Լուսանկարը` Գայանե Բուդաղյանի
Սպիտակ Խաչ վանք, խաչքար № 1
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանի հուշակոթող

Սկզբնական պատկանելությունը
Վանք գյուղի գերեզմանոց

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ, մինչև 2020թ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Վանք գյուղ։ Խաչքարի ճակատագիրն այսօր անհայտ է։
Հասցե
Վանք գյուղ, Սպիտակ խաչ վանքի գերեզմանոց
Տեղագրությունը
Հադրութ քաղաքից մոտ 500 մ հարավ։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վանք գյուղի հյուսիսարևելյան եզրին՝ վանական համալիրի գերեզմանոցում։
Աշխարհագրական կոորդինատները
39.513375, 47.022150
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 810 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքս գետից 25 կմ հյուսիս` Արքասի ավազանին պատկանող Վարանդա գետի` հարավից խառնվող սեզոնային վտակի աջակողմյան լանջին։
Նկարագրություն
Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Խաչքարի հորինվածքը երիզված է լայն հյուսվածազարդ շրջանակով, որի կենտրոնական խաչի թևերն ավարտվում են անվարժ հյուսված կլորավուն երեքնուկ տերևներով։ Հորինվածքը եզրագծող կամարի վերին աջ կողմից դեպի ցած կախված է արցախյան մի խումբ խաչքարերի համար ավանդական դարձած խաղողի ողկույզը։ Հավանաբար նույն պատկերն էր նաև կամարի ձախ կողմում, որն այժմ ավերված է։ Անչափ ուշագրավ է կենտրոնական խաչի հորիզոնական թևերից ցած` աջից, քանդակված լուսապսակ ռազմիկի պատկերը։ Վերջինս ներկայացված է դիմահայաց, հասակով մեկ կանգնած, ծնկից ցած իջնող և կոնքից ցած լայնացող երկար հագուստով։ Լուսապսակ նրա դիմապատկերը ցավոք լավ չէ պահպանված, բայց դեռևս ընթեռնելի են գլուխը ծածկող սաղավարտն իր երկու կախիկներով, ինչպես նաև դեմքի բեղ-մորուքը։ Ուշագրավ է նաև ռազմիկի կեցվածքը։ Վերջինս ներկայացված է աջ ձեռքում գավաթ բռնած, իսկ ձախը` կոնքին հենած։ Երկու ոտքերի շարժումն ուղղված է դեպի կենտրոնական խաչը։ Ստորին խաչաթևի մյուս կողմում, գրեթե նույն բարձրության խաչաքանդակ է, որի չորս թևերի ութ ծայրերը պսակված են կլոր պարզ ձևերով։ Կենտրոնական խաչի հիմքից սկիզբ է առնում նույնպես արցախյան մի խումբ խաչքարերին բնորոշ անկանոն երկճյուղ «արմատը»` տարածվելով աջ ու ձախ` ընդհուպ մինչև հյուսվածազարդ շրջանակը, և ծայրում կլորանալով։ Ուշագրավ է, որ դրանք չեն պսակվում ոչ արմավազարդ տերևներով, ոչ էլ այլ բուսական զարդերով, այլ կարծես իրենց վրա են կրում վերը նկարագրած լուսապսակ ռազմիկին ու խաչը։ Կոթողի ստորին հատվածում` խաչից ցած, քանդակված է ոչ շատ մեծ ու պարզ հորինվածքով վարդյակը։






  

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, Արցախ, Հադրութի շրջան, Վանք գյուղ, գերեզմանակոթող, միջնադար, 11-12-րդ դարեր։
Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
 Ըստ պատկերագրության

Պատմական համառոտ տեղեկանք
11-12-րդ դարերի խաչքար է, որի մասին առաջին անգամ հրատարակվել է «Վարձք» հանդեսի 18 համարում` էմմա Աբրահամյանի կողմից1։




Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ամենայն հավանականության մոխրագույն գրանիտ
Պատկերագրությունը, բովանդակությունը (լուսանկարներ)

Տիպը
Այս կոթողն իր պատկերագրական բոլոր տարրերով և հորինվածքային առանձնահատկություններով պատկանում է 11-12-րդ դարերի Պատարայի (11-12-րդ դդ.), Հանդաբերդի (1194թ.), Հարգոմերի (1196թ.), Լեվի (13-րդ դ.) և այլ արցախյան խաչքարերի խմբին։
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Արցախի պատկերաքանդակ խաչքարերի 11-12-րդ դարերի բացառիկ և ինքնատիպ օրինակներից է։
----------------------------
 1Տե՛ս Աբրահամյան Է., 2022, էջ 48։
Չափագրություններ
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Աբրահամյան Է., 2022 - Աբրահամյան Էմմա., «Սպիտակ խաչ վանք», «Վարձք», Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, № 18, 2022, էջ 39-51։



Ա. Լ․-Ե․