Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի
Լալազարի կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ
Հատուկ անունը
Լալազարի կամուրջ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1867 թվականին, օգտագործվել մինչև 2020 թվականի հոկտեմբերը։
Սկզբնական պատկանելությունը
Խնձորեսկ (Սյունիք)

Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Հաբանդ գավառ, մինչև 2020 թվականը՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Անդոկաբերդ։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Անդոկաբերդ գյուղ
Տեղագրությունը
Գտնվում է Բերձոր քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք՝ Անդոկաբերդ գյուղի մոտ։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Անդոկաբերդ գյուղից 1,5 կմ հարավ-արևմուտք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 644 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Որոտան գետի վրա:
Նկարագրություն
Լալազարի կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ Որոտան գետի ստորին հոսանքի վրա՝ Անդոկաբերդ գյուղի մոտ։ Այս հատվածում գետն ավելի շատ հայտնի է Բարգուշատ անվամբ։ Կամրջի շինարարությունն անհրաժեշտ էր դարձել Սյունիքի՝ 19-րդ դարի խոշորագույն Խնձորեսկ գյուղից և այլ բնակավայրերից արդյունաբերական Կապան, Մեղրի, Նախիջևան և ավելի հարավ ընկած Պարսկաստանի բնակավայրեր տեղաշարժվելու համար։
Հատկապես գարնան ամիսներին Որոտանի վարարումները անհնարին էին դարձնում Սյունիքի հարավային և հյուսիսային շրջանների միջև կապը։ Կամրջի կառուցման մտահղացումը և շինարարական ծախսերը հոգացել է խնձորեսկցի Հովակիմ Լալազարյանը, իսկ հետագա նորոգումը կատարել է որդին՝ Սիմոնը։
Վերանորոգությանը վերաբերող Սիմոն Լալազարյանի շինարարական արձանագրությունը, որն ագուցված է կամրջի ձախ խելին, խորհրդային տարիներին ադրբեջանցիների կողմից միտումնավոր ջնջվել է։ Շրջանաձև քարի մեջ ընդգրկված տասը տողանոց արձանագրությունից այսօր ընթեռնելի են միայն կառույցի հիմնադրման 1867 և վերանորոգության սկզբի 1900 տարեթվերը1։ Արձանագրության ավերման նպատակը միանշանակ հայկական պատկանելության հերքումն էր։

Կամրջի կառուցման և վերանորոգման մասին տեղեկություններ են պահպանվել ժամանակի մամուլում։ 1902թ․ «Մշակ» թերթում տպագրված հոդվածում մանրամասն պատմվում է կամրջի մասին․«Խնծորէսկ գիւաղացի Յովակիմ Լալազարեանցի՝ 1860-ական թուականներին Բարգիւշատ գետի վրա կառուցած քարէ կամուրջը քայքայված էր, անպէտքացած։ Այժմ նա վերանորոգված է եւ արդէն համարեա պատրաստ է։ Վերանորոգողը հանգուցեալի որդի Սիմէօնն է, նրա ծախսով ճիշտ տարի ու կէս է, ինչ աշխատանքներ էին կատարվում կամուրջի վերանորոգութեան վրա։ Ինքը՝ Սիմէոն Լալազարեանցը, անձամբ հսկում էր այդ գործի վրա»։

Կամուրջը կազմված է երկու անհավասար կամարակապ թռիչքներից, որոնց անցուղու առանցքը բեկված է գետի հոսքի ուղղությամբ, ինչն առավել դիմակայունություն է հաղորդել կառույցին գետի վարարումների ժամանակ։
Կամուրջը նախատեսված է եղել սայլակառքերի և հետիոտնի համար։ Կառուցված է սրբատաշ, կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Կամարները և եզրաքարերը սրբատաշ բազալտից են։ Անցուղու եզրերը պաշտպանված են գրեթե 1 մ լայնությամբ քարաշեն բազրիքներով։ Ջրահեռացման նպատակով բազրիքների պատերից դեպի գետն են դուրս գալիս բազալտից կերտված ակոսավոր ջրհորդաններ։ Կամրջի ընդհանուր երկարությունը 54 մ է, բարձրությունը՝ 9,1 մ։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
1902 թ․ «Մշակ» թերթի 161-րդ համարում տպագրված հոդվածի համաձայն
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կամուրջը կառուցվել է 1867 թվականին, վերանորոգվել 1900-1902 թթ․ և անխափան ծառայել է ավտոմոբիլային երթևեկության համար մինչև 2020 թվականի դեկտեմբերը։ Հետագայում Քաշաթաղի շրջանը անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո, ինչի պատճառով հուշարձանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ուսումնասիրել է Լալազարի կամուրջը, որը տեղ է գտել հեղինակի «Արցախի կամուրջները» գրքում։
Պատմական համառոտ տեղեկանք
Կամրջի մասին տեղեկություններ է հաղորդում «Մշակ» թերթի 1902 թվականի 161 համարի 2-րդ էջում տպագրված «Նամակ Զանգեզուր գավառից» հոդվածը։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Երկթռիչք, կամարակապ կամուրջ
Շինանյութը (տեսակը, գույնը)
Բազալտ, գետաքար, կրաքար, կրաշաղախ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցվել է կոպտատաշ և սրբատաշ բազալտով, գետաքարով, ամրացված է կրաշաղախով։

Տիպը
Կամարակապ, երկթռիչք
Չափերը` երկարությունը
54 մ
Չափերը` լայնությունը
4․31 մ
Չափերը` բարձրությունը
9․1 մ
Թռիչքի երկարությունը
Կամրջի զույգ թռիչքներն ունեն 13,84 և 12,66 մետր երկարություն
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կամուրջը կարևոր տնտեսական և ռազմավարական նշանակություն է ունեցել ոչ միայն Խնձորեսկի, այլև Սյունիքի և Արցախի բնակավայրերի միջև կապն ապահովելու համար։
----------------------------
  1Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 110։
  2«Մշակ» թերթ,1902, N° 161, էջ 2։ 
Չափագրություններ
Լալազարի կամուրջը
Չափագրությունը՝ Աշոտ Հակոբյանի (RAA archive)

Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան, 2009։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
1․ Կարապետյան Ս․, 2009 - Կարապետյան Սամվել, Արցախի կամուրջները, Երևան, 2009։
2․ «Մշակ» թերթ, 26 հուլիսի, Թիֆլիս,1902, N° 161, էջ 2։


Գ․Բ․