Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Այգեստան, Հին Քոչբեկի Սուրբ Հարություն եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Հարություն եկեղեցի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1741 թվականին։ Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես գյուղատնտեսական պահեստ։ Անկախության շրջանում եկեղեցին չի գործել, սակայն այգեստանցիների համար ծառայել է որպես սրբատեղի մինչև 2020 թվականի հոկտեմբերը։

Սկզբնական պատկանելությունը
 Քոչբեկ (հետագայում՝ Այգեստան) գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Այգեստան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Այգեստան

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Այգեստան գյուղից մոտ 2,3 կմ հյուսիս՝ Հին Քոչբեկ գյուղատեղիում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 857 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի Պարզագետ սեզոնային վտակի ձախ կողմում՝ ձորահովտից 2,5 կմ հյուսիս։
Նկարագրություն
Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Այգեստան գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք՝ Հին Քոչբեկ գյուղատեղիի արևմտյան եզրին։ Քոչբեկի բնակչությունը 20-րդ դարի 60-ական թվականներին տեղափոխվել է 2,3 կմ հարավ-արևմուտք և բարենպաստ հարթավայրային հովտում հիմնել նոր բնակավայր՝ անվանելով դարձյալ Քոչբեկ։ Նորաստեղծ գյուղը անկախության տարիներին վերանվանվել է Այգեստան։
Ըստ եկեղեցու մուտքի բարավորի արձանագրության՝ կառուցվել է 1741 թվականին՝ ի հիշատակ Դիզակի Մելիք Եգանի կնոջ և որդիների․ «Յ(ի)շ(ատա)կ է Ս[ուր]բ Յարութ|ե[ա]ն եկեղեցիս Մէլիք | Եկանին կողագից Կոզալին, | որդի Արամբէկին, Իսայիբեկին:| Թվ(ին) ՌՃՂ (1741) շինվեցաւ: Oվ | կարթա՝ Ա[ստուա]ծ ողորմի ասի, Հայր»։

Եկեղեցու մուտքի շրջանակի վրա պահպանվել են մի շարք խաչաքանդակ հորինվածքներ և հիշատակագրական արձանագրություններ, որոնք գրված են անվարժ և վնասված են, ինչի արդյունքում դժվարընթեռնելի են դարձել։ Տարբեր ժամանակների այդ արձանագրությունները կարևոր վկայություններ են եկեղեցու ուխտատեղի լինելու մասին։ Մուտքի շրջանակի աջ կողին ընթեռնելի է ոմն Առուշանի փորագրած հիշատակագրությունը․ «Ես Առուշան | էս կիրեցի» որին հաջորդում են հետևյալ խիստ վնասված տասը տողերը․ «Այս է դա|․․․ ան սե․․․| Ք[րիստոս]ի՞ ելեաւ |․․․ ․․․ի մեռելօ|ց եվ ․․․| ծնեալ | զխ[աչ]ս …շէցեք | եկղեցիս | էս օխտ|․․․ի․․․ ժ[ամանա]կ[ի]ն»։

Եկեղեցին միանավ թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջան խորանով։ Կիսաշրջան խորանի երկու կողմերում կամարակապ փոքրիկ պատրհաններ են։ Բեմը չի պահպանվել։ Եկեղեցուն հուսիսային կողմից հարում է ուղղանկյուն հատակագծով, ոչ մեծ չափերի մատուռ-ավանդատունը, որը հարավային կողմից բացվող մուտքով կապված է եկեղեցու սրահին։ Ավանդատան դռանը հարևանությամբ, ձախից Մկրտության ավազանի կամարակապ խորշն է, որի ավազանը ավերված է։ Թաղածածկը հյուսիսից և հարավից հենված է երկու զույգ որմնախարիսխների և դրանցից բարձրացող կամարների վրա։ Միակ մուտքը հարավից է՝ բացված կենտրոնից դեպի արևմուտք։ Լուսավորվում է հարավային, արևելյան և արևմտյան ճակատներից բացվող մեկական արտաքուստ նեղ, ներքուստ լայնացող լուսամուտներով։ Պահպանվել է միայն արևմտյան լուսամուտը երիզող արտաքին սրբատաշ քարե շրջանակը։ Հիմնական շարվածքն իրականացված է տեղական ամշակ քարով։ Բոլոր բացվածքների շրջանակները, շքամուտքը, որմնասյուները և կամարները սրբատաշ կրաքարից են։ Տանիքը երկթեք է, ի սկզբանե եղել է ծածկված կղմինդրով, այժմ պահպանվել է միայն հողածածկ շերտը, որն իր հերթին պատված է բուսականությամբ։ Մասնակի փլված է ավանդատան թաղը։ Եկեղեցու ներքին պատերին տեղ տեղ պահպանվել են հին սվաղի հետքերը։ Եկեղեցին կառուցված է թեքադիր լանջին, ինչի հետևանքով կառույցի հյուսիսային պատն ամբողջությամբ և արևմտյան պատը մասնակի ձուլված են հողին։ 

Խորհրդային տարիներին շինությունը վեր է ածվել պահեստի, որի պատճառով էլ ամբողջությամբ քանդվել է բեմը։ Եկեղեցուց հարավ տարածվում է գերեզմանատունը։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 18-րդ դար (1741թ․)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ մուտքի բարավորի շինարարական արձանագրության

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 1741 թվականին։ Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես պահեստ։ Անկախության տարիներին եկեղեցին չի գործել, սակայն Այգեստանի բնակչության համար ծառայել է որպես սրբատեղի։ 2020թ․ հոկտեմբերից Այգեստան գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի վիճակի մասին տեղեկություններ չկան։

Պատմական համառոտ տեղեկանք
Եկեղեցին հիշատակվում է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եկեղեցին միանավ ուղղանկյուն թաղակապ սրահ է՝ արևելքից կիսաշրջանաձև խորանով։ Եկեղեցուն հյուսիսից կից կառուցված է մատուռ-ավանդատուն։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կոպտատաշ և սրբատաշ ավազաքար, կրաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Միակ մուտքը բացված է եկեղեցու հարավային կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները երեքն են, որոնցից մեկը բացվում է արևելյան, մեկը՝ հարավային, մեկը՝ արևմտյան ճակատներում։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Եկեղեցին թաղակապ է։

Տանիքը (նյութը, ձևը)
Ծածկասալերը չեն պահպանվել։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Քարաշեն թաղակապ սրահ է, պատերը կառուցված են կոպտատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ են ճարտարապետական կարևոր հանգույցները։

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
13,5 մ
Չափերը` լայնությունը
6,3 մ
Չափերը` բարձրությունը
4,5 մ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Այգեստան գյուղի, ինչպես նաև Դիզակի մելիքության պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ․ - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։


Գ․Բ․, Ս․Դ․, Ա․Լ․-Ե․