Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Օծկա վանք
Հուշարձան
Տիպային անվանումը
Վանք Հատուկ անունը
Օծկա վանք Այլ անվանումներ
Օծկան, Օձկա Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հիմնադրվել է վաղ միջնադարում։ Ներկայիս համալիրը կառուցվել է 12-13-րդ դարերում։ Սկզբնական պատկանելությունը
Խաչենի իշխանություն Պահպանման միավորի անվանումը
Վանական համալիր Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, սեղանատուն, օժանդակ շինություններ, քառակող կոթողի պատվանդան, գերեզմանոց, խաչքարեր, տապանաքարեր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա։ Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 21 կմ արևմուտք։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պատարա գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1415 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Պատարա գետի Պիծի վտակի ակունքամերձ Վարար ջուր և Լենջի ջուր վտակների միջնամասում։ Նկարագրություն
Օծկա վանքը գտնվում է Պատարա (Պտրեցիք) գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք՝ Գեորգասար լեռնաշղթայի հարավային անտառապատ լանջի մեղմաթեք հարթության վրա։ Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, ավերված սեղանատնից, օժանդակ շինություններից, գերեզմանոցից և բազմաթիվ խաչքարերից։
Եկեղեցու արևմտյան ճակատին՝ մուտքի աջ կողմում, սրբատաշ կրաքարե պատի վրա փորագրված է եղել նվիրատվական բնույթի արձանագրություն, որի պահպանված բեկորներից մեկի վրա ընթերցվում է․ «․․․[առաջն]որդ Ս[ուր]բ ուխտիս հ․․․ | ․․․րկին զժամն ։ժ։ (10) աբ․․․ | աբ Արզու Խաթուն․․․| շ․․․աւ որք հաստ․․․»1։ Արձանագրության մեջ հիշատակվում է Վերին Խաչենի իշխան Վախթանգի կին Արզու Խաթունը, որը 1214 թվականին կառուցել է Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին։ Այս հանգամանքը ենթադրել է տալիս, որ վանքը կառուցվել է 12-րդ դարի վերջերին կամ 13-րդ դարի առաջին քառորդում։
Վանքի գլխավոր կառույցը՝ եկեղեցին, արտաքուստ ուղղանկյուն հատակագծով թաղակապ շինություն է։ Եկեղեցուն հյուսիսից կցված են ավելի ցածր առաստաղով և փոքրաչափ երկու ավանդատուն-մատուռներ։ Եկեղեցու խորանը կիսաշրջանաձև է, բեմը պահպանվել է մասամբ։ Խորանի երկու կողապատերին կան մեկական փոքրիկ պատրհաններ։ Մեկական փոքրաչափ պատրհաններ կան նաև զույգ ավանդատների հարավային պատերին։ Եկեղեցու միակ մուտքը արևմտյան կողմից է։ Ավանդատների մուտքերը եկեղեցու հյուսիսային պատից են։ Եկեղեցին լուսավորվում է արևելյան և արևմտյան կողմերից բացված երկու փոքր, դեպի ներս լայնացող լուսամուտներով։ Արևմտյան ավանդատան լուսամուտը հյուսիսային կողմից է, իսկ արևելյանը՝ արևելյան կողմից։
Ամբողջ վանական համալիրը կառուցված է անմշակ քարով և կրաշաղախով։ Վանական համալիրի շինությունների հարդարանքը զուսպ է։
Եկեղեցու խորանի հյուսիսային պատի անկյունում ագուցված է վաղ միջնադարյան քառակող կոթողի պատվանդան։ Վերջինիս տեսանելի երկու կողերին քանդակված են արմավազարդեր, խորանազարդ խաչապատկերներ և սյունակիր պայտաձև խորաններ։ Այս պատվանդանի առկայությունը 12-13-րդ դարերի կառույցի որմի մեջ փաստացի վկայում է, որ վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարյան հնավայրի տեղում (5-7-րդ դդ․)։
Վանական համալիրի արևմտյան և հյուսիսային կողմերում տարածվում է գերեզմանատունը, որտեղ պահպանվել են ինչպես կանգուն, այնպես էլ տապալված և հողածածկ խաչքարեր։ Բոլոր խաչքարերը՝ արձանագիր կամ անարձանագիր, իրենց հորինվածքային և պատկերագրական առանձնահատկություններով թվագրվում են 12-13-րդ դարերով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 5-13-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ նվիրատվական արձանագրության և արձանագիր խաչքարերի թվագրության
Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Խորանի հյուսիսային անկյունում ագուցված քառակող կոթողի պատվանդանի առկայությունը փաստում է, որ վանական համալիրը հիմնադրվել է վաղ միջնադարյան հնավայրի տեղում։ Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է վաղ միջնադարյան հնավայրի տեղում 12-13-րդ դարերում։ Հավանաբար լքվել և ավերվել է 14-րդ դարում՝ թյուրքական արշավանքների հետևանքով։ 2023 թվականի սեպտեմբերից Պատարա գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եկեղեցու շինությունը կազմված է մեկ միանավ սրահից և հյուսիսային կողմի երկու ավանդատներից։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Եկեղեցու մուտքը բացվում է արևմտյան կողմից, ավանդատների մուտքերը՝ հյուսիսային պատից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Երկու լուսամուտներից մեկը բացվում է արևելյան, մյուսը՝ արևմտյան կողմից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է կոպտատաշ, սրբատաշ քարերով և կրաշաղախով։
Տիպը
Վանք Չափերը` երկարությունը
9 մ Չափերը` լայնությունը
7,5 մ Չափերը` բարձրությունը
6,5 մ Պահպանվածությունը`
Վթարային Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Խաչենի իշխանության, ինչպես նաև Բադարա գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։ Օծկան վանքի խաչքարերը Արցախի միջնադարյան խաչքարարվեստի յուրատիպ օրինակներից են։ Ուշագրավ է նաև վաղ միջնադարյան քառակող կոթողի պատվանդանի առկայությունը։ ----------------------------
1Արձանագրության առաջին ընթերցումը՝ Սամվել Կարապետյանի։ Չափագրություններ
Կարապետյան Ս․, «Պտրեցիք գետահովտի պատմաճարտարապետական հուշարձանները ըստ նորահայտ արձանագրությունների», Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, 1984, № 8, էջ 75-86։
Օծկա վանքի հատակագիծը
Չափագրությունը՝ Սամվել Կարապետյանի
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն