Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Ալաշան, խաչքար-սրբատեղի
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Չունի
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանային կոթող

Սկզբնական պատկանելությունը
Խաչենի իշխանություն

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Մեծ շեն, Ալաշան բնակատեղի։

Հասցե
Մարտակերտի շրջան, Մեծ շեն, Ալաշան բնակատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 13 կմ արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մեծ շեն գյուղից 4,7 կմ հարավ-արևմուտք՝ Ալաշան առողջարանային ավանից 1 կմ հյուսիս-արևելք՝ Դրմբոն-Մատաղիս ճանապարհից 50 մ աջ գտնվող մացառապատ լեռնալանջին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 912 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Սարսանգի ջրամբարից շուրջ 700 մ հարավ-արևմուտք՝ Տրտուի աջակողմյան Ցեխ ձոր և Կրիաների ձոր կոչվող առուների միջանկյալ լեռնաճյուղին:
Նկարագրություն
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղից 4,7 կմ հարավ-արևմուտք՝ Ալաշան1 բնակատեղիի (առողջարանային ավան) մոտ, պահպանվել է միջնադարյան մի ինքնատիպ խաչքար։ Այն աչքի է ընկնում 13-րդ դարի արցախյան խաչքարարվեստի մի խումբ հուշարձաններին բնորոշ պատկերագրական իր տիպով, որի օրինակներն ունենք Հաթերքում, Դրմբոնում և այլուր։ Խաչքարն առանձնանում է նախևառաջ իր արտաքին ձևով, քանի որ խաչքարի ուղղանկյուն դաշտը պսակվում է երկթեք վերնամասով՝ հիշեցնելով հոգևոր կառույցների՝ մատուռների և մատուռ-խաչքարերի ճարտարապետությունը։
Բուն հորինվածքի կենտրոնում կիսաշրջանաձև խաչախորանն է, որի խորքից անջատվում է մեծածավալ, նրբագեղ, երկակի եռաբողբոջ թևերով կենտրոնական խաչը։ Ուղղահայաց խաչաթևի հիմքից դեպի վեր երկկողմանի տարածվում են փարթամ թփերով պսակվող արմավաճյուղերը։

Խաչի սլացիկ համաչափությունների նրբագեղությունը, ողջ մակերեսը ծածկող ծակոտկեն հյուսվածազարդ նախշը, ինչպես նաև խաչի կենտրոնից տարածվող շրջանաձև լուսապսակն ու դրանից բխող բոցաճաճանչ ճառագայթները ներկայացնում են փրկության Սուրբ խաչի երևման լուսավոր նշանը, որ տարածվեց Երուսաղեմի երկնակամարում՝ Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռան կողմը. «Եվ ապա երկնքի վրա Մարդու Որդու նշանը պիտի երևա» (Մատթ. ԻԴ 30)

Հորինվածքի ստորին հատվածում պատկերված է կրկին Արցախի խաչքարագործությանը բնորոշ պատկերաքանդակ, որի նմանատիպը հանդիպում ենք նաև Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղի Խաչին խութ գերեզմանոցի երկու խաչքարերի վրա (13-րդ դար)։ Պատկերաքանդակ հորինվածքը ներկայացնում է հանգուցյալի հոգու հանգստի համար տրված հոգեհացի տեսարան․ կենտրոնում լի սեղան է կամ սկուտեղ, որի շուրջը աջից քանդակված է սրունքները ծածկող երկար զգեստով, ամենայն հավանականությամբ, կնոջ պատկեր։ Վերջինս լուսապսակ ունի, ինչից ենթադրում ենք, որ պատկերված անձը սուրբ է։ Ձախից տղամարդ է քանդակված՝ գինու կուժն ու գավաթը ձեռքին։ Չնայած քանդակի վատ պահպանվածությանը՝ այդուհանդերձ տեսանելի են նրա հագուստի որոշ մանրամասներ, որոնք վկայում են ներկայացված անձի ազնվական ծագման մասին։ Ուշագրավ է մինչև սրունքներն իջնող երկար զգեստը, որը գոտկատեղը բոլորում է նեղ գոտով։ Կերպարը գլխարկով է, գեղեցիկ հարդարված մազերով ու բեղ-մորուքով։ Կենտրոնական պատկերաքանդակ հորինվածքի երկու կողմից քանդակված են մեկական ծաղկած պարզ խաչեր։ Խաչախորանի մեջ ընդգրկված կենտրոնական խաչն ամբողջությամբ շրջապատված է պերճ ու շքեղ հյուսվածազարդ զարդագոտով, որն աչքի է ընկնում իր ձևերի բազմազանությամբ, ինչպես նաև դեկորատիվ հարստությամբ։

Հորինվածքի ստորին հատվածում արմավազարդերի հարևանությամբ գտնվող զարդանախշ գոտին կազմված է միաձույլ երեքական գեղեցիկ պարանահյուս լուսաստղերից։ Այն շարունակվում է նախ ավելի նեղ բուսազարդ շրջանակներով և ավարտվում խաչակամարի երկու կողմերում ժապավենաձև և պարանահյուս զարդաքանդակ խաչային հորինվածքներով։ Հատկապես ուշագրավ է երկթեք վերնամասի լայն խաչազարդ գոտին, որն ամբողջությամբ հյուսկեն է։ Ուշագրավ է նաև, որ այս գոտու և բուն խաչքարի միջև ստեղծվել է եռանկյուն ճակտոն, որն իր հերթին զարդարված է բուսական նախշերով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, միջնադար (13-րդ դար)

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճային և պատկերագրական առանձնահատկությունների քննության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Խաչքարը կերտվել և կանգնեցվել է միջնադարում (13-դար)։ Հավանաբար հուշարձանն ի սկզբանե հիմնադրվել է որպես սրբատեղի։ Խաչքարը ժամանակի ընթացքում տապալվել է, սակայն մնացել է անվնաս։ Այն հայտնաբերվել է 2000-ականների սկզբին՝ տեղացիների կողմից, ու կանգնեցվել իր տեղում։ 2023 թվականի սեպտեմբերին տարածքը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։ 
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2022 թվականին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նորահայտ հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային աշխատանքներ։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի վերաբերյալ պատմական տեղեկություններ չեն պահպանվել։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն կրաքար
Տիպը
Խաչքար-սրբատեղի
Չափերը` լայնությունը
77 սմ
Չափերը` բարձրությունը
175 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
31 սմ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կոթողն աչքի է ընկնում յուրօրինակ կառուցվածքով և ուշագրավ պատկերաքանդակներով։ Այն կատարողական հմտությամբ և զարդաքանդակների շքեղությամբ Արցախի միջնադարյան խաչքարարվեստի լավագույն օրինակներից է։ Խաչքարի նմանատիպ օրինակները և դրանց հետագա զարգացումները հանդիպում են արցախյան խաչքարարվեստում՝ սկսած 13-րդ դարից։
----------------------------
1Տարածված է նաև Ալըշան տարբերակը։

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Մատենագիտական տվյալներ չկան։
.
Ա․ Հ․,   Ս․ Դ․,   Ա․ Լ․-Ե․