Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Շախկախի վանք
Հուշարձան
Տիպային անվանումը
Վանական համալիր
Հատուկ անունը
Շախկախի վանք
Այլ անվանումներ
Շախկախա Սուրբ Աստվածածին, Շահկախ, Շաղախ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Որպես սրբատեղի՝ հայտնի է վաղ միջնադարից, իսկ 13-14-րդ դարերում այստեղ հիմնադրվել է Շախկախի վանական համալիրը։ 16-17-րդ դարերում վերակառուցվել է վանական համալիրի միանավ եկեղեցին, որի տեղում 1865 թվականին կառուցվել է ներկայիս եկեղեցին։ 1875 թվականին Շախկախի վանքում ուխտավորների համար կառուցվել է կացարան։ Խորհրդային տարիներին չի գործել, սակայն Սարինշենի և շրջակա գյուղերի համար եղել է սիրված ուխտատեղի մինչև 2020 թվականի հոկտեմբերը։

Սկզբնական պատկանելությունը
Դիզակ, Սարինշեն (Շաղախ) գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Վանական համալիր

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գավիթ, մատուռ-սրբարան, ուխտավորների սենյակ, գերեզմանոց, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակ), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Սարինշեն։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ծամձոր համայնք, Սարինշեն

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 3,7 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Սարինշեն գյուղից 1 կմ հարավ՝ Խնձորուտ կոչվող վայրում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1343 մ։
Նկարագրություն
Շախկախի վանքը գտնվում է Հադրութի շրջանի Սարինշեն գյուղի հարավային մասում։ Ըստ Գտչավանքի վանահայր Առաքել Կոստանդյանցի՝ սրբավայրի անվանումը կապվում է Պարսկաստանի Շաղախ նահանգից Ամարաս եկած և քրիստոնեություն ընդունած մի պատանու հետ, որն Ամարասում մկրտվում է և Գրիգորիս հայրապետի պատվին Գրիգոր է անվանակոչվում։ Այստեղ պատանի Գրիգորը քրիստոնեական կրթություն է ստանում և տարիներ շարունակ հոգևոր ծառայություն մատուցում Ամարասի տաճարում։ Տղայի հայրը բռնությամբ փորձում է որդուն հետ տանել։ Ճանապարհին, որդին չհնազանդվելով հորը, այլ ճանապարհ է ընտրում, ապա չլսելով նրան՝ փորձում է փախչել։ Որդու անհնազանդությունից զայրացած հայրը նրան սրախողխող է անում Դիզափայտ լեռան արևելյան կողմում գտնվող մի լեռան ստորոտում։ Այդ պահին նահատակված որդու մարմնի վրա լույս է իջնում, և հայրը, ուշքի գալով և զղջալով իր արածի համար, գնում է ոչ հեռու գտնվող Սպիտակ խաչ վանքը և վանականներին պատմում կատարվածը։ Վանականները վաղուց ծանոթ էին Գրիգորին։ Նրանք վանահոր գլխավորությամբ ուղևորվում են նահատակության վայրը և սրբին հուղարկավորում նույն տեղում․ «Մարմինը ամփոփեցին նահատակության տեղում, ակներև մեծ լույս ճառագայթեց [շողշողաց] երկնքից սուրբ տապանի վրա, որից բժշկության բազում հրաշքներ եղան: Եվ սուրբ տապանի վրա մի եկեղեցի շինեցին»1:

19-րդ դարի վերակառուցման ժամանակ ներկայիս եկեղեցու ներսում՝ հյուսիսային պատի ներքո, սուրբ նահատակի հիշատակին տեղադրվում է նորակերտ տապանաքար․ «Այս է տապան Ս[ուր]բ Շաղախ ի | Քրիստոնէից ուխտատեղի | Ընծայեցի մեր ծնողաց յիշատակի | Օվ որ կարթա Ա[ստուա]ծ ողորմի»:

Վանքը հիմնադրվել է առնվազն 13-14-րդ դարերում վաղմիջնադարյան սրբատեղիի տարածքում։ Հետագայում բազմիցս վերակառուցվել և ընդարձակվել է։ Սրբատեղիի հնության մասին են վկայում վանքի տարածքում և պատերին առկա բազմաթիվ խաչքարերը, զարդաքանդակ բեկորները, ինչպես նաև մատենագրական հիշատակումները։

1584 թվականին Աբրահամ անունով մի աբեղա վանքում մի ավետարան է գրում․ «Երկիրս Դիզակայ եւ ի գեաղս Հատրութի յանապատս որ կոչի Շախկախ և ընդ հովանեաւ Սուրբ Աստվածածնիս ի հայրապետութիւն Տավիթ կաթողիկոսի եւ ի սուրբ անապատիս առաջնորդութիւնն Յոհաննես եպիսկոպոսէս եւ յիշխանութիւնս Խոտայպանդին դառն եւ դժուարին ժամանակիս Հայոց ՌԼԳ»2։
Վանքը հիշատակվում է նաև 1673 թ․ Տյաք գյուղում գրված մի Ավետարանում․ «Յերկիրս Դիզակու ի գիւղս Դաք ընդ հովանեաւ սուրբ եւ նշանաւոր տեղւոջ, որ կոչի Շախկախ եւ այլ միաբանիցս Յակոբ եպիսկոպոսին եւ տէր Մկրտչին, տէր Բարսղին գրոց աշակերտ Սաղաթին»3:


Ըստ ներկայիս եկեղեցու բարավորի վրա պահպանված արձանագրության՝ այն կառուցվել է 1865 թվականին․ «1865 ամի կառուցաւ Ս[ուր]բ վանքս | Շաղաղու արդեամբ և ծախիւք | Վըրդնաշատ4 գիւղի բնակիչ | Աւագայ Գասպարեան ի յիշատակ | հանգուցեալ հոգւոյ իւրոյ եւ համայն ննճեցելոց»:
Այս մասին վկայել է նաև Գտչավանքի վանահայրը․ «Մեր այս ժամանակում մի մարդ՝ անունը Ավագ, երկու աչքով կույր, յոթ տարի ուխտավոր մնաց սուրբ վկային, նորոգեց եկեղեցին: Դրա համար համառորեն ծոմ էր պահում, ոտնաբոկ այցելում էր սուրբ տապանին՝ առաջնորդ ունենալով քրոջը: Նույն գիշերը լիապես ողջացավ անբուժելի կուրությունից, որի համար երկուսն էլ ուխտեցին չամուսնանալ մինչև մահ, ծառայել միայն սուրբ գերեզմանին: Հին մատուռը ևս քանդեցին, նոր հիմք նետեցին և շինեցին, որի քարերը մարդիկ [բերեցին] սրբազան եպիսկոպոս Սարգսի հրամանով: Օծեցի ես անարժանս»5:

Եկեղեցու տանիքը կրկին վերանորոգվել է 1886 թվականին, որի վերաբերյալ արձանագրություն է տեղադրվել եկեղեցու արևելյան պատի հարավային անկյունում․ «Ի յիշատակ Աւետիս եւ Կարապետ | Յարութունեանց հատրութե[ց]ի Ս[ուր]բ վանքս | ծածկեցի արկաթով 1886 ամի»։


Եկեղեցու արտաքին պատերին տարբեր ժամանակներում ուխտագնացները թողել են ներկագիր հիշատակություններ։
Եկեղեցու հյուսիսային պատկից որմնասյան ճակատին թաղասեռցի ուխտավոր Ռուդիկ Հովսեփյանը 1970 թվականին նկարել է Աստվածամոր պատկերը՝ որպես ընծա եկեղեցուն։ Ըստ էության՝ դա Ռաֆայելի Սիքստինյան Տիրամոր նմանակումն է։ Որմնանկարի ստորին հատվածում կարդում ենք․ «Թաղասեռ 1970թ. հիշատակ Ռուդիկ Հոսեփյանից»։
Ավելի ցած նկարված է խաչապատկեր, որի ձախ կողմում գրված է. «Այստեղ եղել են` Ռուսիկը, Դավիդը, Ռուդիկը, 1970թիվ, Ումբերտո»։
Որմնանկարի հեղինակը պատկերի ձախ կողմում կարմիր ներկով գրել է․ «Նկարի վրա չի կարելի գրել, Շախկախը նրան կպատժի»։
Այնուհանդերձ, 1991 թվականին գյուղը և վանքը բռնազավթած ադրբեջանական ՕՄՕՆ-ի զինծառայողները, նկարը քերելով, ռուսերենով վավերացրել են իրենց ներկայությունը։


Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, ուխտավորների սենյակից և մատուռ-սրբարանից։ Համալիրի արևելյան կողմում եկեղեցին է։ Ուղղանկյուն հատակագծով (13,20 x 6,6 մ) և կիսաշրջանաձև խորանով միանավ սրահ է։ Կառուցված է տեղական սրբատաշ, կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Կամարները, շքամուտքը, լուսամուտների շրջանակները սրբատաշ են։ Եկեղեցին թաղակապ է։ Թաղածածկը հենված է հարավային և հյուսիսային պատերի որմնասյուներից բարձրացող կամարին և ձուլված պատերին։ Խորանի բեմը բարձրադիր է՝ երկու կողմերից բարձրացող քառաստիճան սանդուղքներով։ Բեմին պահպանվել է Սուրբ Սեղանը։
Հարավային պատի արևմտակողմ հատվածում է տեղակայված եկեղեցու միակ մուտքը։ Այն գեղեցիկ հարդարված կամարակապ շքամուտք է։ Կամարակապ շրջանակի ներքո՝ գեղեցիկ ալիքաձև պսակով զարդարված բարավորին, փորագրված է 1865 թվականի վերակառուցման մասին արձանագրությունը։ Եկեղեցին լուսավորվում է արևելյան և հարավային պատերից բացվող մեկական փոքրիկ, դեպի ներս լայնացող լուսամուտներով։

Եկեղեցու արևմտյան մասում ավերված գավիթն է, որից պահպանվել է միայն արևմտյան պատը։ Գավիթը ևս միանավ սրահ է։ Ներկայիս եկեղեցու վերակառուցման ժամանակ փակվել է եկեղեցու՝ արևմտյան կողմից գավթին միացող մուտքը։ Ավերված գավթի արևմտյան պատին պահպանվել են մուտքը և կենտրոնական հատվածից բացված ուղղանկյուն լուսամուտը։ 

19-րդ դարում գավթից հարավ կառուցվել է փոքրաչափ սրբարան-մատուռ։
Համալիրի արևմտյան կողմում է գտնվում ուխտավորների սենյակը։ Այն ևս միանավ թաղակապ սրահ է։ Վանական համալիրի շուրջը՝ դեպի արևելք և հյուսիս, տարածվում է գերեզմանատունը, որը նաև Սարինշեն գյուղի գործող գերեզմանոցն էր։
2013 թվականին Անդրանիկ Բադալյանի հովանավորությամբ եկեղեցին վերանորոգվել է, տանիքը պատվել է մոխրագույն կղմինդրով։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-19-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության

Ըստ եկեղեցու մուտքի բարավորի վերակառուցման մասին արձանագրության

Ըստ ուխտավորների կացարանի մուտքի բարավորի շինարարական արձանագրության

Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Ըստ ձեռագիր մատյանների մատենագիտական տվյալների

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Վանքի տարածքում և շինությունների պատերին ագուցված են 13-17-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր և գեղաքանդակ բեկորներ։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Որպես սրբատեղի՝ հայտնի է վաղ միջնադարից։ 13-14-րդ դարերում այստեղ հիմնադրվել է վանք։ 16-17-րդ դարերում վերակառուցվել է միանավ եկեղեցին։ 1584 թվականին վանքում ընդօրինակվել է ավետարան։ 1865 թվականին եկեղեցու հին շինությունը հիմնովին քանդվել է և տեղում կառուցվել է ներկայիս շինությունը։ 1875 թվականին ուխտավորների համար կառուցվել է կացարան։ 1886 թվականին տանիքի ծածկը փոխարինվել է մետաղյա թիթեղով։ Խորհրդային տարիներին եկեղեցին չի գործել, սակայն Սարինշենի և շրջակա գյուղերի համար վանքը շարունակել է լինել նվիրական ուխտատեղի մինչև 2020 թվականի հոկտեմբերը, այնուհետև Սարինշեն գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Պատմական համառոտ տեղեկանք
Սրբատեղիի մասին առաջին անգամ հիշատակում է Գտչավանքի վանահայր Առաքել վարդապետ Կոստանդյանցը «Արցախի պատմություն» ձեռագրում։

Շախկախի վանքը հիշատակվում է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ։ Վանական համալիրին անդրադարձել են հուշարձանագետ Շահեն Մկրտչյանը՝ «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները» գրքում, բանասեր Թամարա Մինասյանը՝ «Արցախի գրչության կենտրոնները» ուսումնասիրության մեջ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կայծքար, կրաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք՝ հարավային կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները երկուսն են, որոնցից մեկը բացվում է արևելյան, մյուսը՝ հարավային ճակատից։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Եկեղեցին երկթեք է։ Ի սկզբանե ծածկված է եղել կղմինդրով, որը հետագայում փոխարինվել է մետաղյա թիթեղով։ 2013 թվականի վերանորոգման ժամանակ տանիքը պատվել է մոխրագույն կղմինդրով։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է տեղական կոպտատաշ և անմշակ կայծքարով, ավազաքարով, կրաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են մուտքի եզրաքարերը, որմնասյուները և որմնակամարները։

Տիպը
Վանք-ուխտատեղի
Պահպանվածությունը`
 Միջին (հիմնովին վերանորոգվել է միայն եկեղեցին)։

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Սարինշեն գյուղի, Դիզակի և Արցախի պատմական անցյալի ուսումնասիրության համար։ Շախկախն Արցախի հարավային հատվածի կարևոր ուխտավայրերից մեկն է եղել։
Չափագրություններ
Շախկախի վանքի եկեղեցու հատակագիծը
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի (Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван, 1989․)
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կոստանդյանց Ա․, 1858-1865 - Առաքել վարդապետ Կոստանդյանց, Արցախի պատմութիւն, 1858-1868, ՄՄ 7822:
Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։
Մինասյան Թ․, 2015 - Մինասյան Թամարա, Արցախի գրչության կենտրոնները, Երևան, 2015։
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
Քէշիշեան Մ․, 1964 - Մեսրոպ վարդապետ Քէշիշեան, Ցուցակ հայերէն ձեռագրաց Զմմառի վանքի մատենադարանին, Վիեննա, 1964։

.
Գ.Բ․, Ա․Լ-Ե