Լուսանկարը՝ Սեդա Գրիգորյանի
Պատարա, Դարպասուտի վանք
Հուշարձան
Տիպային անվանումը
Վանք
Հատուկ անունը
Դարպասուտ
Այլ անվանումներ
Դարպաս, Դրպասուտ, Դրբասուտ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հիմնադրվել է 9-10-րդ դարերում, գործել մինչև 14-րդ դարը։

Սկզբնական պատկանելությունը
Դարպաս, Դարապաս բնակատեղի

Պահպանման միավորի անվանումը
Վանական համալիր

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գավիթ, օժանդակ շինություն (ամենայն հավանականությամբ՝ իջևանատուն), խաչքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա 

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 20 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պատարայից 6 կմ հարավ-արևմուտք՝ ավելի ուշ առաջացած Լեսնոյ բնակավայրից 1,2 կմ հարավ-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1025 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Պատարա գետի ձախ կողմում՝ ափից 50 մ հյուսիս։
Նկարագրություն
Վանական համալիրը գտնվում է Պատարա1 գյուղից 6 կմ հարավ-արևմուտք՝ միջնադարյան Դարապաս (Դարպաս) քաղաքատեղիի տարածքում, որից և ստացել է իր Դարպասուտ անվանումը։ Վանքի հիմնադրման, անվան և գործունեության վերաբերյալ պատմագիտական տեղեկություններ հայտնի չեն։ Բանահավաք, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը փոխանցում է միայն հետևյալ հակիրճ տեղեկությունը․ «Սուրբ Յովհաննէսից վերև կայ չորս քարուկիր մատուռ, որք շինուած են մօտ առ մօտ, կայ և գիւղատեղի և հանգստարան»2։
Հեղինակի կողմից հիշատակված չորս մատուռներից միայն մեկն է հայտնի Դարպասուտ վանքի տարածքում։

Դատելով տեղանքի անվանումից3 և Պատարայի տարածքում պահպանված բազմաթիվ ամրոցների, վանքերի, ինչպես նաև Մակար Բարխուդարյանցի հիշատակած Աթանաս կաթողիկոսի գերեզմանի առկայությունից՝4  պատմաբան Շահեն Մկրտչյանը կարծում է, որ Հասան Ջալալ Դոլայի սպանությունից հետո Խաչենի իշխանության նստավայրը Խոխանաբերդից տեղափոխվել է այստեղ5։
Ներկայումս համալիրից պահպանվել են փոքր չափերի (6,5x4,5x4,6 մ) միանավ եկեղեցին և նրան արևմտյան կողմից կից ավելի մեծ չափերի գավթի ավերակները։ Հոգևոր համալիրի կողքին՝ 36 մ դեպի արևմուտք, առկա է նաև մեկ այլ ընդարձակ, կիսավեր օժանդակ շինություն։ Վանքի տարածքում նշմարվում են պարսպի հիմնապատեր, իսկ հյուսիսային կողմում՝ կացարանների հիմնափոսեր։ Համալիրի հարավարևելյան կողմում տապալված վիճակում պահպանվել է երկու մեծ գեղաքանդակ խաչքար։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 9-14-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական լուծումների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հավանաբար հիմնադրվել է 9-10-րդ դարերում։ 13-14-րդ դարերում վերակառուցվել է եկեղեցին, որին արևմուտքից կցվել է գավիթը։ Հյուսիսարևմտյան կողմում կառուցվել է մեկ այլ օժանդակ մեծ շինություն։

Պատմական համառոտ տեղեկանք
Դարպասուտի մասին վիմագիր հիշատակություն է պահպանվել Պատարայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ավագ խորանի ճակատային քարերի վրա, որն առաջին անգամ հրատարակել է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, իսկ վերահրատարակել վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը․ «ՅԱՆՈՒՆ Ա[ՍՏՈՒԾՈ]Յ ԵՍ Տ(Է)Ր․․․ ՇԻՆԵՑԱՔ | ԶԵԿԵՂԵՑԻՍ ԶԴԱՐԱՊԱՍ ՆԿԱՐԱՔ. . . ։ ՈՒԽԱՆԻՆ ՄԵԾՈՒՆ | ԻՔՆ ՅԻՍ ՏՎԻՆ ԱՐԴ ԾՆՆԴԵԱՆ :Ը: ԱՒՐԷՔՆ ԵՒ ԱՂՈՒՀԱՑԻՑ ՏԱՒՆԵՐՆ | ԵՒ Ի ԶԱՏԿԷՆ ԻՆՁ ՈՒ ՆՈՐ ԿԻՐ|ԱԿԻՆ ԶՊԱՏԱՐԱԳՆ ՄԵԶ ԱՌՆԵՆ ԴԱՐԱՊԱՍ ՎԱՃԱՌՆ ՀՈԻՌԱՀՈԱ (sic) | ՏՆԵՐՆ ԵԿԵՂԵՑՈՅՍ»։

Դարպասուտի հոգևոր կենտրոնի մասին, սակայն, վկայություն չի փոխանցվել։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Համալիրի շինությունները կառուցված են տեղական կոպտատաշ, անմշակ քարերով, գետաքարով և կրաշաղախով։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են տարբեր չափերի (հիմնականում՝ փոքրաչափ) անմշակ և կիսամշակ քարերով և ամրացված կրաշաղախով։

Տիպը
Վանական համալիր
Չափերը` տարածքի մակերեսը
Համալիրն ընդգրկում է շուրջ 1,2 հա։
Պահպանվածությունը`
Ավերակ
Արժևորումը
Կարևոր է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի, ինչպես նաև Պատարա գյուղի պատմության, մշակութային և հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար։
----------------------------
1Բնակավայրը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր անվանումներ է ունեցել՝ Պտրեցիք, Բադարա, Պատարա։
3Վանք գյուղի մոտ Հասան Ջալալ Դոլայի ապարանքը նույնպես կոչվում է Դարպասներ։
4Տե՛ս նույնը տեղը։

Լուսանկարներ