Լուսանկարը՝ Կարինե Անդրյանի
Պատարա, Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Ստեփանոս Այլ անվանումներ
Սորփ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ներկայիս եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, սակայն կառուցվածքային որոշ տարրեր հուշում են, որ շինությունը վերակառուցվել է ավելի հին սրբավայրի տեղում։ Պատերին ագուցված 12-14-րդ դարերի խաչքարերը փաստում են, որ դեռևս միջնադարից եկեղեցու տեղում եղել է սրբատեղի։ 1999 թվականին կառույցը վերանորոգվել է և կրկին գործել որպես եկեղեցի։ Այստեղ հոգևոր ծառայություն էր իրականացնում Աստղաշենի քահանա Տեր Բենիամին Ծատուրյանը։ Եկեղեցին գործել է մինչև 2023 թվականի սեպտեմբերը։
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչենի իշխանություն), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, ՊատարաՀեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պատարա գյուղի կենտրոնում՝ հին թաղամասի հարավային եզրին։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 876 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Պատարա գետի Պիծի գետ վտակի ձախափնյա թեքադիր լանջին։ Նկարագրություն
Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Պատարա գյուղի կենտրոնում՝ հին թաղամասի հարավային եզրին: Ըստ բանահավաք, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի՝ կոչվել է Սուրբ Ստեփանոս և ունեցել է մեկ քահանա1։
Ներկայիս եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում և կրում է Շուշիի քաղաքային ճարտարապետության ազդեցությունը։ Սակայն ակնհայտ է, որ այն կառուցվել է ավելի վաղ շինության տեղում, ինչի մասին են վկայում եկեղեցու հյուսիսային և հարավային պատերին՝ կամարների միջակայքում ագուցված միջնադարյան հինգ գեղաքանդակ խաչքարերը։
Խորհրդային տարիներին եկեղեցին կիսավեր վիճակում էր։ Վահագն Հովնանյանի բարերարությամբ՝ 1999 թվականին եկեղեցին վերանորոգվել է, տանիքը թիթեղապատվել, իսկ երկթեք ծածկի կենտրոնում տեղադրվել մետաղյա քառասյուն զանգակատուն-ռոտոնդա։ Վերանորոգության վերաբերյալ մուտքի ձախ կողմում ագուցվել է հիշատակագրական արձանագրություն․ «Վերաշինեցաւ Ս(ուր)բ Ստեփանոս | եկեղեցիս բարերարութեամբ | Վահագն Հովնանեանի ի յիշատակ | հօրն իւրոյ Ստեփանոսի | յառաջնորդութեամբ Տ(էր) Պարգեւի | արքեպիսկոպոսի եւ ի | տեղապահութեան Տ(էր) Ներսեսի | Արքեպիսկոպոսի յամի | տեառն ՌՁՂԹ 1999»։
Եկեղեցին իր ժամանակաշրջանի նմանատիպ հուշարձանների համեմատ ունի բավականին մեծ չափեր և ընդարձակ սրահ։ Ներքուստ միանավ շինություն է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։ Թաղակապ ծածկը և կրող կամարները հենված են հյուսիսային և հարավային կողմերի չորսական կամարակապ մույթերի վրա։ Եկեղեցին ունի բարձր բեմ և բեմառէջքի՝ երկու կողմերից դեպի խորան բարձրացող չորս աստիճան։ Խորանի հյուսիսային և հարավային կողապատերին կան մեկական պատրհաններ։ Հյուսիսային պատին՝ կամարակապ խորշի մեջ, մկրտության ավազանն է, ձախ կողմում՝ փոքրիկ պատրհան։
Արտաքուստ կառույցի հարավային պատը ոճավորված է վեց որմնասյուների վրա հենված հինգ կամարներով։ Եկեղեցու միակ մուտքը ներառված է հարավային ճակատի կենտրոնական որմնակամարի մեջ։ Վերանորոգության ժամանակ մուտքի վերնամասում ագուցվել է ժամանակակից խաչաքանդակ-քար։
Եկեղեցին լուսավորվել է արևելյան, արևմտյան և հարավային ճակատներից բացվող հինգ նեղ, դեպի ներս լայնացող կամարակապ լուսամուտներով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-20-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Շահեն Մկրտչյանն իր «Արցախի պատմա-ճարտարապետական հուշարձանները» աշխատության մեջ նշել է, որ եկեղեցին կառուցվել է 1678 թվականին՝ Սարգիս քահանայի կողմից՝ Խաչենի իշխան Մելիք Ալավերդյանի հովանավորությամբ2։ Հեղինակի նշած արձանագիր բարավորը չի պահպանվել։
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական առանձնահատկությունների Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Ըստ ճարտարապետական և շինարարական առանձնահատկությունների՝ եկեղեցին թվագրվում է 19-րդ դարով և կրում է Շուշիի քաղաքային ճարտարապետության ազդեցությունը։ Կառույցի որոշ հատվածներ բնորոշ են 17-րդ դարի եկեղեցական ճարտարապետությանը։ Պատերին ագուցված 13-14-րդ դարերով թվագրվող խաչքարերը ենթադրել են տալիս, որ սրբատեղին շատ ավելի հին պատմություն ունի։ Խորհրդային տարիներին եկեղեցին ավերվել է և հիմնովին վերականգնվել է անկախության շրջանում։ Գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 29-ից բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Եկեղեցու մասին հիշատակում են ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցը՝ «Արցախ» աշխատության մեջ (1895 թ․), պատմաբան Շահեն Մկրտչյանը՝ «Արցախի պատմա-ճարտարապետական հուշարձանները» գրքում (1988 թ․)։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ թաղակապ շինություն է։ Ներքուստ՝ հյուսիսային և հարավային պատերին, կան չորսական կամարակիր մույթեր։ Եկեղեցու բեմը բարձրադիր է, խորանը` կիսաշրջանաձև, թաղը՝ կամարակապ։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կառուցված է սրբատաշ և անմշակ քարերով։ Պատերի շարվածքի մեջ օգտագործվել են կրաքար, տրավերտին, գետաքար և կրաշաղախ։ Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք՝ հարավային կողմից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Թվով հինգ լուսամուտները բացված են արևելյան, արևմտյան ու հարավային ճակատներից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, թիթեղապատ Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Եկեղեցու ճարտարապետական պատասխանատու հատվածներում (անկյունաքարեր, որմնասյուներ, կամարներ և այլն) օգտագործվել են սրբատաշ կրաքար և տրավերտին։
Հարդարանքը
Եկեղեցին ունի զուսպ հարդարանք։
Տիպը
Թաղակապ սրահ Չափերը` երկարությունը
16,75 մ Չափերը` լայնությունը
9,35 մ Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, ինչպես նաև Պատարա գյուղի պատմամշակութային և հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար։ ----------------------------
1Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 159։
2 Շահեն Մկրտչյանի «Արցախի պատմա-ճարտարապետական հուշարձանները» աշխատության մեջ կան անհամապատասխանություններ։
Լուսանկարներ
...
.
Ա.Հ., Ս․Դ․