Տող, Մաչեն ճյուր աղբյուր
Հուշարձան
Տիպային անվանումը
Աղբյուր
Հատուկ անունը
Մաչեն ճյուր
Այլ անվանումներ
Մաչե ճյուր
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Աղբյուրը կառուցվել է 18-րդ դարում և անխափան գործել մինչև 2020 թվականը։ Հետագայում Տողը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկություններ հայտնի չեն։

Սկզբնական պատկանելությունը
Տող ավան

Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակ), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տող։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տող

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութից 9 կմ հյուսիս-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տող գյուղի արևմտյան եզրին։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 872 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի վտակ Թաղոտա գետի ձախ կողմում՝ Տողասար լեռան արևելյան թեքադիր լանջին։
Նկարագրություն
Մելիք-Եգանյանների իշխանության կենտրոն Տողում կառուցված աղբյուրներից լավ վիճակում պահպանվել է գյուղի արևելյան բարձրադիր հատվածում գտնվող Մաչեն ճյուր1 աղբյուրը։ Կառուցման վերաբերյալ արձանագրություն կամ հիշատակություն չի պահպանվել, սակայն հիմք ընդունելով 18-րդ դարի առաջին կեսին աղբյուրի հարևանությամբ կառուցված մելիքական ապարանքի այլ կառույցների նմանօրինակ շինարարական լուծումները՝ կարող ենք այն վերագրել նույն ժամանակաշրջանին։

Աղբյուրը կառուցված է տեղական կոպտատաշ, ճեղքված քարերով, կրաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են անկյունաքարերը, գլխավոր ճակատի ետնապատը և ջրի երկայնական նովը (գուռ)։

Միջին չափերի (արտաքուստ՝ 6x5,7 մ) կառույց է։ Պատերի հաստությունը 90 սմ է։ Շինությունը բաղկացած է երկու մասից՝ ջրհավաք ավազանից և կամարակապ բաց ըմպելասրահից։
Ջրհավաք ավազանի պատից 1,30 մ առաջացած կողային ելուստներից բարձրացող կամարն առանձնակի գեղեցկություն է հաղորդում աղբյուրին։ Կամարի ներքո՝ ետնապատին զուգահեռ, չորս սրբատաշ քարերով կառուցված է երկայնական գուռ՝ նախատեսված կենդանիների ջրարբեցման համար։
Ավազանը մոտ 2 մ լայնությամբ և 4 մ երկարությամբ թաղակապ սենյակ է, որտեղ ամբարված ջուրը և՛ մաքրվում է տիղմից, և՛ պահպանում սառնությունը։ Աղբյուրը կարևոր տնտեսական նշանակություն է ունեցել, քանի որ Տող բնակավայրը հիմնված է սակավաջուր տեղանքում, չունի վարար աղբյուրներ։ Ի սկզբանե կենդանիների օգնությամբ ունկատակառներով2 հեռվից տեղափոխած ջրով է ամբարվել ավազանը։ Ի սկզբանե ավազանը ամբարվել է կենդանիների օգնությամբ տակառներով հեռվից բերված ջրով։Հետագայում կառուցվել է ջրագիծ։ Ավազանի փոքրաչափ քառակուսի մուտքը (արտաքուստ՝ 65 սմ, ներքուստ՝ 50 սմ լայնությամբ) բացված է աջակողմյան պատից և նախատեսված է եղել միայն մաքրման աշխատանքների համար։ Փոքր մուտքը պաշտպանել է նաև խոշոր եղջերավոր կենդանիներից։

Աղբյուրի աջ եզրապատի ճակատային հատվածում  ամրացված է մետաղական կեռ՝ կենդանիներ կապելու համար։
Հողածածկ տանիքը գրեթե հարթ է՝ թույլ արտահայտված թեքությամբ։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Դիզակի մելիքություն, 18-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ շինարարական և ճարտարապետական լուծումների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
18-րդ դար

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)

Տողի Մաչեն ճյուր աղբյուրը, որպես ժողովրդական ճարտարապետության օրինակ, ուսումնասիրվել է ճարտարապետ Մանվել Սարգսյանի կողմից3 (1986)։

1980-ականներին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ևս ուսումնասիրել է աղբյուրը, չափագրել, որի վերաբերյալ հակիրճ տեղեկությունը հետմահու հրապարակվել է իր հեղինակած «Հայկական աղբյուրներ» գիրք-ալբոմում4։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Դեղնասպիտակավուն կրաքար, կայծքար, կրաշաղախ

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Գրեթե հարթ, կենտրոնից դեպի եզրեր փոքր-ինչ թեքությամբ հողածածկ տանիք է։

Տիպը
Բնակավայրի աղբյուր
Չափերը` երկարությունը
6 մ
Չափերը` լայնությունը
5,7 մ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Տողի Մաչեն ճյուր աղբյուրը հայկական ուշ միջնադարյան աղբյուրաշինության լավագույն օրինակներից է։
----------------------------
1 Մաչեն ճյուր, բրբ․ միջի (գյուղամիջի) կամ կենտրոնական ջուր, աղբյուր։
2 Ունկատակառ, բռնակներով տակառ։
3 Սարգսյան Մ․, 1986, էջ 60-61։ (Հետագա ուսումնասիրությունների արդյունքում հեղինակը վերանայել է իր տեսակետը և հաշվի առնելով քարի մշակման առանձնահատկությունները, այն համարում է 19-րդ դարի կառույց։)
4 Կարապետյան Ս․, 2023, էջ 66։

Չափագրություններ
Տող, Մաչեն ճյուր աղբյուրի չափագրությունը
Հեղինակ՝ Մանվել Սարգսյան
Լուսանկարներ