայկաթաղ անվամբ։2 Մինասյան Թ․, 2015, էջ 41:
3 Մկրտչյան Շ․, 1985, էջ 119:
4 Մկրտչյան Շ․, նույն տեղում:
Չափագրություններ
Պտկաթաղի եկեղեցու հատակագիծը
Չափագրությունը՝ Շահեն Մկրտչյանի
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Հարությունյան Վ., 1992 - Հարությունյան Վարազդատ, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992։
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
.
Գ.Բ․, Ս․Դ․