Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Ցոր, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Ամենափրկիչ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից

Սկզբնական պատկանելությունը
Ցոր գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքար, տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Ցորը ընդգրկված է եղել պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Սիսական ի Կոտակ և Մյուս Հաբանդ գավառների կազմում, հետագայում պատկանել է Դիզակ գավառին և համանուն մելիքությանը։ Մինչ 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ցոր գյուղ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ցոր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 3 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ցոր գյուղի հարավարևմտյան եզրին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 957 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի ավազանում՝ գետից 23 կմ դեպի հյուսիս։
Նկարագրություն
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Ցոր գյուղի հարավարևմտյան եզրին՝ հին թաղամասի կենտրոնում։
Ըստ ճարտարապետական և շինարարական առանձնահատկությունների՝ եկեղեցին թվագրվում է 17-րդ դարով, սակայն հնարավոր է, որ այն կառուցված լինի ավելի հին սրբավայրի տեղում։ Եկեղեցու մուտքի բարավորի վերին ձախ անկյունում անվարժ փակագրով փորագրված արձանագրություն է։ Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն այն կարդացել է այսպես՝ Յիշատակ է Ն1։ Մենք առաջարկում ենք արձանագրության հետևյալ ընթերցումը` Յ․․․ ՌՃԼԷ թվին (1688 թ․), որը լուսաբանում է նաև եկեղեցու կառուցման թվականը։

Եկեղեցին եռանավ բազիլիկատիպ կառույց է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։ Կենտրոնական թաղակապ ծածկը հենված է կենտրոնական չորս ուղղանկյուն սյուներին կից և արևելյան, արևմտյան պատկից զույգ որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա։ Կողային նեղ նավերի թաղերը հենված են կենտրոնական սյուներին և ձուլված հյուսիսային ու հարավային պատերին։ Կենտրոնական նավը զգալիորեն բարձր է կողային նավերից։ Գմբեթարդի կամարը սլաքաձև է։ Խորանի կենտրոնում երկայնաձիգ կամարակապ լուսամուտն է, որի աջ և ձախ կողմերում մեկական փոքրիկ պատրհաններն են։ Ձախակողմյան պատրհանը երիզված է կամարակապ սրբատաշ շրջանակով։ Բեմը բարձրադիր է, որի երկու կողմերից դեպի խորան են բարձրանում քառաստիճան սանդուղքներ։ Բեմառէջքն աչքի է ընկնում իր զարդաքանդակներով․ երիզված է նուրբ հյուսվածազարդ ուղղանկյունաձև շրջանակով։ Շրջանակի ներքո ևս երկու քանդակազարդ գոտիներ են, որոնցից ստորինն ամբողջությամբ պատված է երկրաչափական հյուսկեն և ծաղկազարդ քանդակներով, իսկ վերինը՝ մասամբ։ Վերին գոտու եզրային հատվածներում գեղաքանդակ վարդյակներն են, իսկ դեպի կենտրոն՝ վարդյակների և հյուսվածազարդ հատվածների միջև, երեքական խաչքարային հորինվածքով գեղաքանդակ խաչապատկերներ են, որոնք առնված են եռակամար խորանի ներքո։ Բեմառէջքի ձախ եզրին՝ ներքևից վերև ուղղությամբ, փորագրված է «Գիրիգոր», որն ամենայն հավանականությամբ վարպետի անունն է։ Բեմառէջքի զարդաքանդակները և ոճավորումը գրեթե կրկնում են Ծակուռի գյուղի՝ 1682-ին Հակոբ վարդապետի կառուցած Ծաղկավանք եկեղեցու շքամուտքի մոտիվները։ Սա ևս փաստում է, որ եկեղեցին կառուցվել է 1680-ականներին։ 
Կառույցի հյուսիսային արևելակողմ պատին՝ կամարակապ խորշի մեջ, մկրտության ավազանն է։ Լուսավորվում է դեպի ներս լայնացող յոթ կամարակապ լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են արևելյան ճակատից, երեքը՝ հարավային, մեկը՝ արևմտյան։

Եկեղեցու հարավային կողմում փոքրիկ գերեզմանոց է, որտեղ պահպանվել են մի քանի արձանագիր տապանաքարեր։

2016-2020 թթ․ եկեղեցին վերանորոգվել է ծնունդով ցորեցի, ռուսաստանաբնակ Սմբատ Աբրահամյանի բարերարությամբ։ Տանիքին վերստին տեղադրվել է վեց սյուներով և բրգաձև վեղարով զանգակատուն-ռոտոնդան։ 
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար (1688 թ.)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ մուտքի բարավորի արձանագրության

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և հորինվածքային առանձնահատկությունների և բեմառէջքի զարդաքանդակների համեմատական ուսումնասիրության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
2020 թ․ հոկտեմբերից Ցոր գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի վիճակի մասին տեղեկություններ չկան։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին հիշատակվում է ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ»2, վիմագրագետ Սարգիս Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության»3 աշխատությունների մեջ։ Եկեղեցուն անդրադարձել է հուշարձանագետ Շահեն Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները» գրքում4։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Հնագիտական մաս՝ շերտագրությունը, գտածոները
Եկեղեցու վերանորոգման և տարածքի մաքրման ժամանակ հայտնաբերվել են 17-րդ դարի նվիրատվական բնույթի փոքրաչափ մի խաչքար և զարդաքանդակ բեկորներ։

Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով եռանավ թաղակապ բազիլիկ եկեղեցի է՝ արևելքից կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կայծքար, կրաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք՝ հարավային կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները յոթն են․ երեքը՝ արևելյան ճակատին, երեքը՝ հարավային, մեկը՝ արևմտյան։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Տանիքը ի սկզբանե եղել է կղմինդրածածկ։ Հետագայում խարխլված ծածկը փոխարինվել է մետաղական թիթեղով։ 2016-2018 թթ․ եկեղեցին նորոգվել է, տանիքը վերստին պատվել է կղմինդրով։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է տեղական կոպտատաշ և անմշակ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարից են մուտքի և լուսամուտների եզրաքարերը, բեմառէջքը, կամարները, խորշերի և մկրտության ավազանի կամարակապ շրջանակները։

Հարդարանքը
Եկեղեցու հարդարանքում խիստ առանձնանում է քանդակազարդ բեմառէջքը։

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
21,7 մ
Չափերը` լայնությունը
12,2 մ
Չափերը` բարձրությունը
10,5 մ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Ցոր գյուղի պատմության, հոգևոր կյանքի, ինչպես նաև Արցախի եկեղեցաշինության և ճարտարապետության ուսումնասիրության համար։
----------------------------
1Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 65։
2Նույն տեղում։
3Բարխուդարյան Ս․, Դիվան հայ վիմագրության, Արցախ, պրակ 5, Երևան, 1982, էջ 186-187։
4Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985, էջ 132։
Չափագրություններ
Ցոր, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի (Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван, 1989, стр․ 108․)
Լուսանկարներ