Լուսանկարը Սեդա Գրիգորյանի
Պատարա, Դարպասուտ վանքի եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Դարպասուտ
Այլ անվանումներ
Դարպաս, Դրպասուտ, Դրբասուտ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հիմնադրվել է 9-10-րդ դարերում, գործել մինչև 14-րդ դարը։

Սկզբնական պատկանելությունը
Դարպաս, Դարապաս բնակատեղի

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա (Պտրեցիք)։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա (Բադարա)
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 20 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պատարայից 6 կմ հարավ-արևմուտք՝ ավելի ուշ առաջացած Լեսնոյ բնակավայրից 1,2 կմ հարավ-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1025 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Պատարա գետի ձախ կողմում՝ ափից 50 մ հյուսիս։
Նկարագրություն
Միջնադարյան Դարապաս (Դարպաս) բնակատեղիի տարածքում գտնվող վանական համալիրի շինություններից համեմատաբար լավ է պահպանվել փոքր չափերի (6,5x4,5x4,6 մ) միանավ եկեղեցին, որը գտնվում է Պատարա գյուղից 6 կմ հարավ-արևմուտք։

Եկեղեցու ծածկը փլուզված է։ Ուղղանկյունաձև խորանը սրահից առանձնանում է կիսագլանաձև պատկից որմնասյուներով։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կան քառանկյուն փոքր պատրհաններ։ Բեմը չի պահպանվել։ Շինության կամարակապ մուտքը բացված է արևմտյան կողմից։ Խորանից բացվող միակ լուսամուտի կողապատի պահպանված հատվածից դատելով` այն ունեցել է մեծ և երկայնաձիգ, դեպի ներս լայնացող հորինվածք։ 
Եկեղեցու պատերին ագուցված են եղել տասնյակ նվիրատվական և հիշատակագրական բնույթի խաչաքանդակներ, որոնք ջնջվել և ոչնչացվել են Խորհրդային Միության տարիներին՝ 20-րդ դարի սկզբին հիմնված Լեսնոյ կոչվող բանավանում հաստատված ադրբեջանցի բնակիչների կողմից։

Եկեղեցուն արևմտյան կողմից կցված է ավելի մեծ չափերի (5,3 x 7,6 մ) գավիթը, որից միայն հիմնապատերն են պահպանվել։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 9-14-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական լուծումների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հավանաբար հիմնադրվել է 9-10-րդ դարերում։ 13-14-րդ դարերում եկեղեցին վերակառուցվել է, ավելացվել է գավիթը, և որպես վանք՝ գործել է մինչև 14-րդ դարավերջը։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Դարպասուտ բնակավայրի մասին վիմագիր հիշատակություն է պահպանվել Պատարայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ավագ խորանի ճակատային քարերի վրա, որն առաջին անգամ հրատարակել է բանահավաք, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, իսկ վերահրատարակել վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը․ «ՅԱՆՈՒՆ Ա[ՍՏՈՒԾՈ]Յ ԵՍ Տ(Է)Ր․․․ ՇԻՆԵՑԱՔ | ԶԵԿԵՂԵՑԻՍ ԶԴԱՐԱՊԱՍ ՆԿԱՐԱՔ. . . ։ ՈՒԽԱՆԻՆ ՄԵԾՈՒՆ | ԻՔՆ ՅԻՍ ՏՎԻՆ ԱՐԴ ԾՆՆԴԵԱՆ :Ը: ԱՒՐԷՔՆ ԵՒ ԱՂՈՒՀԱՑԻՑ ՏԱՒՆԵՐՆ | ԵՒ Ի ԶԱՏԿԷՆ ԻՆՁ ՈՒ ՆՈՐ ԿԻՐ|ԱԿԻՆ ԶՊԱՏԱՐԱԳՆ ՄԵԶ ԱՌՆԵՆ ԴԱՐԱՊԱՍ ՎԱՃԱՌՆ ՀՈԻՌԱՀՈԱ (sic) | ՏՆԵՐՆ ԵԿԵՂԵՑՈՅՍ»2։

Դարպասուտի եկեղեցու մասին պատմական վկայություն չի պահպանվել։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Փոքր չափերի միանավ թաղակապ սրահ է՝ արևելքից ուղղանկյունաձև խորանով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կառուցվել է տեղական կոպտատաշ, անմշակ քարերով, գետաքարով և կրաշաղախով։ Եկեղեցու ներսը սվաղված է եղել։

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Միակ լուսամուտը եղել է արևելյան կողմում, որից պահպանվել է միայն հյուսիսային կողապատը։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Ծածկը չի պահպանվել։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են տարբեր չափերի (հիմնականում փոքրաչափ) անմշակ և կիսամշակ քարերով և ամրացված կրաշաղախով։

Հարդարանքը
Եկեղեցու արտաքին պատերին եղել են մի շարք նվիրատվական բնույթի խաչաքանդակներ, որոնք ոչնչացվել են խորհրդային տարիներին։

Տիպը
Եկեղեցի
Չափերը` երկարությունը
6,5 մ
Չափերը` լայնությունը
4,5 մ
Չափերը` բարձրությունը
4,6 մ
Պահպանվածությունը`
Վթարային

Արժևորումը
Կարևոր է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի, ինչպես նաև Պատարա գյուղի պատմության, մշակութային և հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար։
----------------------------
1Բնակավայրը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր անվանումներ է ունեցել՝ Պտրեցիք, Բադարա, Պատարա։

2Կարապետյան Ս․ «Պտրեցիք գետահովտի պատմաճարտարապետական հուշարձանները ըստ նորահայտ արձանագրությունների», Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, 1984, № 8, էջ 84:

Լուսանկարներ