Լուսանկարը՝ Ժենյա Ենգիբարյանի
Նորագյուղ, Սուրբ Գևորգ եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Գևորգ
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1810 թ․։ Խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել է ակումբի (մշակույթի տուն)։ 1966 թ․ գյուղը տեղափոխվել է հարթավայրային տարածք, հուշարձանը լքվել է։ Անկախության տարիներին եկեղեցին չի վերանորոգվել, սակայն շարունակել է ծառայել որպես սրբատեղի մինչև 2023 թվականի սեպտեմբերը։

Սկզբնական պատկանելությունը
Նորագյուղ (Հին Նորագյուղ)

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչենի իշխանություն), մինչև 2023թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Նորագյուղ։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Նորագյուղ (Հին Նորագյուղ գյուղատեղի)

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 5,5 կմ հյուսիս-արևմուտք՝ հին Նորագյուղ գյուղատեղիում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Նորագյուղից 4,5 կմ հյուսիս՝ Հին Նորագյուղ գյուղատեղիի արևելյան եզրին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1000 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի սեզոնային վտակներից մեկի ակունքամերձ հատվածում։
Նկարագրություն
Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է Հին Նորագյուղ1 գյուղատեղիի հյուսիսարևելյան մասում։ Ըստ մուտքի բարավորի արձանագրության՝ կառուցվել է 1810 թվականին․ «Կառուցեալ է Ս[ուր]բ Գէ|որգայ եկէղէցին հաս(ա)ր|ագութե[ան]ն ի ժամանակի | Աղէքսանդր ք(ա)հ(անա) Զաք(ա)ր[եան]ց, 1810»։

Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է։ Կառուցված է կոպտատաշ և անմշակ քարերով, իսկ ճարտարապետական կարևոր հատվածները՝ մուտքի և լուսամուտների շրջանակները, անկյունաքարերը, որմնասյուներն ու կամարները, կերտված են սրբատաշ կրաքարից։ Թաղակապ ծածկը հենված է հյուսիսային և հարավային պատերի երեքական որմնակամարների, երկու զույգ որմնասյուների և նրանցից բարձրացող կամարների վրա։ Արևելքում սրահն ավարտվում է կիսաշրջանաձև խորանով և կից երկու ավանդատներով։ Խորանի կենտրոնում՝ լուսամուտի տակ և երկու կողմերին, ներկառուցված են փոքրիկ ուղղանկյուն որմնախորշեր։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ ավանդատան մոտ՝ կամարաձև վերնամասով խորշի մեջ, մկրտության ավազանն է։ Ավազանախորշի խորքում գեղեցիկ կամարակապ վերնամասով փոքր երկարաձիգ խորշ է փորված։ Ներքուստ խաչաձև ավազանը մեկ ամբողջական քարից է։

Եկեղեցու մուտքը արևմտյան ճակատից է։ Շքամուտքը կազմված է անկյունային երկու որմնասյան խոյակների վրա բարձրացող գեղազարդ կամարից, որն իր մեջ է ընդգրկում շինարարական արձանագրություն պարունակող բարավորը։ Մուտքի՝ կենտրոնից դեպի աջ շեղվածությունը բացատրվում է եկեղեցու տեղանքի թեքադիր լինելով։ Նախքան ձևախեղման ենթարկվելը եկեղեցին լուսավորվել է արևելյան, արևմտյան կողմերից բացված մեկական և հարավային ճակատի երկու փոքրիկ լուսամուտներով։

Խորհրդային տարիներին, երբ եկեղեցին վերածվել է ակումբի (մշակույթի տուն), այն հարմարեցվել է վերջինիս պահանջներին։ Ձևափոխվել է հոգևոր շինության ճարտարապետությունը, քանդվել է բեմը, լուսամուտների տեղում արվել են մեծ չափերի նոր բացվածքներ։
2006 թ․ հուշարձանների պահպանության և ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանի ջանքերով և «Վարանդա» ՍՊԸ-ի միջոցներով եկեղեցու տանիքը ծածկվել է կղմինդրով։

Եկեղեցու հարավարևմտյան կողմում գտնվում է հին գերեզմանոցը, որտեղ հիմնականում պահպանվել են 19-20-րդ դարերի տապանաքարեր։




1Տեղի բնակչության կողմից գյուղը կոչվել է նաև Նորակեղ, Նրակեղ, Նորագեղ։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ մուտքի բարավորի շինարարական արձանագրության

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 1810 թվականին, խորհրդային տարիներին օգտագործվել է այլ նպատակներով։ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Եկեղեցու մասին հիշատակում են ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ և Վահրամ Բալայանը՝ «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր» մենագրության մեջ։

Պատմական համառոտ տեղեկանք
Եկեղեցու մասին հիշատակում են ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ»2 աշխատության մեջ և Վահրամ Բալայանը՝ «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր» մենագրության մեջ3։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Պարզ թաղակապ սրահ է։ Կառուցված է սրբատաշ և անմշակ քարերով։ Եկեղեցու խորանը կիսաշրջանաձև է՝ կից երկու ուղղանկյուն ավանդատներով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, թերթաքար, ավազաքար, կրաշաղախ, սվաղ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Եկեղեցին ունի արևմտակողմ մեկ մուտք։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունեցել է չորս փոքրիկ լուսամուտ՝ բացված արևելյան, արևմտյան ու հարավային ճակատներից։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Կղմինդր
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Եկեղեցու ճարտարապետական կարևոր հատվածներում (անկյունաքարեր, որմնասյուներ, կամարներ և այլն) օգտագործվել է սրբատաշ կրաքար։ Մնացյալ հատվածները կառուցված են փոքրաչափ կոպտատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։

Հարդարանքը
Ընդհանուր առմամբ՝ եկեղեցին ունի զուսպ հարդարանք։ Գեղարվեստական մշակմամբ առանձնանում են միայն գեղազարդ շքամուտքը և մկրտության ավազանը։

Տիպը
Թաղակապ սրահ
Չափերը` երկարությունը
16,8 մ
Չափերը` լայնությունը
9,6 մ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, ինչպես նաև Նորագյուղի պատմամշակութային և հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար։
----------------------------
1Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895, էջ 164։
2Բալայան Վ․, Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, 2020, էջ 118։

Լուսանկարներ