Շոշ, Ձախլիկ կամուրջ
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Կամուրջ
Հատուկ անունը
Ձախլիկ կամուրջ
Այլ անվանումներ
Ճրղացաձորի կամուրջ

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ձախլիկ կամուրջը կառուցվել է 17-18-րդ դարերում։ Oգտագործվել է մինչև 2020 թվականի նոյեմբերը, որից հետո այն իր նպատակին այլևս չի ծառայել, քանի որ կամուրջը հայտնվել է հայ-ադրբեջանական մարտական դիրքերի չեզոք գոտում։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Շուշի քաղաք

Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա), 1868-1918 թթ․՝ Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառ։ 1921-1991 թթ․՝ ԽՍՀՄ Ադրբեջանական ՍՍՀ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Շոշ

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Շոշ գյուղի կենտրոնից 1 կմ արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 902 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի վրա։
Նկարագրություն
Ասկերանի շրջանի Շոշ գյուղի արևմտյան եզրին՝ գյուղամիջից շուրջ 1 կմ արևմուտք՝ Կարկառ գետի վրա, պահպանվել է միաթռիչք, կամարակապ մի կամուրջ՝ կառուցված Վարանդայի մելիքության ժամանակաշրջանում։ Այն Շոշը, ինչպես նաև Կարկառ գետի աջակողմյա մյուս բնակավայրերը կապել է Շուշիին՝ հանդիսանալով ճանապարհային կարևոր հանգույցներից մեկը։ Կամուրջը նախատեսված է եղել ինչպես հետիոտնի, այնպես էլ սայլակառքային երթևեկության համար: Հայտնի է Ձախլիկ անվամբ։ Տեղացիների կողմից այն կոչվել է նաև Ճրղացաձորի կամուրջ՝ կապված կամրջից հյուսիս գտնվող ջրաղացի անվան հետ։

Ձախլիկ կամուրջն առանձնանում է իր գեղեցիկ կառուցվածքով և բարձր ու սլացիկ կամարակապ թռիչքով։ Կառուցված է տարբեր չափերի կիսամշակ, անմշակ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ ավազաքարով են իրականացված կամրջի երկու ճակատների կամարների, ինչպես նաև խելերի ստորին գետամերձ հատվածների շարվածքները։ Կառույցի խելերը հիմնված են գետափնյա ժայռերի վրա։

Թռիչքի երկարությունը 8,07 մ է, լայնությունը՝ 3,06 մ։ Անցուղին ձգվում է հյուսիս-հարավ ուղղությամբ (փոքր-ինչ շեղված)։ Այն ունի շուրջ 16 մ երկարություն, որը եղել է սալարկված միջին չափի քարերով։ Սալահատակը մասամբ պահպանվել է։
Անցուղին, որի եզրերին նկատելի են քարաշեն բազրիքի հետքերը, հարավում սկիզբ է առնում ավելի ցածր մակարդակից, քան ավարտվում է հյուսիսում։ Ուշագրավ է նաև, որ կամրջի հյուսիսային հատվածում մոտակա ջրաղացին ջուր մատակարարելու նպատակով կառուցվել է 1,2 մ լայնությամբ կամարակապ անցում, որը ջրանցքով ապահովել է ջրի անխափան հոսքը դեպի ջրաղաց։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Վարանդայի մելիքություն, 17-18-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2009 թվականին ՀՃՈՒ հիմնադրամի կողմից հրատարակված «Արցախի կամուրջները» գրքում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը անդրադարձել է նաև Ձախլիկ կամրջին, ներկայացրել չափագրությունը1։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաքար, կրաշաղախ

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է սրբատաշ, կոպտատաշ և անմշակ քարերով։ Պատերն ամրացված են կրաշաղախով։

Տիպը
Սայլակառքի և հետիոտնի կամուրջ
Չափերը` երկարությունը
Անցուղու երկարությունը՝ 16 մ
Չափերը` լայնությունը
3,06 մ
Չափերը` բարձրությունը
Բարձրությունը գետի մակարդակից` 5,75 մ
Թռիչքի երկարությունը
8,07 մ
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին

Արժևորումը
Հուշարձանը պատմական և տնտեսական կարևոր նշանակություն է ունեցել ոչ միայն Շոշ գյուղի, այլև Շուշիի գավառի մյուս բնակավայրերի համար։ Այն գավառի բնակավայրերը Շուշի քաղաքին կապող սայլակառքային կարևոր կամուրջներից մեկն էր։

----------------------------
1 Կարապետյան Ս․, 2009, էջ 86:

Չափագրություններ
Շոշ, Ձախլիկ կամուրջ
Չափագրությունը՝ Աշոտ Հակոբյանի (RAA archive)

Լուսանկարներ