Ջրաբերդ ամրոց
Հուշարձան
Տիպային անվանումը
Ամրոց-ապարանք
Հատուկ անունը
Ջրաբերդ
Այլ անվանումներ
Ջարաբերդ, Ջրբերդ, Չարաբերդ, Չրաբերդ, Ծառաբերդ, Ճառաբերդ, Ճարաբերդ, Ճարբերդ, Չարբերդ, Չլաբերդ, Չլբերդ, Ջերմուկի բերդ, Ջերմուկ, Ջմուկ, Ջրմուկ, Ջրմուղ, Ջրմուտ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Բերդի առաջին հիշատակումը տվել է Մովսես Կաղանկատվացին 7-րդ դարում։ 13-րդ դարում բերդը հզորացվել է Վախթանգյանների (Հասան Ջալալյաններ) իշխանության ժամանակ։ 17-րդ դարում ամրոցը դարձել է Ջրաբերդի իշխանության նստավայրը, այդ ժամանակ էլ կառուցվել է իշխանական ապարանքը։

Սկզբնական պատկանելությունը
Առանշահիկների իշխանություն

Պահպանման միավորի անվանումը
Ամրոց-ապարանք

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական տարբեր ժամանակներում Ջրաբերդի ամրոցը մաս է կազմել Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Կուենք, Մեծ Առանք, Ներքին Խաչեն գավառների (հետագայում՝ Ջրաբերդի իշխանություն), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Տոնաշեն։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Տոնաշեն

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տոնաշենից 6,5 կմ հարավ-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 629 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Տրտու և Թրղի գետերի միախառնման վայրում՝ սեպաձև ժայռազանգվածի վրա։
Նկարագրություն
 Ջրաբերդ ամրոցը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղից 6,5 կմ հարավ-արևմուտք: Տեղակայված է հսկայածավալ թերակղզաձև ժայռազանգվածի վրա։ Երեք կողմից պաշտպանված է Տրտու և Թրղի գետերով, իսկ հյուսիսային կողմից՝ բնական անառիկ ժայռերով: Եղել է համանուն գավառի պաշտպանական կարևոր հենակետերից մեկը, ինչպես նաև իշխանական նստավայրը։ Ըստ պատմական տեղեկությունների՝ տարբեր ժամանակներում Ջրաբերդը պատկանել է հետևյալ իշխանական տոհմերին՝ Առանշահիկ, Հասան Ջալալյան, Դոփյան և Մելիք Իսրայելյան։

Պատմական աղբյուրներում բերդը ներկայացվել է տարբեր անվանումներով․ Կաղանկատվացին հիշատակում է Չարաբերդ1, Մխիթար Գոշը նշում է Ճառաբերդ («Իշխան Ճառաբերդին և նորին դղեակին․․․»), որի մասին վկայությունը բերված է Ղ․ Ալիշանի Հայապատում գրքից2, իսկ Ղևոնդ Ալիշանը բերդն անվանում է Չլաբերդ, Չլբերդ, Չրաբերդ, Ջրաբերդ3։
Ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 620-ական թթ․՝ խազարների արշավանքների առիթով4։ 
Ամրոցի դերը մեծանում է հատկապես 16-րդ դարի թուրք-պարսկական պատերազմների և հետագա դարերում արցախցիների մղած ազգային-ազատագրական պայքարի ժամանակ՝ մասնավորապես մելիքական շրջանում՝ Մելիք Իսրայելյանների իշխանության օրոք։ 18-րդ դարում Ջրաբերդը Արցախի գլխավոր ռազմավարական հենակետերից մեկն էր։ Բերդի մասին վերջին հիշատակումը վերաբերում է 1789 թվականին, երբ Մելիք Մեժլումի հարազատներն ու մերձավորները պատսպարվել էին Ջրաբերդում5։

Ջրաբերդը բոլոր կողմերից պարսպապատված է եղել, առավել բարձրությամբ առանձնացել են հատկապես գետափնյա պարսպապատերը, որոնք հզորացված էին որմնահեծերով և բոլորաձև բերդաշտարակներով։ Ամրոցի շինությունները եղել են թաղակապ և փայտաշեն ծածկերով։ Դարպասը տեղակայված է հարավարևմտյան ցածրադիր հատվածում՝ գետերի միախառնման վայրին մոտ։ Դարպասի ներքին հատվածում՝ գերանակապ երկրորդ հարկում, եղել է, ամենայն հավանականությամբ, պահակակետը, որի կառույցից պահպանվել են պատի կենտրոնական հատվածի ուղղանկյունաձև պատրհանը և փոքրիկ դիտանցքները, ինչպես նաև պատի մեջ երևացող գերանների տեղերը։ Մուտքին զուգահեռ՝ հարավային կողմում՝ պարսպապատի մեջ ևս մի քանի հարկից բաղկացած սենյակներ են եղել։ Երևում են նաև հարկերը բաժանող գերանների տեղերը։ Դարպասի հյուսիսային կողմում բոլորաձև բարձր դիտաշտարակն է։ Ամրոցում ջրի խնդիրը լուծվել է Թրղի գետ իջնող ստորգետնյա անցուղով, իսկ ջուրը հավաքվել է ներսում կառուցված ջրամբարում։ Այս մասին բանահավաք, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը նշում է․ «Բայց որովհետև բերդումս չկայ ջուր, վասն որոյ բերդիս միջից դեպի Թարթառ գետն կտրած են վիմափոր ականներ, որոնց միջի սանդղաձև աստիճաններով երթևեկելով ջուր մատակարարած են բերդիս պաշարման ժամանակ»6։
 Նույն վկայությունն է հաղորդել նաև Րաֆֆին Ջրաբերդ այցելելուց հետո7։
  
Ջրաբերդի մելիքության տարիներին (17-18-րդ դդ․) ամրոցի կենտրոնական բարձրադիր հատվածը վերակառուցվել է, ավելացվել են նոր շինություններ։ Կառուցվել է մելիքական ապարանք, որին անդրադարձել է ճարտարապետ Արտակ Ղուլյանն իր «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» աշխատության մեջ․ «Ապարանքը բաղկացած է հյուսիսից հարավ ձգված միջանցքաձև անցումի արևելյան և արևմտյան կողմերում կառուցված պարսպակից սենյակաշարքերից, որոնցից արևելյանի հատակը փոքր-ինչ բարձր է արևմտյանից․․․․
Արևմտյան սենյակաշարում երկայնական պատերով կից երեք սենյակներ են, որոնցից երկուսը գրեթե միաչափ են (ներքուստ՝ 3,25 x 4,5 մ), խորքի պատում ունեն պահարանախորշեր ու բուխարիներ և մեկական մուտք՝ միջանցքից, իսկ համեմատաբար մեծ երրորդ սենյակի (ներքուստ՝ 3,65 x 5,2 մ) մուտքի դիմաց խոշորաչափ բուխարին է, պատեզրին՝ Թրղի գետի հովտին ու հեռվում երևացող Երիցմանկանց վանքին նայող միակ պատուհանը։ Սրանց հարավ-արևմտյան անկյունից սկսվող կրկնապարիսպը բուխարիավոր բուրգով և հանդիպակաց ժայռով կազմում է ապարանքի մուտքը, իսկ արտաքին պարիսպը դեպի հարավ շարունակվում ու կորագծով միանում է հաջորդ ժայռին՝ առաջացնելով դժվարանցանելի, նեղ ու ոլորուն կրկնամուտք-միջանցք։
Արևելյան շարքում սենյակները արտաքին պարիսպներին են հպվում երկայնական կողմով, շարքի միջին մասում առաջացնելով խիստ անկանոն հատակագծով բաժանմունքներ, որոնց նախնական ձևն ու նշանակությունը վատ պահպանվածության պատճառով դժվար է որոշել։ Սրանց հարավային կողմում բուխարու և խորշերի պահպանված մնացորդնեորվ ու ձորահայաց նեղլիկ պատուհանով մի երկարավուն սենյակ է (ներքուստ` 3,3 x 7,35 մ), իսկ հյուսիսային շարունակությունը բաղկացած է միջանկյալ երեսբաց սրահով կապված երկու գրեթե միաչափ սենյակներից (հարավայինը՝ 3,0 x 4,45 մ, իսկ հյուսիսայինը՝ 2,9 x 4,55 մ)….
Այս շարքի հարավային եզրում, ժայռակից պարսպի բրգաձև ելուստից քիչ հեռու պահպանվել է խորշաձև մասով և դեպի դուրս ուղղված երկու պատուհանով մի փոքրիկ սենյակ, որի հատակը մյուսներից բարձր է և պարիսպների որոշ հատվածների հետ հավանաբար ավելի վաղ ծագում ունի։
Սենյակների պատերը պահպանվել են մինչև 2 մ բարձրությամբ և որոշ տեղերում ունեն 50-60 սմ, իսկ հիմնականում՝ 80-90 սմ հաստություն․․․․ »8։

1950-ական թթ․ Երից Մանկանց վանք տանող ճանապարհի հատվածից երկրաբանները ջրագրական հետազոտության նպատակով թունել են փորել դեպի միջնաբերդ, որը դարձել է բերդ տանող ամենից հեշտ և կարճ ճանապարհը։
Անկախության տարիներին Ջրաբերդը եղել է ակտիվ զբոսաշրջային ուղղություն։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
7-17-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Բերդի մասին առաջին հիշատակությունը տվել է Մովսես Կաղանկատվացին (7-րդ դար)։

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ջրաբերդի ներկայիս շինությունները կառուցվածքային և շինարարական առանձնահատկություններով փաստում են, որ վերակառուցումներ և հավելումներ են կատարվել մինչև 18-րդ դարը։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Ամրոցի շինությունները կառուցվել են տարբեր ժամանակներում։ Մեզ հասած հուշարձանն իր մեջ ներառում է վաղ միջնադարից մինչև 18-րդ դարին վերաբերող շինարարական միջամտություններ։ 
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանը հիշատակված է մի շարք մատենագիրների ու պատմիչների կողմից։ Բերդի պատմությանն անդրադարձել են պատմիչ Կիրակոս Գանձակեցին («Պատմություն հայոց»), գրող, պատմաբան Լեոն («Երկերի ժողովածու»), արձակագիր, հրապարակախոս Րաֆֆին («Խամսայի մելիքությունները»), պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը («Խաչենի իշխանությունը»)։

Ջրաբերդի մելիքական ապարանքն ուսումնասիրել ու չափագրել է ճարտարապետ Արտակ Ղուլյանը։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ամրոցի պարիսպները հզորացված են բրգաձև աշտարակներով։

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ամրոցի միակ մուտքը հարավարևմտյան կողմից է։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Ամրոցի շինությունները եղել են թաղակապ, գերանակապ և փայտածածկ, որոնք մեծ մասամբ չեն պահպանվել։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Ամրոցը կառուցված է կոպտատաշ, անմշակ գորշ ավազաքարով, գետաքարով և կրաշաղախով։ Կառույցներում լայնորեն օգտագործվել են գերանակապ հարկաբաժաններ և փայտաշեն ծածկեր։

Տիպը
Պաշտպանական և բնակելի համալիր
Չափերը` տարածքի մակերեսը
Ամրոցը զբաղեցնում է շուրջ 3,5 հա տարածք։
Պահպանվածությունը`
Վթարային
Արժևորումը
Ջրաբերդը Արցախի միջնադարյան ամրոցաշինության լավագույն օրինակներից է։ Այն կարևորվում է երկրամասի պատմական անցյալի, միջնադարյան պաշտպանական համակարգի, ինչպես նաև քաղաքական և մշակութային կյանքի ուսումնասիրության համար։ Բերդը եղել է ոչ միայն Խաչենի իշխանության կարևոր ամրություններից մեկը, այլև Ջրաբերդի իշխանության նստավայրն է հանդիսացել։ Բերդի անունը տարածվել է նաև գավառի վրա։
----------------------------
1Կաղանկատվացի Մ․, Պատմություն Աղվանից աշխարհի, Երևան, 1969, էջ 121։
2Ալիշան Ղ․, Հայապատում, Վենետիկ, 1904, էջ 387։
3Ալիշան Ղ․, Արցախ, Երևան, 1993, էջ 38։
4Կաղանկատվացի Մ․, Պատմություն Աղվանից աշխարհի, Երևան, 1969, էջ 121։
5Լեո, Վերջին վերքեր, Թիֆլիս, 1891, էջ 12-16։
6Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895, էջ 240։
7Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ․ 10, Երևան, 1991, էջ 63։
8Ղուլյան Ա․, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, Երևան, 2001, էջ 83։

Չափագրություններ
Ջրաբերդ ամրոցի ապարանքի չափագրությունը
Հեղինակ՝ Արտակ Ղուլյան
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
 Կաղանկատվացի Մ․, 1969 - Կաղանկատվացի Մովսես, Պատմություն Աղվանից աշխարհի, Երևան, 1969:
 Ալիշան Ղ․, 1904 - Ալիշան Ղևոնդ, Հայապատում, Վենետիկ, 1904։
 Րաֆֆի, 1991 - Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ․ 10, Երևան, 1991։
 Լեո, 1891 - Լեո, Վերջին վերքեր, Թիֆլիս, 1891։




Ա.Հ., Ս․Դ․, Ա․ Լ-Ե․