Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Մեծ Թաղեր, Հալևորի կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ
Հատուկ անունը
Հալևորի կամուրջ
Այլ անվանումներ
Հալիվոր, Հյուլուվեր
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1835 թվականին, անխափան գործել մինչև 2020 թ․ հոկտեմբերը։
Սկզբնական պատկանելությունը
Մեծ Թաղեր (Թաղլար) գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Վարանդայի և Դիզակի մաս է կազմել), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մեծ Թաղեր։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մեծ Թաղեր։ 
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մեծ Թաղեր գյուղից 2 կմ հարավ-արևմուտք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Ծովի մակերևույթից բարձր է 730 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Մեծ Թաղեր գյուղի հարավային եզրով հոսող Իշխանագետի վրա:
Նկարագրություն
Հալևորի1 կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2 կմ հարավ-արևմուտք՝ Իշխանագետի վրա։ Այն կապում է Մեծ Թաղերը Տումի և Մոխրենես գյուղերի հետ։ Կամրջի հոսքընթաց ճակատի աջակողմյան խելին ագուցված 42×30 չափերով միակտոր քարի վրա պահպանված (մասամբ հողմահարված) շինարարական արձանագրության համաձայն՝ այն կառուցվել է 1835 թ․ Գևորգի (Գեվորքի) որդի Հարությունի կողմից՝ իր ծնողների հիշատակին։ Արձանագրությունն ընթերցել և վերծանել է Սամվել Կարապետյանը․ «Յիշատակ է | կարմուջըս Յարու|թիւն որդի Գեվ|որքի, շինեցի իմ| ծնօղաց օվ անցն|ի | Ա(ստուա)ծ ողորմի ասի, | ՌՄՁԴ ( 1835)»2։
Ուշագրավ են արձանագրության մեջ ընդգրկված հավասարաթև փոքրիկ խաչերը, որոնք բառերն առանձնացնում են իրարից։

Միաթռիչք, սլաքաձև, կամարակապ կամուրջ է, որ նախատեսված էր սայլակառքերի և հետիոտների համար։ Կառուցված է գետաքարով, կրաքարով և կրաշաղախով։ Կամարների եզրաքարերը կիսամշակ են։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար (1835 թ․) 
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված է կառուցման արձանագրությունը:
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կամուրջը կառուցվել է 1835 թվականին: Նախատեսված է եղել հետիոտների և սայլակառքերի համար։ Որպես հետիոտնային անցուղի՝ այն անխափան ծառայել է մինչև 2020 թվականի հոկտեմբերը։ 2020 թվականի հոկտեմբերից Մեծ Թաղեր գյուղը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ադրբեջանի կառավարության նախաձեռնած մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում վնասվել է հուշարձանի բնապատմական միջավայրը, որի հետևանքով կամուրջը լիովին կորցրել է իր հիմնական նշանակությունը։
Պատմական համառոտ տեղեկանք
 Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ուսումնասիրել է Հալևորի կամուրջը, որը տեղ է գտել հեղինակի «Արցախի կամուրջները» գրքում2։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միաթռիչք թաղակապ կամուրջ է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, գետաքար, կրաշաղախ

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցվել է կոպտատաշ և սրբատաշ կրաքարով, ամրացված է կրաշաղախով։

Հարդարանքը
Կամրջի հարդարանքը զուսպ է։ Հատկանշական է հոսքընթաց աջակողմյան խելի ճակատին ագուցված սրբատաշ քարի վրա պահպանված շինարարական արձանագրությունը։
Տիպը
Կամարակապ միաթռիչք կամուրջ
Չափերը` լայնությունը
3 մ
Չափերը` բարձրությունը
8 մ
Թռիչքի երկարությունը
5,5 մ
Պահպանվածությունը`
Վթարային
Արժևորումը
Կամուրջը կարևոր տնտեսական նշանակություն է ունեցել Մեծ Թաղեր գյուղի և նրան հարակից բնակավայրերի համար։ Այն 19-րդ դարի հայկական ճարտարապետության կամրջաշինության լավագույն օրինակներից է։
----------------------------
1Ալևոր, ծերունի։ Արցախի բարբառով՝ հալիվոր, հյուլուվեր, հյուլուվուր, հըլէվուր, հըլիվուր, հըլիվըր։
2Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 104։

Չափագրություններ
Հալևորի կամուրջը
Չափագրությունը՝ Աշոտ Հակոբյանի (RAA archive)
Հատակագծեր
Լուսանկարներ