Սարինշեն, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1867 թվականին, գործել մինչև 20-րդ դարի 30-ական թվականները։ Խորհրդային տարիներին օգտագործվել է մշակութային և տնտեսական նպատակներով։ Անկախության շրջանում կառույցը մասնակի վերականգնվել է, սակայն որպես եկեղեցի այդպես էլ չի գործել։
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակ), մինչև 2020 թ․` Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Սարինշեն։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1441 մ։ Նկարագրություն
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Սարինշեն գյուղի հյուսիսային եզրամասում։ Եկեղեցու կառուցման վերաբերյալ արձանագրությունը ագուցված է հյուսիսային ավանդատան մուտքից աջ: Երկայնական ուղղանկյուն քարի վրա քանդակված են զույգ խաչապատկերներ, իսկ նրանց կենտրոնում գրված է` «…|Ի 1867»:
Կառույցը ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով և երկու ավանդատներով։ Թաղածածկը հենված է հյուսիսային և հարավային պատերի զույգ որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա։ Խորանի երկու կողմերից քառաստիճան սանդուղքներ են բարձրանում դեպի բեմ։
Հատկապես ուշագրավ է բեմառէջքի պատկերաքանդակ հարդարանքը, որի հորինվածքը բաժանված է երկու մասի։ Կենտրոնական ուղղաձիգ քարին քանդակված են խաչապատկեր (վերևում) և խաչաձև լուսաստղ (ներքևում)։ Բեմառէջքի ձախ կողմի պատկերները սկսվում են գեղեցիկ խաչաքանդակ հորինվածքով, որոնց կենտրոնական՝ եռաբողբոջ խաչաթևերով ավարտվող ծաղկած խաչի վերին երկու կողմերում արևն ու լուսինը խորհրդանշող կլոր խաչաձև վարդյակներ են քանդակված, իսկ ստորին հատվածի երկու կողմերից՝ ծնունդը և մարդկային գոյության նորոգությունը խորհրդանշող երկու մեծածավալ ու գեղեցիկ թրաշուշաններ։ Խաչաքանդակին հաջորդում են կողք կողքի, գրեթե նմանապես ներկայացված աստվածաշնչյան երեք հայրապետների՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի կիսանդրի պատկերները։ Վերջիններս Քրիստոսի երկրորդ գալստյան և Ահեղ դատաստանի տեսարանում սովորաբար պատկերվում են նստած՝ գոգերին ընդունելով արդարների հոգիները: Հատկապես հատկանշական է նրանց պատկերատիպը, որը զգալիորեն տարբերվում է տարածված օրինակներից։ Երեքն էլ դիմահայաց են քանդակված՝ առանց լուսապսակի, քահանայական շուրջառով, գլուխները ծածկված սրածայր խաչակիր խույրով և գավազանով։ Նրանց կողքին՝ փոքր-ինչ վեր, պատկերված է սուրը ձեռքին Միքայել հրեշտակապետը, որն ըստ Դանիելի գրքի՝ առաջնորդում է մահացածներին. «Երկրում, հողի մեջ ննջածներից շատերը հարություն պիտի առնեն, ոմանք հավիտենական կյանքի համար, և ոմանք Հավիտենական նախատինքի ու ամոթի համար»1։ Միքայել հրեշտակապետի կողքին՝ հորինվածքի վերին աջ անկյունում, պատկերված է մահացածի դիրքով`ձեռքերն առջևում խաչված, հողի միջից ելած ննջեցյալը։ Բեմառէջքի աջակողմյան հատվածն իր հերթին բաժանված է չորս քառակուսի դաշտերի։ Կենտրոնում մեծ լուսաստղն է, որի երկու կողմերից բազմաթիվ և բազմապիսի խաչաձև լուսաստղեր են քանդակված՝ խորհրդանշելով իմաստուններին2, որ « …․ պիտի ճառագեն իբրև երկնակամարի լուսատուներ, իսկ արդարներից շատերը առավել ևս՝ իբրև հավիտենական աստղեր»3։
Խորանի բեմառեջքը
Խորանի կողապատերին կան փոքրիկ պատրհաններ, որոնցից հյուսիսայինը կամարակապ է, իսկ հարավայինը՝ ուղղանկյուն։
Խորհրդային տարիներին եկեղեցու հարավային ճակատի արևմտյան եզրից բացված մուտքը փակվել է։ Նույն պատի կենտրոնական հատվածից բացվել է նոր մուտք։ Հին փակված մուտքի աջ և ձախ կողմերում արտաքուստ ագուցված են երկու ուղղանկյունաձև քարեր՝ սրբատաշ և խաչաքանդակ։ Շինությունը լուսավորվում է արևմտյան և հարավային ճակատների մեկական և արևելյան ճակատի երեք՝ դեպի ներս լայնացող լուսամուտներով։ Արևելյան երկու լուսամուտները բացված են ավանդատներից։
Հյուսիսային պատին՝ կամարակապ շրջանակի ներքո, մկրտության ավազանն է, որի շուրջն ագուցված են երեք փոքրիկ նվիրատվական խաչաքանդակներ։ Մկրտարանի ավազանը, որի ներքին փորվածքը խաչաձև է, կերտված է մեկ ամբողջական քարից։ Ավազանի աջ գոգին փոքրիկ գեղազարդ խաչապատկերներ են քանդակված։ Մկրտարանին հանդիպակաց հարավային պատին կա ևս մեկ կամարակապ խորշ, կամարի վերնամասի ճակատային հատվածում քանդակված են դեպի ներքև սլացող զույգ թռչունների պարզատիպ պատկերներ։ Խորշի ներսում՝ ետնապատին և կողապատերին, խաչաքանդակներ են։ Եկեղեցու որմերին ագուցված են այլ փոքրիկ նվիրատվական խաչաքանդակներ։ Տարածքում պահպանվել են նաև ավելի վաղ շրջանի խաչքարերի բեկորներ։
Եկեղեցին խորհրդային տարիներին օգտագործվել է որպես մշակութային ակումբ և տնտեսական տարբեր նպատակներով։ 1990-ականներից եկեղեցին ծառայել է որպես համայնքային հանդիսությունների սրահ։ 2012 թվականին մասնակի վերանորոգվել են եկեղեցու արտաքին պատերը, իսկ տանիքը սալապատվել է։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար (1867 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Եկեղեցու կառուցման վերաբերյալ արձանագրությունը ագուցված է ավանդատան արևմտյան ճակատին` մուտքից աջ։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 1867 թվականին։ 1930-ական թվականներից եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ 1990-ականներից այն ծառայել է որպես համայնքային հանդիսությունների սրահ։ 2012 թվականին մասնակի վերանորոգվել են կառույցի արտաքին պատերը, իսկ տանիքը սալապատվել է։ 2020 թվականի հոկտեմբերից Սարինշեն գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պատմական համառոտ տեղեկանք
1895 թվականին Սարինշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հիշատակվում է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ։ Հեղինակը նշում է, որ քահանան ծառայության էր գալիս Ծամձորից։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եկեղեցին միանավ թաղակապ սրահ է՝ արևելքից կիսաշրջանաձև խորանով և երկու ավանդատներով։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Թերթաքար, կայծքար, կրաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավային կողմից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները վեցն են, որոնցից մեկը բացվում է արևմտյան, մեկը՝ հարավային, երեքն էլ արևելյան ճակատներից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Եկեղեցու տանիքը երկթեք է։ Ի սկզբանե ծածկված է եղել կղմինդրով։ Խորհրդային տարիներին ծածկվել է ազբեստե թիթեղով։ 2012 թվականին տանիքը սալապատվել է։
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցվել է տեղական կոպտատաշ և անմշակ կայծքարով, թերթաքարով, կրաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են բացվածքների եզրաքարերը, բեմառէջքը, որմնասյուները և որմնակամարները։
Հարդարանքը
Ուշագրավ պատկերաքանդակներով է զարդարված բեմառէջքը։ Եկեղեցու պատերին և հատկապես մկրտարանի կողերին ագուցված են շինությունից հին խաչաքանդակներ։
Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
15 մ Չափերը` լայնությունը
6,3 մ Չափերը` բարձրությունը
7 մ Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Սարինշեն գյուղի պատմական անցյալի ուսումնասիրության համար։ ----------------------------
1Դանիել ԺԳ 2
2Պատկերագրական վերլուծությունը՝ Աննա Լեյլոյան-Եկմալյանի։
3Դանիել ԺԳ 3
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ․, 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։Մկրտչյան Շ․, 1895 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985
.
Գ. Բ․, Ա․ Լ-Ե․, Ս․ Դ․