Խնձրիստան, Ջուխտակ եղցի մատուռ, նորակերտ խաչքար
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կանգնեցվել է 2023 թվականի հուլիսի 15-ին։ Նույն թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջապես բռնազավթվեց, իսկ բնակչությունը տարհանվեց։ Հուշարձանի ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Խնձրիստան գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչենի իշխանություն), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնձրիստան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնձրիստան

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից

Գտնվում է Խնձրիստան գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք՝ անտառապատ բլրի գագաթին՝ Ջուխտակ եղցի մատուռի մոտ։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1184 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչեն գետից 4,5 կմ հարավ։
Նկարագրություն
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի մոտ է գտնվում Ջուխտակ եղցի մատուռը, որը շրջանի բնակչության համար նվիրական և կարևոր սրբատեղիներից է եղել։
2020 թվականի պատերազմից հետո, երբ Արցախի մի մասը կորսվեց և հայաթափվեց, Խնձրիստանից սերող Հրահատ Եսայանը նախաձեռնեց Ջուխտակ եղցիի մոտ կանգնեցնել խաչքար՝ ի բարեխոսություն առ Աստված և ի պահպանություն Արցախ աշխարհին ու հայ ազգին։
 

Խաչքարը կերտվել է սպիտակ տրավերտինից։ Կոթողի հեղինակն է քանդակագործ Արմեն Ներսեսյանը։ Հրահատ Եսայանի և նրա ընկերների ջանքերով 2023 թվականին խաչքարը տեղադրվել է մատուռի հարավարևելյան կողմում։

Ուղղանկյուն և ուղղաձիգ կոթողի կենտրոնում քանդակված է հյուսվածազարդ և եռաբողբոջ զույգ վերջավորություններով ծաղկած խաչը, որի ստորին հատվածից առաջանում և դեպի վերին երկու կողմերն են բարձրանում արմավաճյուղերը։ Հիմնախաչի ստորին հատվածում գեղաքանդակ վարդյակն է, որն առնված է հյուսկեն շրջանաձև ժապավենի մեջ։
Կենտրոնական հորինվածքը եզերող խորանը թե՛ վերին, թե՛ ստորին հատվածներում ավարտվում է կիսաշրջան եզրագոտով։ Խորանը վերին և ստորին կողմերից ներփակված է արմավազարդերով, իսկ կողերի հատվածում՝ հյուսկեն սյունաձև զարդերով։
Կոթողի վերնամասում քանդակված է հորիզոնական շղթայազարդ գոտի, որի կենտրոնում հավերժությունը խորհրդանշող սկավառակն է։

Խաչքարի ուղղանկյունաձև պատվանդանի արևմտյան ճակատին փորագրված է․ «Փա՜ռք Քեզ, Աստուա՛ծ, փա՜ռք Քեզ, | յաղագս ամենայնի, Տէ՛ր, փա՜ռք Քեզ»։




Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 21-րդ դար (2023 թ․)

Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Նախաձեռնող՝ Հրահատ Եսայան Քանդակագործ՝ Արմեն Ներսեսյան
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Խաչքարը կերտվել և սրբատեղիի տարածքում կանգնեցվել է 2023 թվականին։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)

Սպիտակ տրավերտին

Լուսանկարներ
...
.
Ս․Դ․, Ա․ Լ-Ե․