
Լուսանկարը՝ Նվեր Դադամյանի (2020թ.)
Ննգիջան, Սուրբ Գաբրիել և Միքայել հրեշտակապետաց եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Հրեշտակապետաց Այլ անվանումներ
Նինգիջան, Ժամ, Եղցի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Եկեղեցին կառուցվել է 1895 թվականին։ 20-րդ դարի սկզբին Ննգիջան գյուղն ամբողջապես լքվել է։ Խորհրդային տարիներին գյուղատեղին վերածվել է անասնապահական տնտեսության, եկեղեցին չի գործել։ Անկախության տարիներին եկեղեցին չի վերանորոգվել, սակայն բնակչության համար շարունակել է լինել սրբատեղի մինչև 2023 թվականի սեպտեմբերը։
Սկզբնական պատկանելությունը
Ննգիջան գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2023թ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Ննգի։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Ննգի, Ննգիջան գյուղատեղի։
Տեղագրությունը
Գտնվում է Մարտունի քաղաքից 13 կմ արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ննգի գյուղից 3,5 կմ հարավ-արևելք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 796 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խոնաշեն գետից 295 մ հյուսիս՝ գետի ձախափնյա տափարակ հրվանդանի վերջավորության թեքադիր հատվածում։ Նկարագրություն
Սուրբ Գաբրիել և Միքայել հրեշտակապետաց եկեղեցին գտնվում է Ննգիջան գյուղտեղիի հարավ-արևելյան եզրին՝ հրվանդանի վրա։ Բանահավաք, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը նշում է, որ Ննգի գյուղի բնակիչները, տեղափոխվելով այստեղ՝ Ենկիջան1, նոր եկեղեցի են կառուցում՝ Գալուստ Գաբրիելյանի միջոցներով։ Քահանան գալիս էր Ննգի գյուղից2։ Եկեղեցու մուտքի բարավորին փորագրված է շինարարական արձանագրությունը․ «Յիշատակ․ Անուանեալ Գաբրիյէլ եւ Միխայէլ | հրեշտակապետի | 1895 | Ս(ուր)բ եկեղեցիս կառուց(եալ) | ծախիւք ․․․ Գալուստ |Գաբրիյէլենց Իսրայէլեան|ց»։
Կառուցված է տափարակի անմիջապես եզրի թեքադիր լանջին՝ օգտագործելով տեղանքի թեքությունը, ինչի արդյունքում հյուսիսային պատը գրեթե ամբողջապես ձուլված է ժայռին։ Միակ մուտքը բացված է հարավային ճակատի արևմտյան կողմից։ Լուսավորվել է արևելյան և հարավային ճակատներից բացվող երկու ուղղանկյուն լուսամուտներով, որոնցից հարավայինը ունի մեծ չափեր։ Եկեղեցու թաղածածկի արևմտյան հատվածը փլված է։
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է։ Շինությունը հիմնականում կառուցվել է անմշակ քարերով։ Սրբատաշ քարերով են երիզված պատերի անկյունները, մուտքի և լուսամուտների շրջանակները, ինչպես նաև կամարները։ Թաղակապ ծածկը հենված է հյուսիսային և հարավային պատերի երկու զույգ որմնասյուների և նրանցից շարունակվող կամարների վրա։ Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է, որի հյուսիսային և հարավային պատերին կան երկու փոքրիկ ուղղանկյուն խորշեր։
Հյուսիսային պատին՝ խորանին կից, առանձնանում է մկրտության ավազանը՝ հետաքրքիր գեղարվեստական հարդարանքով: Ուշագրավ է արտաքուստ շրջանաձև, ներքուստ խաչաձև գուռը, որը կերտված է մեկ ամբողջական քարից և վերնամասը կիսով չափ դուրս է գալիս պատի հարթությունից։ Ավազանախորշը պսակված է անսովոր մշակմամբ գեղեցիկ կամարակապ շրջանակով։ Կամարի վերնամասին ընդհանուր հորինվածքին ուղղաձիգ ակոսով միացված է ուղղանկյուն քարե շրջանակ, որը, ամենայն հավանականությամբ, նախատեսված է եղել նվիրատվական արձանագրություն համար։
Ավազանի շրջանակի աջ հատվածում խաչաքանդակ է։ Բազմազան հորինվածքներով նման խաչաքանդակներ զարդարում են եկեղեցու խորանի որմնախորշերի վերնամասերը, ինչպես նաև որմնասյուները և խորանի անկյունները։ Ավազանախորշի մեջ՝ խորքում, փորված է փոքրիկ կիսակամար շրջանակով խորշ, որը հավանաբար նախատեսված է եղել սրբապատկեր կամ խաչաքանդակ ագուցելու համար։ Եկեղեցու հատակը լցված է հողով և փլված թաղածածկի քարերով, ինչի պատճառով չեն երևում բեմի բարձրությունը և այլ մանրամասներ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ մուտքի բարավորին փորագրված շինարարական արձանագրության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 1895 թվականին։ Լքվել է 20-րդ դարի սկզբին։ Խորհրդային տարիներին չի գործել։ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից հետո բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Պատմական համառոտ տեղեկանք
Բնակավայրի և եկեղեցու մասին հիշատակում է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ։ Հուշարձանին անդրադարձել են նաև Շահեն Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները» գրքում, Վահրամ Բալայանը՝ «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծերում»։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եկեղեցին կիսաշրջանաձև խորանով միանավ թաղակապ սրահ է։ Կառուցված է սրբատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։ Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ, սվաղ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Եկեղեցին ունի մեկ մուտք՝ հարավային ճակատից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Եկեղեցին լուսավորվում է արևելյան և հարավային ճակատներից բացված երկու լուսամուտներով։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Եկեղեցու ճարտարապետական կարևոր հատվածները (անկյուններ, որմնասյուներ, կամարներ և այլն) կառուցված են սրբատաշ քարերով։ Մնացյալ հատվածներում օգտագործված են փոքրաչափ կոպտատաշ, անմշակ ավազաքար, կրաքար և կրաշաղախ։
Հարդարանքը
Ընդհանուր առմամբ՝ եկեղեցու հարդարանքը զուսպ է, առանձնանում են խորանի պատերին, մկրտարանի կամարին ու սյուների վրա քանդակված փոքր չափերի խաչապատկերները։
Չափերը` երկարությունը
10 մ Չափերը` լայնությունը
4,5 մ Չափերը` բարձրությունը
5,7 մ Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, կիսավեր, ավերակ)
Վթարային
Արժևորումը
Կարևոր է Արցախի, ինչպես նաև Ննգի գյուղի ուշ միջնադարյան շրջանի պատմամշակութային միջավայրի ուսումնասիրության համար։ ----------------------------
1Մակար եպս․ Բարխուդարյանցը նշում է Ննգիջանի Ենկիճան անվանաձևը։2Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895, էջ 109։
Լուսանկարներ








...
.
Ա․Հ․