Հին Թաղեր, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Ամենափրկիչ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում և գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ Եկեղեցին վերանորոգվել է 2012-2019 թթ․։

2020 թվականի դեկտեմբերին Հին Թաղեր գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։


Սկզբնական պատկանելությունը
Հին Թաղեր գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Բնակավայրի տարածքը հնում եղել է Մեծ Հայքի Սյունիք Աշխարհի Հաբանդ և Արցախ աշխարհի Սիսական ի Կոտակ գավառների սահմանային հատվածում։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Հին Թաղեր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 17,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է գյուղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1571 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Ճղացեն (ջրաղացի) ջուր կոչվող սեզոնային գետակի աջ ափին։
Նկարագրություն
Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղի կենտրոնում կանգուն վիճակում մեզ է հասել 19-րդ դարում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։
Այն ուղղանկյուն հատակագծով, միանավ, թաղակապ սրահ է, որի արևելյան կողմում կիսաշրջան խորանն է՝ երկու կողմերում ուղղանկյունաձև, ոչ մեծ չափերի ավանդատներով։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կա մեկական կամարակապ պատրհան։ Ավանդատների մուտքերի կողմից դեպի բարձրադիր բեմ և խորան են ելնում քարե երեք աստիճանները։ Բեմի վրա տեղադրված են չորս խաչքարեր, որոնցից երեքը տեղական սպիտակ կրաքարից կերտված 15-17-րդ դարերի կոթողներ են, իսկ չորրորդը բաց մոխրագույն տրավերտինից կերտված ժամանակակից խաչքար է՝ տեղադրված պատվանդանի վրա։ Եկեղեցու ներսում՝ պատերին, ինչպես նաև արևմտյան և հարավային լուսամուտների եզրերին, ագուցված են 16-17-րդ դարերի խաչքարեր և խաչքարերի բեկորներ։
Հյուսիսային պատին՝ կամարակապ խորշի մեջ, տեղադրված է մկրտության ավազանը։ Երկայնական թաղը հենված է պատերի որմնամույթերից սկիզբ առնող սլաքաձև կամարների վրա։

Կառույցը լուսավորվում է վեց լուսամուտներով, որոնցից արևելյան երեքը և արևմտյան մեկը դեպի ներս լայնացող փոքրաչափ լուսամուտներ են։ Ի տարբերություն վերջիններիս՝ հարավային ճակատից բացվող երկու լուսամուտները չափերով մեծ են և ուղղանկյունաձև։ Ակնհայտ է, որ դրանք ձևափոխվել և մեծացվել են խորհրդային տարիներին, երբ կառույցն օգտագործվել է տնտեսական նպատակներով։ Եկեղեցու միակ մուտքը բացվում է արևմտյան կողմից։

Թեև եկեղեցու այժմյան տեսքը, ինչպես նաև հորինվածքային առանձնահատկությունները բնորոշ են 19-րդ դարին, սակայն եկեղեցու պատերի մեջ ագուցված, ինչպես նաև շրջակայքում առկա 15-17-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր վկայում են ավելի վաղ սրբավայրի գոյության և հետագա վերակառուցումների մասին։

2012-2019 թթ․ եկեղեցին վերանորոգվել է։ Երկթեք տանիքին կառուցվել է ութսյունանի ռոտոնդա-զանգակատունը, իսկ եկեղեցու հյուսիսային բակում կառուցվել է եռահարկ զանգակատուն, որի պատերի մեջ նույնպես ագուցվել են տարածքից հայտնաբերված խաչքարերի բեկորներ։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Հուշարձանը վավերացվել և չափագրվել է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ, թաղակապ սրահ է՝ կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք արևմտյան կողմում։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի վեց լուսամուտ, որոնցից երեքը բացվում են արևելյան ճակատից, երկուսը՝ հարավային, մեկը՝ արևմտյան։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, թիթեղապատ
Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
16,2 մ
Չափերը` լայնությունը
8,5 մ
Չափերը` բարձրությունը
7 մ
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Հին Թաղեր գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․