Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Թաղոտ, Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Հովհաննես
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Եկեղեցու կառուցման հստակ թվականը հայտնի չէ։ Տարածքում առկա են 18-րդ դարի առաջին կեսով թվագրվող տապանաքարեր։ Մատենագիտական աղբյուրներում հիշատակվում է 1841 թվականից։ Գործել է մինչև 20-րդ դարի 30-ական թվականները։ Անկախության տարիներին այն Թաղոտ գյուղի բնակչության համար վերստին սրբատեղի է դարձել։

Սկզբնական պատկանելությունը
Թաղոտ գյուղ (անվանվել է նաև Թաղուտ և Աթաղուտ)

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մաս է կազմել պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառի, հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղոտ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղոտ

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 7,5 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Թաղոտ գյուղի հյուսիսարևմտյան եզրի ժայռոտ լեռնաճյուղին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 833 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի Թաղոտա գետ վտակից 150 մ հարավ։
Նկարագրություն
Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում է Թաղոտ գյուղի հյուսիսային եզրին։ Եկեղեցու կառուցման հստակ թվականը հայտնի չէ, սակայն գրավոր աղբյուրներում եկեղեցին հիշատակվում է 1841 թվականից1։ Մատենագիտության մեջ պահպանվել են նաև Թաղոտի հոգևոր հովիվներ Մելիքսեթ Տեր-Հարությունյան Մովսես-Վարդանյանցի (1817-1844), Հակոբ Արզումանբեկյան-Ղազարբեկյանցի (1848-1893) և Մովսես Ղազարբեկյանցի անունները (1909-1910)2։
Կառույցի հարավային պատի մոտ պահպանվել են երկու արձանագիր տապանաքարեր, որոնցից մեկը պատկանում է գյուղի ծխատեր քահանաներից տեր Մելիքսեթի որդուն՝ տեր Քասպարին3, և համաձայն արձանագրության՝ կերտվել է 1741 թվականին․ «Այս է տապան տ(է)ր Միլիքսէթ(ի) որդ(ի) տ(է)ր Քասպարին թվ(ին) ՌՃՂ (1741)»4:

Եկեղեցին միանավ ուղղանկյուն սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։ Բեմը չի պահպանվել։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կան երկու ոչ մեծ կամարակապ խորշեր։ Թաղակապ ծածկը հենվում է հյուսիսային և հարավային պատերի վրա, որոնց պատկից կամարների հատումից սկիզբ են առնում թաղը կրող զույգ կամարները։ Հյուսիսային պատին՝ կամարակապ խորշի մեջ, տեղադրված է մկրտության ավազանը։ Եկեղեցու ներսում մասնատված մի խաչքարի բեկորներ են պահպավել, ցավոք հայտնի չէ կոթողի տեղադրման նախնական վայրը։

Կառուցված է տեղական կիսամշակ և անմշակ քարերով, սրբատաշ են միայն կամարները, բացվածքների և մկրտության կամարակապ ավազանի եզրաքարերը։ Եկեղեցու հարավային ճակատին՝ մուտքից վերև, ագուցված է նվիրատվական բնույթի ուղղանկյուն մի քար՝ հետևյալ արձանագրությամբ․ «Հիշատակ է այս ․․․ ընծա(յ)|եց Սուրբ Հովհաննէս եկեղեցի Թաղոդ գէղջ | Յովակիմի Անդոնե(ա)ն Կարապետեանց | 1896»։

Միակ մուտքը բացվում է հարավային պատի արևմտյան կողմում, լուսավորվում է դեպի ներս լայնացող 6 լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են արևելյան, մեկական՝ արևմտյան, հյուսիսային ու հարավային ճակատներում։ Խորհրդային տարիներին հարավային լուսամուտը զգալիորեն մեծացվել է։ 
Տանիքն ի սկզբանե եղել է կղմինդրածածկ, որը չի պահպանվել։ Վերը հիշատակված երկու արձանագիր տապանաքարերից զատ՝ եկեղեցու հարավային պատի տակ պահպանվել են նաև մի քանի անարձանագիր շիրմաքարեր։

Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ Անկախությունից հետո Թաղոտ գյուղի բնակիչներն այն մաքրել են, և Սուրբ Հովհաննես եկեղեցին կրկին դարձել է աղոթատեղի։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ից Թաղոտ գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի վիճակի մասին տեղեկություններ չկան։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 18-19-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Եկեղեցու հարավային պատին կից պահպանված տապանաքարը, որ նվիրված է գյուղի քահանա տեր Մելիքսեթի որդի տեր Գասպարին, թվագրվում է 1741 թվականով։

Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Մատենագիտական աղբյուրներում հիշատակվում են 19-րդ դարում գյուղում հոգևոր ծառայություն մատուցած քահանաների անունները։

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հայտնի չէ հուշարձանի կառուցման հստակ թվականը։ Դատելով եկեղեցու հարավային պատին կից տապանաքարերի արձանագրությունից՝ ամենայն հավանականությամբ կառուցվել է 18-րդ դարի սկզբներին։ 1841 թվականին արդեն հիշատակվում է գրավոր աղբյուրներում։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ Որպես աղոթատեղի կրկին ծառայել է անկախության տարիներին։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ից Թաղոտ գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի վիճակի մասին տեղեկություններ չկան։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)

Սուրբ Հովհաննես եկեղեցին հիշատակվում է ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ։

2021 թվականին ՀՃՈՒ հիմնադրամի «Վարձք» հանդեսի 15 համարում լույս է տեսել «Թաղոտ գյուղի հուշարձանները» հոդվածը՝ Էմմա Աբրահամյանի հեղինակությամբ:

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է՝ արևելքից կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կայծքար, կրաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք՝ հարավային կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները վեցն են, որոնցից երեքը բացվում են արևելյան, մեկական՝ արևմտյան, հարավային և հյուսիսային ճակատներում։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Հողածածկ

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
13,9 մ
Չափերը` լայնությունը
8 մ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Թաղոտ գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1Տե՛ս Աբրահամյան Է․, Թաղոտ գյուղի պատմական հուշարձանները, Վարձք № 15, Երևան, 2021, էջ 61։
2Տե՛ս նույն տեղը։
3Նույնն է` Գասպար։
4Աբրահամյան Է․, 2021, էջ 62։

Չափագրություններ
Թաղոտ, Սուրբ Հովհաննես եկեղեցի
Չափագրությունը՝ Սամվել Կարապետյանի

Աբրահամյան Է․, 2021 - Աբրահամյան Էմմա, «Թաղոտ գյուղի պատմական հուշարձանները», «Վարձք», Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, N° 15, Երևան, 2021։

Լուսանկարներ