Բարսղիշենի մատուռ
Հուշարձան
Տիպային անվանումը
Մատուռ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Մատուռը հիմնվել է 13-14-րդ դարերում և գործել մինչև 18-րդ դարի սկիզբը։ 18-րդ դարի կեսերին գավառի հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է։ Մատուռը լքվել է։ Հետագայում տարածքում հաստատված մահմեդական բնակիչների կողմից մատուռի շուրջը տարածված գերեզմանոցը ավերվել է, խաչքարերն օգտագործվել են որպես շինանյութ։ Լքված մատուռի թաղածածկը փլվել է։ Անկախության շրջանում հայ վերաբնակիչների համար վայրը դարձել է սրբատեղի։ 2020 թվականի դեկտեմբերից Նոր Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հուշարձանի ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Բարսղիշեն (նաև Բարսեղաշեն և Բարսեղի շեն)

Պահպանման միավորի անվանումը
Մատուռ
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Մատուռ, խաչքարեր, տապանաքարեր, արձանագրություններ

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք (հետագայում՝ Վերին Խաչեն կամ Ծար) գավառ, մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան, Եղեգնուտ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի շրջան (Քարվաճառ), Բարսղիշեն գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Քարվաճառից 15,5 կմ հյուսիս-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Բարսղիշեն գյուղատեղիից 2,5 կմ հարավ-արևմուտք՝ Եղեգնուտ գյուղից 0,6 կմ արևելք՝ անտառապատ տեղանքում՝ շրջապատից առանձնացած նոսրածառ բլրի գագաթին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1476 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Լև գետի հովտում՝ գետից 700 մ արևելք։
Նկարագրություն
Մատուռը գտնվում է Բարսղիշեն և Եղեգնուտ1 գյուղերի միջև՝ Լևոնագետի հովտի ձախակողմյան բլուրներից մեկի վրա։ Հուշարձանի մասին պատմական տեղեկություններ հայտնի չեն։ Հիշատակումներ չկան նաև մատուռի հիմնադրման և անվան ծագման վերաբերյալ։

Փոքր չափերի, ուղղանկյուն հատակագծով թաղակապ շինություն է, որի ծածկը չի պահպանվել։ Արևելյան կողմում հյուսիսային և հարավային պատերի որմնասյուներով սրահից առանձնանում է ուղղանկյունաձև խորանը։ Նմանատիպ ճարտարապետական հորինվածք ունեն նաև այս տարածաշրջանում 12-14-րդ դարերում կառուցված մի շարք եկեղեցիներ և մատուռներ։ Խորանի երկու կողապատերին կան փոքրիկ ուղղանկյունաձև պատրհաններ։ Նույնպիսի երկու խորշեր էլ գտնվում են հյուսիսային պատի արևմտակողմ և հարավային պատի արևելակողմ հատվածներում։ Մատուռը լուսավորվում է արևելյան ու արևմտյան ճակատներից բացվող, դեպի ներս լայնացող փոքրիկ լուսամուտներով (արևմտյանը հետագայում փակվել է)։ Մատուռի պատերը ներսից սվաղված են։ Արտաքին պատերին ագուցված են բազմաթիվ խաչքարեր, խաչաքանդակներ և հիշատակագրություններ, որոնք ընդգրկվել են հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Մռավականք» գրքում․ 
«Հիշատակագրություն․ արևմտյան ճակատին՝ փորագիր 3 տող․
Ա(ստուա)ծ աւղ|որմի Գագ|ին։
Հիշատակագրություն․ հարավային ճակատին՝ փորագիր 3 տող․
Գր(ի)գորի ո|րդոյ աւղո|րմի Ա(ստուա)ծ։
Եկեղեցու ներսում առկա է տեղահան երկու խաչքար։ Նրանցից մեկն արձանագիր է (125 x 60 x 25 սմ), ընդ որում, նաև թվակիր․
Ո եւ| ՁԱ (1232) |․․․| Ս(ուր)բ նշանս Գրիգոր երիցոյ,| որ յերկրպագէք զԳրի|գոր զհայր եւ զմայր|ն իւր, յաղաւթս յ|իշեսջիք, ամէն»2։

Մատուռի շուրջը միջնադարյան գերեզմանոցն էր, որտեղ եղել են ուղղանկյունաձև մշակված անարձանագիր տապանաքարեր, ինչպես նաև գեղաքանդակ արձանագիր խաչքարեր։ Խաչքարերից երկուսը հավանաբար ուշ միջնադարում փոխադրվել են մատուռի ներսը։ Գերեզմանոցը ավերվել է եկվոր մահմեդական բնակչության կողմից, խաչքարերն ու տապանաքարերը ջարդվել և օգտագործվել են որպես շինանյութ։





Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-18-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական լուծումների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Մատուռը կառուցվել է 13-14-րդ դարերում։ Հավանաբար վերանորոգվել է 16-17-րդ դարերում։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
1993 թվականին Հայաստանի Հանրապետության հուշարձանների պահպանության վարչության արշավախումբը հնագետ Հակոբ Սիմոնյանի գլխավորությամբ այցելել է հուշարձանի տարածք՝ նախնական ուսումնասիրության նպատակով։ Վերջինիս կարծիքով՝ կառույցը թվագրվում է 16-18-րդ դարերով3։

1994 թվականին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Քարվաճառի ազատագրված շրջանում ճամփորդության ժամանակ չափագրել է մատուռը և վերծանել վիմագրերը։


Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Հնագիտական մաս՝ շերտագրությունը, գտածոները

Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Պարզ թաղակապ սրահ է՝ արևելքում ուղղանկյուն խորանով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կառուցվել է տեղական բազմապիսի, բազմագույն քարերով և կրաշաղախի խառնուրդով։ Ներսը սվաղված է։

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մատուռի միակ մուտքը արևմտյան կողմից է։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ի սկզբանե ունեցել է երկու լուսամուտ՝ արևելքից և արևմուտքից։ Արևմտյան լուսամուտը հավանաբար փակվել է 16-17-րդ դարերում։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Թաղածածկ (չի պահպանվել)։

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (հավանաբար պատված է եղել քարե ծածկասալերով)։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցվել է տարբեր չափերի, հիմնականում՝ փոքրաչափ անմշակ և կիսամշակ քարերով ու կրաշաղախով։

Հարդարանքը
Մատուռը արտաքուստ պատված է բազմաթիվ նվիրատվական-հիշատակագրական խաչաքանդակներով և արձանագրություններով։ Ներքուստ սվաղված է։

Տիպը
Մատուռ-սրբատեղի
Չափերը` երկարությունը
5,6 մ
Չափերը` լայնությունը
4,22 մ
Պահպանվածությունը`
Վատ
Արժևորումը
Մատուռի պատերին առկա արձանագրությունները, ինչպես նաև տարածքում պահպանված արձանագիր և անարձանագիր խաչքարերը կարևոր են Արցախի, մասնավորապես՝ Վերին Խաչենի վիմագրական ժառանգության և խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
----------------------------
1Բնակավայրի պատմական անունը հայտնի չէ: Այստեղ հաստատված խաշնարածների կողմից հետագայում կոչվել է Ղամշլի։ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը գյուղը նշել է նաև Եղեգնուտ անունով՝ հավանաբար նույնացնելով Դադիվանքի վիմագրերում հիշատակված Եղեգնուտի հետ։ 

2Կարապետյան Ս․, 2019, էջ 244-245։

3Տե՛ս Սիմոնյան Հ․, «Քարվաճառի հուշարձանները», «Բնօրրան», 1-2 (8-9), 1998 թ․, էջ 36։

Չափագրություններ
Եղեգնուտ, Բարսղիշեն գյուղատեղի, մատուռ
Չափագրությունը Սամվել Կարապետյանի
Լուսանկարներ